Բաժիններ՝

Կա իրանական գազը Վրաստան հասցնելու երկու տարբերակ՝ կա´մ Ադրբեջանով, կա´մ Հայաստանով. Կախա Կալաձե

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե Իրանի հետ բանակցություններում, որը վերաբերել է Իրանի ու Վրաստանի միջև համագործակցությանը, քննարկվել են Վրաստան իրանական նավթի մատակարարման ու նավթաքիմիական արտադրանքի արտադրության նախագծերի համատեղ ներդրումների հարցեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Բիժան Զանգենեն նշել է, որ նման նախագծերով Վրաստանում արտադրված արտադրանքը պետք է արտահանվի Եվրամիության երկրներ ու այդ մասին պետք է պարտադիր կերպով տեղեկացվի իրանական մասնավոր ոլորտը, որպեսզի մասնակցի համապատասխան ներդրումային նախագծերին:

Ւրանի նավթի նախարարը հավելել է, որ այդ առնչությամբ հարկավոր է անցկացնել հավելյալ հետազոտություններ, սակայն արդեն հիմա հույս կա դրական արդյունքներ գրանցել:

Կախա Կալաձեն, իր հերթին, բավական հուսալի է անվանել երկու երկրների միջև համագործակցությունը ու նշել է, որ ներկայում ուսումնասիրվում են իրանական նավթը Վրաստան հասցնելու արտահանման դետալները:

Վրաստանի էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կզարգանան: Նա նաև հայտնել է, որ ներկայում քննարկվում են Վրաստան իրանական գազի ապագա մատակարարումների ծավալներն ու գազի գինը:

Կալաձեն հիշեցրել է, որ կա իրանական գազը Վրաստան հասցնելու երկու տարբերակ՝ կա´մ Ադրբեջանով, կա´մ Հայաստանով:

Կալաձեի խոսքով՝ իրանական գազի Վրաստան մատակարարման դետալները կքննարկվեն ապագա հանդիպումների ու բանակցությունների ժամանակ:

Իր հերթին, Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին տեղեկացրել է, թե Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խորանարդ մետր իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ:

«Վրաստանի պետական ու մասնավոր ոլորտի ձեռնարկությունները հետաքրքրված են Իրանից գազի գնմամբ: Սպասվում է, որ Վրաստան գազամատակարարումները կսկվեն հաջորդ իրանական տարում (սկսվում է մարտի 21-ին)»,- ասել է Քամելին: Նրա խոսքով՝ նոր պայմանագիրը կստորագրվի 7 ամսով ու հիմք կծառայի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար: Քամելին նաև ընդգծել է, որ «Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս