Մեկ ամսվա ուրախություն

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվարին` նախորդ տարվա հունվարի նկատմամբ, աճել է 5.5%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների զեկույցից։

Փաստորեն, տարին վատ չենք սկսում։ Հետաքրքրվողների համար նշենք, որ 2015 թվականի հունվարին (2014-ի հունվարի համեմատ) ՏԱՑ-ն աճել էր 1.3%-ով, իսկ 2014-ի հունվարին նույն ցուցանիշը 1.8% էր։

Իհարկե, եթե ավելի ետ գնանք, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այնքան էլ տպավորիչ չի թվա։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, 2013-ի հունվարին այդ ցուցանիշն աճել էր 9.1%-ով։
Մեծ հաշվով, հունվարյան ցուցանիշները խաբուսիկ են, և դրանց վրա եզրակացություններ անել չի կարելի։ Այսինքն` եթե 2016-ի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը մի քանի անգամ գերազանցում է 2015-ի հունվարի ցուցանիշը, ապա դա ամենևին չի նշանակում, որ ընթացիկ տարին ավելի հաջող է դասավորվելու, քան 2015-ը։

Այդ մասին վկայում է նույն անցած տարիների վիճակագրությունը։ Շատ հեռու չգնանք, 2012 թվականի հունվարին ունեինք 4.4% ՏԱՑ-ի աճ, իսկ տարին փակեցինք ՀՆԱ-ի 7.2% աճով։ Հաջորդ տարվա` 2013-ի հունվարին, ՏԱՑ-ն աճել էր 9.1%-ով, սակայն ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպը դանդաղեց մինչև 3.3%։ Այս ամենով հանդերձ` դրանք որոշ չափով ցույց են տալիս տնտեսական գործընթացների դինամիկան։
Օրինակ` հունվարյան ցուցանիշներից երևում է, որ ներքին առևտրաշրջանառությունը շարունակում է անկում ապրել։ Այս տարվա հունվարի ներքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 117.9 մլրդ դրամ, ինչը 2.7%-ով ցածր է 2014 թվականի հունվարի ցուցանիշից։

Ընդ որում, բազային ցուցանիշը` 2015-ի հունվարը, նույնպես փոքր էր։ 2015-ի հունվարին ներքին առևտրաշրջանառության ծավալը 2014-ի հունվարի համեմատ նվազել էր 7.4%-ով։ Սա նշանակում է, որ այստեղ լուրջ մտահոգվելու հիմքեր կան։

Ընդ որում, բացասական դինամիկան պահպանվում է նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում, մասնավորապես, ներմուծման մասով։ Այսպես, 2016 թվականի հունվարին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 242.4 մլն դոլար։ Դա 13.8%-ով ցածր է 2015 թվականի հունվարի ցուցանիշից։ Այդ թվում, ներմուծման ծավալը կրճատվել է 22.2%-ով և կազմել 153.2 մլն դոլար։ Արտահանման դեպքում` հակառակը` ունենք 5.6% աճ (ծավալը` 89.2 մլն դոլար)։
Անդրադառնանք նաև առանձին ոլորտներին։

TAC-GDP

Աճի ցուցանիշով առաջատարն արդյունաբերությունն է։ Այս տարվա հունվարին (2015-ի հունվարի համեմատ) այս ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 15.7%-ով և կազմել 94.4 մլրդ դրամ։

Շինարարության և ծառայությունների ոլորտները հավասար չափով` 5.1%-անոց աճ են գրանցել։ Սակայն ոլորտի արտադրանքի ծավալները խիստ տարբերվում են։ Շինարարության ծավալը 2016-ի հունվարին կազմել է ընդամենը 8.2 մլրդ դրամ, մինչդեռ ծառայությունների ոլորտը տվել է 89.2 մլրդ դրամի արտադրանք։
2015 թվականի չեմպիոնը` գյուղատնտեսությունը, որը նախորդ տարի երկնիշ աճ էր գրանցել, հունվարին ավելի համեստ ցուցանիշներ ունի։ Գյուղոլորտի արտադրանքը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է ընդամենը 1.5%-ով և կազմել 16 մլրդ դրամ։

Ինչպես և ՏԱՑ-ի դեպքում, առանձին ոլորտների հունվարյան ցուցանիշների հիման վրա չի կարելի եզրակացություններ և կանխատեսումներ անել։ Մի խոսքով, հունվարյան ցուցանիշները պետք է ուղղակի ընդունել ի գիտություն և անցնել առաջ։
Վերջում անդրադառնանք նաև աշխատավարձերի և գների վիճակագրությանը։

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2016-ի հունվարին կազմել է 179.3 հազար դրամ։ 2015-ի հունվարի համեմատ այն աճել է 3.5%-ով, սակայն դեկտեմբերի համեմատ` նվազել շուրջ 20%-ով։

Պետական հատվածի միջին ամսական աշխատավարձը տարեկան կտրվածքով ավելի շատ է աճել, քան մասնավորում։ Այսպես, պետական հատվածում միջին աշխատավարձը 2016-ի հունվարին կազմել է 162 340 դրամ` նախորդ տարվա հունվարի համեմատ` 4.7%-ով ավելի շատ։ Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 1.8%-ով, սակայն իր մակարդակով զգալիորեն գերազանցում է պետական հատվածին (ամսական 202 863 դրամ)։

Աշխատավարձերի աճը, ճիշտ է, տպավորիչ չէ։ Սակայն մյուս կողմից` պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ սպառողական գներն անկում են ապրել։ Այսպես` 12-ամսյա կտրվածքով (2016թ. հունվարը` 2015-ի հունվարի համեմատ) սպառողական ապրանքների գները նվազել են 0.4%-ով։

Այնպես որ, ըստ այս ցուցանիշների, Հայաստանում վարձու աշխատողների գնողունակությունը հունվարին բարձրացել է։

Տեսանյութեր

Լրահոս