«Որոշակի դեպքերում քվեարկությանը չմասնակցելը խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին՝ բացահայտելով նրա քաղաքական ընտրությունը». Դավիթ Հարությունյան

Որոշակի դեպքերում քվեարկությանը չմասնակցելը խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին՝ բացահայտելով նրա քաղաքական ընտրությունը: Այս մասին այսօր ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչպես հայտնի է՝ ներկայացված նախագծով նույնպես չի թույլատրում հրապարակել քվեարկության մասնակիցների ցուցակները:

Լրագրողների դիտարկմանը, որ մինչև 2003թ., այդ ցուցակները հրապարակվել են, և հարցին՝ արդյոք այդ ընթացքում խնդիրներ առաջացե՞լ են, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մինչև 2003թ. ցուցակները չէին հրապարակվում, և ցուցակների մատչելիություն հոդվածը միշտ մեկնաբանվել է՝ որպես չստորագված ցուցակների հրապարակում: Սակայն մի դրույթ կար, որը միշտ վեճի տեղ էր տալիս, որովհետև որևէ մեկը չէր տրամադրում ստորագրված ցուցակները: Այնուամենայնիվ գրված էր, որ դիտորդները, վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, ստանալ դրանց պատճենները, և երբեք հանձնաժողովները չէին տրամադրում դրանք: Այս վիճելի հարցի հանգուցալուծումը տրվեց արդեն 2003թ. հետո, երբ վեճն իսկապես ծագել էր՝ հանձնաժողովները չէին տրամադրում՝ ասելով՝ օրենքը դա ի նկատի չունի, դիտորդները և վստահված անձինք սկսեցին պահանջել դա, և արդյունքում օրենսդիրը փոփոխություն կատարեց՝ հստակություն մտցնելով այդ հարցում: Փոփոխության հիմքում Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի համապատասխան փաստաթուղթն էր: Ինչի՞ մասին է խոսքը: Շատ հաճախ սկսում են սխալ մեկնաբանել այդ պահանջը: Պահանջը վերաբերում է այդ փաստաթղթերը պաշտոնապես հրապարակելուն: Սակայն ընտրական գործընթացի վերահսկողության իրականացում իրականացնող անձինք իրեհնց իրավունքների պատշաճ իրականացման համար պետք է հնարավորություն ունենան այդ փաստաթղթերին ծանոթանալու: Դրանով էր պայմանավորված այն դրույթը, որ վերահաշվարկի ժամանակ ցանկացած անձ, ով ներկայացրել է վերահաշվարկի պահանջ, իրավունք ունի ծանոթանալու այդ փաստաթղթերին: Սակայն համարելով, որ միգուցե այդ մեխանիզմը բավարար չէ, մենք հիմա գնացել ենք երկրորդ քայլին: Եվ պնդում ենք, որ այդ մարդիկ իրավունք ունեն դիմում ներկայացնել և ծանոթանալ այդ ցուցակներին, անգամ եթե չեն ցանկանում վերահաշվարկի պահանջ ներկայացնել, իրենց մտահոգությունը վերաբերում է ոչ թե հաշվարկին, այլ ցուցակներին: Նորից եմ ուզում կրկնել՝ ծանոթանալ նշանակում է՝ ազատորեն քաղվածքներ անել, սակայն դա չի ենթադրում լուսանկարելը, որովհետև այդ դեպքում դա դառնում է պաշտոնական փաստաթուղթ: Սա կարող է ընդամենը հիմք լինել, որպեսզի ապացույցներ ձևավորվեն՝ վիճարկելու քվեարկության արդյունքները՝ այս կամ այն տեղամասում կամ երկրով մեկ՝ պատշաճ ատյաններում»: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է այս հարցում գնալ զիջումների, թե՞ միանշանակ է դիրքորոշումը, որ ստորագրված ցուցակների հրապարակումը պետք է արգելված լինի, նա պատասխանեց. «Պաշտոնապես հրապարակման հետ կապված մենք չենք պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքները, չենք պատրաստվում խախտել Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը ՍԴ-ն իր որոշումներում առնվազն երկու անգամ արտահայտել է: Այնուամենայնիվ, եթե բուն նպատակը ընտրական գործընթացների վեևահսկողությունն է, այդ առումով մենք պատրաստ ենք մեխանիզմներ որոնելու»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունների, նրանց մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում սա համարվում է գաղտնիության տարր. «Թույլ տվեք բառացիորեն կրկնել Սահմանադրական դատարանի ձևակերպումը՝ Սահմանադրական դատարանը պաշտպանում է այդ մոտեցումը: Այսինքն՝ Սահմանադրական դատարանը պաշտպանում է, որ ստորագրված ցուցակները պաշտոնապես հրապարակելը խախտում է անձանց գաղտնիությունը»: Դավիթ Հարությունյանն ասաց, որ պետք է ներկայացնել արհեստական պահանջներ՝ պահանջ՝ հանուն պահանջի: «Պետք է նայել՝ ի՞նչ նպատակով է այս պահանջը ներկայացվում, և արդյոք տրվա՞ծ են պատշաճ գործիքներ՝ այդ նպատակին հասնելու համար: Խորապես համոզված եմ, որ ցանկացած անձ՝ լինի վստահված անձ կամ դիտորդ, այսօր ունի բոլոր հնարավորությունները՝ այդ ցուցակի մասին պատկերացում կազմելու, այն ճշգրտորեն արձանագրելու և դրա հիման վրա իր բողոքը ներկայացնելու համար: Եթե հնարավոր է այդ մեխանիզմներն ավելի կատարելագործել, ապա պատրաստ ենք շարժվել այդ ուղղությամբ, սակայն ոչ պաշտոնապես հրապարակելով: Շեշտը դնում եմ «պաշտոնապես» բառի վրա»: Հարցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե որոշում կայացվի ցուցակները հրապարակելու մասին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանության համաձայն՝ որոշակի դեպքերում քվեարկությանը չմասնակցելը խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին՝ բացահայտելով նրա քաղաքական ընտրությունը:

Լրագրողների դիտարկմանը, որ թույլ է տրվում տեսանկարահանել ընտրական ողջ գործընթացը, և այդ դեպքում ակնհայտ է դառնում, թե ով է մասնակցել քվեարկությանը, իսկ ով՝ ոչ, Դավիթ Հարությունյանն արձագանքեց, թե դա պաշտոնական տվյալ չէ: «Սահմանը շատ նուրբ է: Որպես սկզբունք՝ ընդունված է հետևյալը՝ ծանոթանալ, իհարկե, կարող եք, դուք կարող եք նաև հիշել, գյուղում կարող եք իմանալ, թե ով քվեարկեց, ով չքվեարկեց: Այնուամենայնիվ, խոսքը վերաբերում է այդ տվյալները պաշտոնապես հրապարակելուն: Դրանք կտրամադրվեն ծանոթացման համար»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով որոշ քաղաքական գործիչների այն դիտարկմանը, թե դրվել են որոշակի կոպիտ սահմանափակումներ, որոնք քննարկումների արդյունքում կհանվեն, սակայն սկզբունքային հարցերում իշխանությունը զիջումների չի գնա, շատ վատ նախագծից վատ նախագծի կմնա, Դավիթ Հարությունյանն ասաց, թե չի ուզում կոպիտ գնահատականներ հնչեցնել դրա հետ կապված, սակայն վերահաստատեց իր դիրքորոշումը, որ ցանկացած հարց ենթակա է քննարկման, բայց դա չի նշանակում, որ ցանկացած պահանջ ենթակա է բավարարման:

 

Տեսանյութեր

Լրահոս