Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանին գազ կմատակակարի
Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խորանարդ մետր իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին:
«Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 միլիոն խորանարդ մետր իրանական գազն այդ կովկասյան պետություն արտահանելու վերաբերյալ»,- ասել է Քամելին երեկ Թեհրանում Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի ու Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի մասնակցությամբ բանակցություններից հետո:
«Վրաստանի պետական ու մասնավոր ոլորտի ձեռնարկությունները հետաքրքրված են Իրանից գազի գնմամբ: Սպասվում է, որ Վրաստան գազամատակարարումները կսկվեն հաջորդ իրանական տարում (սկսվում է մարտի 21-ին)»,- ասել է Քամելին:
Նրա խոսքով՝ նոր պայմանագիրը կստորագրվի 7 ամսով ու հիմք կծառայի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար: Քամելին նաև ընդգծել է, որ «Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար»:
«Եթե հաստատվի գործարքի տնտեսական նպատակահարմարությունը, հետագայում խոսք կարող է գնալ Վրաստան գազի մատակարարման միջնաժամկետ ու երկարաժամկետ պայմանագրերի մասին»,- հայտնել է նա:
Ներկայում Վրաստանի գազի 88%-ը մատակարարվում է Ադրբեջանից, 12%-ը՝ Ռուսաստանից: Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճար: