«Կրթության համակարգն ապաքաղաքականացնելու պրոցեսը կլինի մեր կարևորագույն խնդիրներից մեկը». Լևոն Մկրտչյան
Այսօր Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի անդրանիկ մամուլի ասուլիսը:
Կրթության համակարգն ապաքաղաքականացնելու իր հայտարարության մասին նախարարը լրագրողներից մեկի հնչեցրած հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ պրոցեսն այն պարագայում, երբ ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, ԵՊՄՀ-ինը՝ Գալուստ Սահակյանը, նա պատասխանեց.
«Ես ուզում եմ երկու բան տարանջատել՝ եթե գոյություն ունի Ազգային համալսարան, իսկ աշխարհի շատ երկրներում այդպես է, ապա այդ ուսումնական հաստատության խորհրդի նախագահը լինում է այդ երկրի առաջին դեմքը: Սա շեշտելու համար է այդ հաստատության համապետական նշանակությունն ու արժեքը: ԵՊՀ-ն մեր ազգային արժեքն է, մնացյալ պարագաներում ես բանաձևի լուծումը տեսնում եմ բարձրագույն կրթության օրենքի մեջ, և դա նաև մեր միջազգային գործընկերների լուրջ պահանջներից մեկն է՝ արմատապես բարեփոխել համալսարանական ինքնավարության և կառավարման համակարգը: Այստեղ կարելի է դնել որոշակի մեծ լծակներ, որով ձեր նշած հիմնախնդիրները կլուծվեն:
Մենք իրավունք չունենք գնանք այն ճանապարհով, որ հայտարարենք, թե ոչ մի կուսակցական գործիչ իրավունք չունի ընդգրկվել այդ աշխատանքներում, բայց եթե ուսանողական խորհուրդների եռակողմ ձևավորումը տեղափոխենք համալսարանական ինքնավարություն, ապա հարցը կարող ենք լուծել: Շատ եվրոպական երկրներ կան, որոնք ունեն համալսարանական ինքնավարության մասին հատուկ սահմանադրական հոդված: Եթե մենք կարողանանք օրենքով ամրագրումներ անել, շատ հարցեր ինքնաբերաբար կլուծվեն: Կրթության համակարգն ապաքաղաքականացնելու պրոցեսը կլինի մեր կարևորագույն խնդիրներից մեկը»:
Լրագրողներից մեկի հարցին էլ, թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում ուսխորհուրդների նախագահները երիտհանրապետականներ են, իսկ նորանշանակ նախարարի պարագայում կխոխարինվե՞ն նրանք երիտդաշնակցականներով, Լևոն Մկրտչյանը նախ հորդորեց լրագրողին կոռեկտության սահմաններում ձևակերպել իր հարցը՝ նշելով, որ երիտդաշնակցական հասկացություն, որպես այդպիսին, չկա. «Կան Դաշնակցության կամ տարբեր կազմակերպությունների երիտասարդական թևեր, որտեղ ընդգրկված են տարբեր երիտասարդներ, այդ թվում նաև՝ ձեր ընկերներից, ծանոթներից ու բարեկամներից շատերը, ուրեմն եկեք խոսենք հարգանքով, իսկ երկրորդ հերթին՝ ձեր հարցն ամբողջությամբ առնչվում է նախորդ հարցի՝ համալսարանական ինքնավարության հետ: Ի վերջո, այդ խորհուրդները ձևավորվում են համալսարանների կողմից, և դրանք ձևավորում են նույն ուսանողները: Եթե նրանք թույլ են տալիս, որ ձևավորվի մի խորհուրդ, որն իրենց կյանքի, կենցաղի ու խնդիրների հետ առանձնապես առնչություն չունի, ուրեմն այդ համալսարանականները չեն գիտակցում, թե իրենք որտե՞ղ են սովորում: Խնդիրը, իմ խորին համոզմամբ, կլուծվի բուհական օրենքի շրջագծում»:
Մանկավարժների կուսակցական պատկանելության և ընտրախախտումներին մասնակցած մանկավարժների խնդրի առնչությամբ նախարար Լևոն Մկրտչյանը նկատեց. «Հանձնաժողովներում նմանատիպ մանկավարժների ընդգրկման խնդիրը կարող է պրոբլեմային լինել, զուտ տեխնիկական իմաստով, բայց նրանց դպրոցներից հեռացնելու իրավունք մենք չունենք: Այլ բան է, եթե նրանք օրենքի խախտումներ թույլ տան, ապա այդ պարագայում լինեն նկատողություններ, այնպես, ինչպես օրենքն է սահմանում, իսկ եթե դրանք կրկնվեն, ապա հարցն այլ կերպ կլուծվի»:
Կրթության ոլորտում իրականացվող հակակոռուպցիոն պայքարի խնդիրներին անդրադառնալով՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրեց իր հայեցակարգը. «Նախարարությունում արդեն կա հակակոռուպցիոն ծրագիր, և ստեղծված է հատուկ հանձնաժողով, որի առաջին նիստը կգումարվի առաջիկա օրերին: Պետք է կարողանանք այս ռազմավարությունը սեփականություն դարձնենք մեր բոլոր վարչությունների համար: Կարևոր ձեռքբերում կլինի՝ հասկանալ՝ որտեղի՞ց են գալիս կոռուպցիոն ռիսկերի պատճառները, և այդ պատճառների հարթեցման ուղությամբ քայլեր ձեռնարկենք: Այս առումով հակակոռուպցիոն աուդիտների անցկացման գաղափարն ինձ դուր է եկել, միգուցե մենք ևս քննարկենք այս տարբերակը»: