Եզդիների սիրո տոնը. Երիտասարդները հագնում էին ցնցոտիներ, նրանցից մեկը այտամորուս էր կպցնում…
Եզդիերի նշանավոր տոներից մեկն է համարվում սուրբ Խդրը և Այլասը (Խդր Նաբի և Խդր Այլաս): Այս սրբերը ընդունվում են ուրիշ ազգերի կողմից ևս, սակայն յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը նրանց մասին: Խդրը և Այլասը հիշատակված են եզդիական սուրբ ձեռագրերում՝ կավլում, ինչպես նաև ժողովրդական լեգենդներում և բանահյուսությունում:
Եզդիական պատկերացմամբ՝ Խդրը և Այլասը (Խդր Նաբի և Խդր Այլաս) երկու սուրբ հեծյալներ են՝ սպիտակ ձիու վրա: Նրանց այդպես էլ անվանում են՝ Խդր Նաբի և Խդր Այլաս՝ հեծյալներ սպիտակ ձիու վրա (Xidir Nebî û Xidir Eylas siyarê hespê boz): Առաջինը բնութագրվում է որպես երազանքների իրականացման և սիրահարների հովանավոր, երկրորդը՝ ծովի ճանապարհորդների հովանավոր: Երբեմն նրանք հանդես են գալիս որպես երկու եղբայր, երբեմն էլ՝ որպես հայր և որդի: Ոմանք նրանց համարում են նույն անձնավորությունը: Նրանք հիշատակվում են եզդիական կավլերի մեջ, «Ալեքսանդր Մակեդոնացու լեգենդում» (Իսկանդերե), «Աշիկ Խարիբի և Շեխ Սանամի մասին» և «Դավրեշե Ադամի» կավլում, ինչպես նաև այլ աղբյուրներում:
Ըստ եզդիական լեգենդի՝ Խդրը և Այլասը ապրել են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանում (երկպոզանի Իսկանդեր), ում համար վաղաժամ մահ էին գուշակել: Նրան ասել էին, որ կարող է մահից խուսափել, եթե խմի «կենդանի ջրից», և այն կարող են ձեռք բերել միայն Խդրը և Այլասը: Խդր Նաբին Այլասի հանձնարարությամբ գնում է «կենդանի ջուր» բերելու՝ ճանապարհին հանդիպելով բազմաթիվ փորձությունների: Նա հավաքում է ջուրը կուժի մեջ, տունդարձի ճանաապարհին որոշում է հանգստանալ ձիթապտղի ծառի տակ, իսկ կուժը կախում է ծառի ճյուղից: Մինչ նա քնած էր, ագռավը նստում է ճյուղին և կտուցը մտցնում կուժի մեջ՝ խմելով ջրից մի կաթիլ: Կուժը կոտրվում է, մնացած ջրի կաթիլները խմում են Խդրը և Այլասը, իսկ Ալեքսանդրին ասում են, թե կուժը կոտրվել է:
Տոնի հաշվարկումը որոշվում է արևելյան օրացույցով (հին ոճով) և ընկնում է սբատ (այսինքն՝ փետրվար) ամսվա առաջին հիգշաբթի օրը: Այդ հաշվարկումը պահպանվել է Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եզդիների մոտ: Խդր Նաբի և Խդր Այլաս տոներին նախորդում է երեքօրյա ծոմը (rojî), որը պահպանվում է նաև մնացած եզդիական տոների ժամանակ: Ծոմ են պահում երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, իսկ այդը, այսինքն՝ տոնակատարությունը շարունակվում է երկու օր՝ հինգշաբթի և ուրբաթ օրերին: Սակայն կային եզդիներ, ովքեր ծոմ էին պահում չորս օր՝ սկսած երկուշաբթի օրվանից, ինչը կոչվում է բարվաչուին (bervaçûn): Ենթադրվում է, որ մեկ օր շուտ են ծոմ պահում, որպեսզի շուտ դիմավորեն սրբերին: Արթնանում են վաղ առավոտյան՝ մինչ արևածագը, և աղոթքից հետո սկսում են ուտել, ինչը կոչվում է պաշիվ (paşîv): Արևածագից հետո ամբողջ օրը չպետք է ուտեն և խմեն, այդպես մինչև արևամուտը: Մինչ մայրամուտը հավատացյալը կատարում է ձեռքերի և երեսի լվացման ծեսը, աղոթում է, այնուհետև սկսում է ուտել, ինչը կոչվում է ֆտար (fitar):
Այդ օրերին ուտեստներ են պատրաստում բուսական մթերքներից՝ հացահատիկից, ալյուրից, ինչպես նաև կաթնամթերքից: Համարվում է, որ Խդր Նաբին և Խդր Այլասը չեն ընդունում զոհաբերություններ, և այդ օրերի ընթացքում եզդիներին արգելվում է որսի գնալ ու ճանապարհորդել, քանի որ Խդր Նաբին և Խդր Այլասն են որսի գնում, և նրանց պետք չէ խանգարել: Թուրքիայի եզդիների մոտ անհետացել է միսն արգելելու ավանդույթը, և շատերը անգամ գառ էին զոհաբերում այդ սրբերի պատվին: Տոնի ժամանակ պատրաստում են հատուկ ուտեստներ՝ քֆտե դան (kiftê den – ցորենից պատրաստած գնդիկներ), գրար (girar (սպաս) – ապուր ցորենից և մածունից), սարբդաու (serbidew), քեալադոշ (keledoş), հռչիք (hirçik), կայսի (qeysî – կարագի մեջ եփած ծիրանի չիր) և դա փեխուն (pêxûn, poxîn, qaût): Համարվում է, որ փեխուն բառը առաջացել է բեխուն (bê xûn) բառից, ինչը նշանակում է «առանց արյունի», քանի որ այդ օրերին արգելված էր մսից ուտեստներ պատրաստելը: Փեխունը պատրաստվում է բովված ալյուրից և շաքարից: Իրաքի եզդդիները փեխունը պատրաստում են յոթ պարտադիր բաղադրիչներից՝ լոբի, ոսպ, ոլոռ, քնջութ, գարի, ցորեն և աղ (nok, nîsk, baqilk, genim, kuncî, ceh, xwê): Այս ամենը աղում են, և ստացված փեխունը դրվում է անկյունում՝ ստեռի մոտ (stêr – տան սուրբ անկյունը), և եթե դրա վրա գտնեն սրբերի ձիու նալի հետքը, ուրեմն Խդր Նաբին և Խդր Այլասը եկել էին իրենց օրհնությունը տալու:
Իրաքի եզդիները պատրաստում են սավկ (sawik – կարագով հաց), աղացած ցորեն (çerxûş) և այլ ճաշատեսակներ: Նրանք մարդկանց բաժանում են կղալտկ (qelatîk – աղանձ) և միմյանց շնորհավորում են տոնի կապակցությամբ: Իրաքի եզդիների մոտ տոնի վերջին օրը կոչվում է զիպկ ու կղրպկ (zîpik û qirpik – կարկուտ), և այդ ժամանակ նրանք կտրում են իրենց վարսերի ծայրերը, որպեսզի գալիք տարում դրանք լինեն ավելի փարթամ:
Խդի Նաբին և Խդր Այլասը համարվում են սիրահարների և երազանքների իրականացման հովանավորը, այդ իսկ պատճառով նրանց անվանում են մրազբախշ (mirazbexş): Երիտասարդները ծոմի վերջին օրը ջուր չեն խմում և սնվելուց հետո ուտում են աղաբլիթ (totka şor), որը պետք է պատրաստի փոքրիկ աղջիկը: Այս բլիթը կիսում են երկու մասի, մի մասը ուտում են, մյուս մասը դնում են բարձի տակ: Նա, ով երազում ջուր է տալիս, համարվում է կյանքի ընկերը: Մնացած մասը դնում են բակում և հետևում, թե թռչունները որ ուղղությամբ կտանեն այն, հավատում են, որ այդ կողմից էլ լինելու է փեսացուն (հարսնացուն):
Հետաքրքիր ծես են ունեցել նախկին ԽՍՀՄ-ի եզդիները: Գյուղացիները թոնրատան պատերին ալյուրով նկարում էին տարբեր պատկերներ: Տոնի նախօրեի երեկոյան (այսինքն՝ հինգշաբթի երեկոյան) հավաքվում էին շեյխի կամ փիրի տանը և լսում էին կրոնական տեքստեր և քարոզ: Այնուհետև բոլորը գնում էին այն մարդկանց տուն, ովքեր ունեին նոր մահացած ազգականներ, ցավակցում էին նրանց, թույլտվություն էին խնդրում տոնը նշելու համար և շնորհավորում էին միմյանց: Դրանից հետո սկսվում էր տոնը, երիտասարդները հավաքվում էին, ազգային երաժշտության հնչյունների ներքո կատարվում էր դոլիդանգ ծեսը: Երիտասարդները հագնում էին ցնցոտիներ, նրանցից մեկը այտամորուս էր կպցնում, և, հարևանների տներով շրջելով, խնդրում էին մի բան գցել գուլպայի մեջ, որը կախված էր փայտի վրայից: Բարձրանում էին երդիկի (kulek) վրա, երդիկի անցքից իջեցնում էին փայտից կախված գուլպան և երգում էին՝ «Dolîdangê, dolîdangê, Xwedê xweyîke xortê malê. Pîra malê bike qurbangê: Tiştekî bavêje dolîdangê»: Ցնցոտիներ հագնողին անվանում էին Քոսա Գալդի (Kose geldî ):
Հեղինակ` Բորիս Մուրազի