«Ժամերի ընթացքում ՀՀ-ն թըփ-շըփ ընդունել է 90 օրենք, որից 14-ը՝ վարկային համաձայնագրեր». Արամ Մանուկյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ նշեց, որ այս զեկույցը երկար ուսումնասիրել ու համեմատել է նախկին բոլոր զեկույցների հետ, և ըստ նրա՝ դինամիկան շատ լավ երևում է.

«Ասվեց, որ օրենքների կեսն ընդունվել է արտահերթով, 2012թ. դրանց 1/3-րդն է ընդունվել արտահերթով, 1/3րդ-ից սկսվել է: Սա թաքուն օրենքների ընդունման մեխանիզմ է. թըփ-շըփ, 10 րոպե, ոչ մեկը չի հասցնում կարդալ, ուսումնասիրել, հարց տալ: Առավել ևս՝ վերջին նստաշրջանում, երբ ՀԱԿ-ը բոյկոտեց, դուրս եկավ, 60 հատ օրենք է անցել: 112 օրենքներից 90-ը թըփ-շըփի մեխանիզմով է անցել»:

Նա ընդգծեց՝ օրենքի նախագծի քննարկման միջին ժամանակահատվածը 1.5 ամիս է տևում՝ մինչև քվեարկության փուլ հասնելը, իսկ այս դեպքում, ըստ նրա՝ երևի ժամերի է հասել. «Ժամերի ընթացքում ՀՀ-ն ընդունել է 90 օրենք: 90-ից 14-ը՝ վարկային համաձայնագրեր, որ ոչ ոք չհասցնի խոսել, և կես միլիարդ դոլար վարկ: ԲՀԿ խմբակցությունն է ռեկորդակիր լուռ համաձայնությամբ՝ 70 %: ԲՀԿ-ի 70%-ն անցած նստաշրջանում ելույթ չի ունեցել: ՀՀԿ-ի 73 %-ն ընդհանրապես ելույթ չի ունեցել, և ռեկորդը նայեք՝ 6580 քվեարկություն ՀՀԿ-ն կողմ է քվեարկել: Իսկ մի երկու ձեռնպահ քվեարկողներն ուղղակի շփոթվել ու այդ կոճակն են սեղմել: Սա պառլամենտ չէ»:

Ա. Մանուկյանը նկատեց՝ եթե 2012-13թթ. ընդունված օրենքների մեջ որոշակի տոկոս կազմում էին սոցիալական, կրթական հարցերը, այլ հարցեր, հիմա 15 անգամ ֆինանսատնտեսական բնույթի օրենքները գերազանցում են այդ բնագավառների օրենքներին. «Ֆինանսատնտեսական օրենքների առումով մեր խորհրդարանը դարձել է կցորդ կառավարությանը, և կառավարությունը ոչ միայն օրենքների բովանդակությունն է վերցրել, այլև դրանց ընդունման նախաձեռնությունը, որովհետև, եթե առաջ ընդունվում էր մոտ 100 օրենք, որից 15-20-ը խորհրդարանինն էր, ապա այդ թիվն ամբողջությամբ փոխվել է միայն կառավարության օգտին և կազմում է շուրջ 80-ից ավելի տոկոս»:

Կարդացեք նաև

Իր խոսքի վերջում նա նշեց, որ ամբողջ վերլուծությունը հետևյալն է ցույց տալիս. «Կառավարությունն ամբողջությամբ վերցրել է օրենսդրական նախաձեռնությունը, հրավիրելու իրավունքն ու օրենքների բովանդակությունը, որևէ բան խորհրդարանն իրեն չի պահել՝ այն դեպքում, երբ երկու ամիս առաջ մեզ համոզում էին, որ մենք գնում ենք պառլամենտարիզմի»:

Տեսանյութեր

Լրահոս