«Հայկազ Բարսեղյանը հակված չի եղել ինքնասպանության». կուրսանտի սպանության գործով հարցաքննվեցին հոգեբան Էլդա Գրինը և Մարիամ Մեհրաբյանը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Դատարանն այսօր հարցաքննում է դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած և եզրակացություն տված փորձագետներ Էլդա Գրինին և Մարիամ Մեհրաբյանին: Փորձագետ Էլդա Գրինը նախ՝ ցավակցություն հայտնեց Հայկազ Բարսեղյանի հորը՝ նշելով, որ խորապես ցավում է տեղի ունեցածի համար:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված «Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիրա: Քաշքշուկի համար կներեք» գրության վերաբերյալ Էլդա Գրինն ասաց, որ միանշանակ կարող է ասել, որ դա տուժող Հայկազ Բարսեղյանը չի գրել: Մեղադրող Կարեն Հարությունյանն ասաց, որ փորձագետները նշել են, որ երկտողը գրված է հանգիստ վիճակում, այստեղ բառերը գրված են ողորկ, հարթ, անշտապ, ջանասիրաբար, ինչը չի խոսում հուսահատության, անելանելիության վիճակի և ներքին տագնապի մասին, սակայն նկատվում է նպատակասլացության անկում: Գրառման հոգեբանական վերլուծության արդյունքներից պարզ է դառնում, որ գրառումը կատարողը չի գտնվել ինքնասպանության հակված հոգեվիճակում: Մեղադրողը հետաքրքրվեց՝ «նպատակասլացության անկում» նշելով՝ նկատի ունեն երկտողի բովանդակությո՞ւնը, թե՞ այլ հանգամանքներ: Ի պատասխան՝ Էլդա Գրինն ասաց, որ մարդուն, ով կանգնած է ինքնասպանության շեմին, չի հետաքրքրում կյանքն ընդհանրապես. «Նա այնքան հուսահատված է լինում և այնպիսի հոգեվիճակ է ապրում, որ գերադասում է չլինել, չապրել, մահանալ: Դա բոլորովին այլ, շատ ծանր հոգեվիճակ է: Ելքը գտնում է միայն ինքնասպանության մեջ, իսկ այստեղ պարզապես տրամադրության անկում է, որը մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ»: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ասաց, որ ինքնասպանություն իրականացնող մարդն այդ պահին միայն մտածում է, թե որքան դժվար է ապրել, իր համար կյանքը որքան անտանելի և անելանելի է, թե ապագայում ինչ տեղի կունենա, նրան չի հետաքրքրում: Նա ուշադրություն հրավիրեց երկտողում «քաշքշուք» բառի առկայության վրա՝ նշելով, որ այն ապագային միտված երևույթ է: Փորձագետը նշեց, որ ունեն թե՛ Հայկազ Բարսեղյանի, թե՛ երկտողի հեղինակի հոգեբանաձեռագրաբանական բնութագիրը, սակայն անձնային բնութագրերի համընկնումներ չկան: Ըստ փորձագետի՝ Հայկազ Բարսեղյանի բնութագրիչների մեջ առկա են մտածողության զարգացման տրամաբանական ձևը, իսկ երկտողի հեղինակի մոտ՝ պարզ, պրիմիտիվ գաղափարներին հանգեցված ձևը, ինչը չի խոսում տրամաբանական մտածողության ձևի մասին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը նշեց, որ փորձաքննության ներկայացրել են նկարներ, և հարցրեց՝ արդյոք նման պայմաններում հնարավո՞ր է՝ տուժողը հակված լինի ինքնասպանության: Ի պատասխան՝ Էլդա Գրինը նշեց, որ տուժող Հայկազ Բարսեղյանը հակված չի եղել ինքնասպանության. «Նրա նկարները չեն խոսում հուսահատության այն աստիճանի մասին, որը բերեր ինքնասպանության: Պարզապես, հատկապես այդ տարիքում երբեմն մարդիկ նկարում են ինչ-որ տխուր դրվագներ, երբեմն՝ ավելի ուրախ: Դա դրվագներից մեկն է: Գուցե հոգեվիճակն այնպիսին էր, որ նա մի քիչ ավելի տխուր երանգով նկարներ է նկարել: Դա բոլորովին չի խոսում ինքնասպանության մասին: Բոլորովին»:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ասաց, որ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հետազոտելի ձեռագիր գրառումները, հավանաբար, կատարվել են Հայկազ Բարսեղյանի կողմից: Նա հետաքրքրվեց՝ արդյոք փորձագետները տեղյա՞կ են դրա մասին: Փորձագետներից Մարիամ Մեհրաբյանն ասաց, որ քրեական գործը եղել է իրենց մոտ, նա նշեց, որ եզրակացությունը հաշվի առնվել է, դրանում նշված է, որ կատեգորիկ հետևության հանգել չհաջողվեց՝ հետազոտելի ձեռագիր գրառումների գրաֆիկական նյութի սակավության պատճառով. «Այսինքն՝ ձեռագրաբանը համարել է, որ երկտողի քանակը քիչ է առկա մեծաքանակ տետրերի հետ համեմատելու համար, իսկ մեր կողմից ընդգրկված մեթոդը նյութի քանակի հետ կապ չունի, որովհետև «Graph express» միջոցը չի ճանաչում լեզվաընտանիք և միայն հենվում է սիմվոլիկայի վրա: Հնդեվրոպական լեզվաընտանիքի բոլոր լեզուներով արված գրառումները, անգամ մեկ կամ երկու բառի մակարդակում, հնարավոր է վերլուծության ենթարկել»: Փորձագետը ներկայացրեց, թե ինչ միջոցով է որոշվել ցուցմունքների արժանահավատ լինելու հանգամանքը, այդ թվում՝ վկաները փորձագետի ներկայությամբ նկարել են, թե ինչպես է իրադարձությունը տեղի ունեցել, ապա տեղի է ունեցել հոգեբանական զրույց:

Արմեն Նադիրյանն ասաց, որ վկաները, որոնք գտնվել են ննջարանում, հարցաքննվել են բազմաթիվ անգամներ, և նրանց ցուցմունքները հակասել են, առաջին օրվանից տվել են ոչ միայն՝ միմյանց, այլև՝ հենց իրենց նախորդ ցուցմունքներին հակասող ցուցմունքներ, որոնցում միանգամայն տարբեր կերպով են ներկայացրել իրադարձությունների ընթացքը, մի շարք էական հանգամանքներ: Մասնավորապես, ըստ փաստաբանի, վկաներից մեկը դեպքից ժամեր անց հայտնել է, որ ձեռագիր գրառումը կատարել է անձամբ Հայկազ Բարսեղյանը՝ Գնել Թևոսյանի թելադրանքով: Ընդամենը երկու օր անց, ըստ փաստաբանի, վկան ասել է, որ Վաչե Սահակյանն է առաջարկել Հայկազ Բարսեղյանի անունից նման գրություն գրել, և, ամենայն հավանականությամբ, այն գրել է Մովսես Ազարյանը: Հետագայում, ըստ փաստաբանի, վկան պնդել է, որ Հայկազ Բարսեղյանն իրականում ոչ մի գրություն չի գրել, իսկ իր սկզբնական ցուցմունքը պատճառաբանել է նրանով, որ ուղղակի շփոթված և վախեցած է եղել: Փորձագետները եզրահանգել են, որ վախի զգացողությունը չէր կարող ազդել ննջարանում գտնվող կուրսանտների կողմից դեպքերը ճիշտ ընկալելու, վերարտադրելու և արժանահավատ ցուցմունքներ տալու վրա: Փաստաբան Արմեն Նադիրյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հաշվի են առնվել հակասությունները, որ ցուցմունքներն են արժանահավատ համարվել: Փորձագետ Մարիամ Մեհրաբյանն ասաց, որ իրենք հենվել են իրենց մեթոդիկայի վրա, վկաներին առաջարկվել է նկարել, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օրը. «Անձն ինչ հիշում է, ենթագիտակցորեն չի կարող այնպես աղավաղել, ինչպես կարող է աղավաղել վերբալ խոսքի միջոցով»:

Արմեն Նադիրյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ քրեական գործով վկայի կամ տուժողի՝ ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները կարող են հաստատվել դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ: Նա հետաքրքրվեց՝ արդյոք հոգեբաններն իրավասո՞ւ էին հաստատել վկաների կողմից ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակ լինելու մասին, ինչին Էլդա Գրինը պատասխանեց, որ վախը հոգեբանական կատեգորիա է, յուրաքանչյուր մարդ կարող է վախ ապրել: Նա նշեց, որ վախը հույզ է, ոչ թե հոգեվիճակ:

Տեսանյութեր

Լրահոս