Ազգային ժողովում 6580 քվեարկություն է եղել, որոնց ՀՀԿ-ն ամբողջությամբ կողմ է քվեարկել

«Կատարված աշխատանքը բավականին մեծ է և օգտակար՝ պատգամավորներիս համար: Սա հայելի է, որով կարող ենք մեր աշխատանքները տեսնել, և յուրաքանչյուր խմբակցություն ու պատգամավոր՝ հայելու մեջ տեսնել ինքն իրեն»,- այսպես արտահայտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ: Իսկ քիչ հետո նրա խոսքից պարզ դարձավ, որ համաձայն չէ զեկույցում ներկայացված մի քանի կետերի վերաբերյալ հնչած կարծիքների հետ: Մասնավորապես՝ արտահերթ նիստերում ընդունված օրենքների քանակի վերաբերյալ իր կարծիքն այլ էր.

«Իհարկե, ցանկացած արտահերթ նիստի ժամանակ քննարկվող օրենքի քննարկման որակը շատ ավելի ցածր է, բայց նայեք հետևյալը՝ դուք մոնիտորինգ եք արել ու նշել ամենաակտիվ, ամենաշատ հարց տվող, ելույթ ունեցող պատգամավորներին, պատկերացրեք, եթե այդ պատգամավորների թիվը մեծանա ու հասնի 50%-ի և ավելիի, ապա մեկ օրենքի ընդունումը կարող է ամբողջությամբ քառօրյան զբաղեցնել: Օրենքները, որոնք հրատապ են, միջազգային համաձայնագրերը, որոնք կարճ ժամկետներ են պահանջում, պետք է քննարկել, ընդունել, ձգձգվում ու կուտակվում են: Եթե կուտակվում են, ապա ստիպված կառավարությունը գնում է այս քայլին»:

Ըստ զեկույցի՝ 6580 քվեարկություն է եղել, որոնց ՀՀԿ-ն ամբողջությամբ կողմ է քվեարկել՝ բացառությամբ այն դեպքի, երբ երկու ձեռնպահ քվեարկողներ են եղել: Սամվել Նիկոյանը դրա պատասխանն էլ ունի՝ բոլոր երկրներում էլ օրենսդրական նախաձեռնությունների գերակշիռ մասը պատկանում է կառավարությանը, սակայն շտկեց խոսքը՝ ասելով, որ կա տոկոսային չափ, կան խնդիրներ.

«Որ այստեղ կա մտահոգություն, ես դա կիսում եմ, բայց ասել, թե ինչո՞ւ ավելի չէ խորհրդարանի կողմից օրենսդրական նախաձեռնությունների քանակը կառավարությունից, ճիշտ չէ: Այդպես չի կարող լինել: Այստեղ մի խնդրի անդրադարձան ու պառլամենտին փորձեցին գնահատական տալ՝ հիմք ընդունելով քաղաքական մեծամասնության քվեարկությունները, և ասվեց, որ սա պառլամենտ չէ, երբ քաղաքական մեծամասնությունը միայն կողմ է քվեարկել:

Պառլամենտ չի կարող լինել, եթե քաղաքական մեծամասնությունը չի հանդիսանալու կառավարության քաղաքական հենարանը: Եթե որևէ երկրում հանկարծ մի պահ, մի օր քաղաքական մեծամասնությունը դադարի լինել կառավարության քաղաքական հենարանը, ապա այդ երկրում տեղի են ունենալու ներքաղաքական ցնցումներ: Մեր երկրում դրա ականատեսը եղել ենք, ուզում եք դա՞ լինի: Մենք չենք ուզում: Քաղաքական մեծամասնության դերը կառավարության քաղաքական հենարանի խնդիրն է: Ի տարբերություն ոմանց՝ քաղաքական մեծամասնության պատգամավորները յուրաքանչյուր նախագծի քննարկման սկզբից հնարավորություն ունեն մասնակցել քննարկումներին, և նրանք իրենց տեսակետներն արտահայտում են այդ նախաձեռնության նախնական փուլերում: Լիագումար նիստն արդեն ընդդիմության և կառավարության երկխոսության դաշտ է: Լիագումար նիստում անհասկանալի կլինի, եթե քաղաքական մեծամասնության պատգամավորները հանկարծ իրենց ձևավորած կառավարությանը սկսեն քննադատել կամ մերժել, և այլն: Այդպիսի պառլամենտ չի կարող լինել, այդպիսի պետություն էլ չի կարող լինել»:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսպես արձագանքեց պատգամավորի դիտարկումներին. «Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն այսքան միակարծիք իր դիրքորոշումը երբեք չի արտահայտել, քան ութերորդ նստաշրջանում»:

 

Տեսանյութեր

Լրահոս