Ո՞ր դեպքում է տեսանկարահանումը անօրինական
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հիմնական նպատակն է երաշխավորել, որ մարդկանց անձնական տվյալների մշակումն ու պաշտպանությունը իրականացվի օրինական: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին նշեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
«Գործակալությունը չի դիտարկում իրեն որպես պատժող մարմին, թեև օրենքով տրված են լուրջ լծակներ` վարչական վարույթ հարուցելու լիազորություն: Մենք մեր գործառույթը դիտարկում ենք որպես կանխարգելիչ: Ոչ թե խախտումը լինի նոր գնանք դրա հետևից ու տուգանենք, այլ նախապես աշխատանք տանենք խախտումներից խուսափելու համար»,-ասաց Շուշան Դոյդոյանը, ում պաշտոնավարման 100 օրը վերջերս է լրացել:
Ամփոփելով վերջին երեք ամսվա աշխատանքը` Շուշան Դոյդոյանը նշեց, որ գործակալությունը խորհրդատվություն է տրամադրել 300-ից ավելի պետական և մասնավոր հատվածների կազմակերպություններին` կապված անձնական տվյալների մշակման և պահպանման հետ: Շուշան Դոյդոյանը նկատեց, որ իրենց դիմած ընկերությունների 98 տոկոսը մասնավոր են:
Նշված ժամանակահատվածում զգալի աշխատանք է տարվել միջազգային փորձի ուսումնասիրման ուղղությամբ: Մշակվել են ուղեցույցներ մի քանի կարևոր հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, լայն տարածում գտած տեսակարահանման խնդիրը:
«Այսօր տեսնում ենք, որ բազմաթիվ ռեստորանների, սրճարանների, խանութների և այլ կառույցների մուտքի մոտ տեղադրված են տեսախցկիներ, իրականացվում է տեսանկարահանում: Այդ տեսահսկումները որևէ ձևով կարգավորման չեն ենթարկվում, բացառությամբ Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող տեսահսկման: Օրինակ, մենք վերջերս մի քաղաքացու դիմումի հիման վրա վարչական վարույթ ենք հարուցել «Փարքինգ սիթի սերվիս»-ի գործունեության հետ կապված: Քաղաքացուն տուգանել են սխալ կայանման համար, բայց որպես հիմք օգտագործվել է ոչ թե «Փարքինգ սիթի սերվիս»-ի շրջիկ մեքենաներով իրականացված տեսագրությունը, այլ հարևանությամբ բոլորովին այլ նպատակով տեղադրված տեսախցիկի տեսագրությունը: Օրենքը հստակ նշում է, որ այն նպատակով ինչի համար հավաքվում, մշակվում է անձի անձնական տվյալը, հենց այդ նպատակով էլ պետք է օգտագործվի»,-ասաց Շուշան Դոյդոյանը` նշելով, որ չի կարող անվտանագության ապահովման նպատակով հավաքված անձնական տվյալն օգտագործվի, ասենք, քաղաքացուն տուգանելու նպատակով: Այս դեպքում քաղաքացին վիճարկում է ապացույցի անօրինականությունը: Շուշան Դոյդոյանը նշեց, որ գործն ընթացքի մեջ է, ընթացիկ շաբաթվա վերջ որոշումը կլինի:
Դրանից բացի, Շուշան Դոյդոյանը ներկայացրեց այլ խնդիր: Մասնավորապես, եթե տեսախցիկը տեղադրված է աշխատակիցների աշխատանքի վայր ժամանակին ներկայանալու պահը ֆիքսելու համար, ապա դրա մասին աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն: Շատ կարևոր է, որ մարդիկ իրազեկված լինեն, և ամենակարևորը, ըստ Շուշան Դոյդոյանի, դա արվի պատշաճ ձևով` հաշվի առնելով նաև հաշմանադմություն ունեցող քաղաքացիների խնդիրները: