Որքան է ՏՄՊՊՀ-ի «գինը» մեկ լիտր բենզինի արժեքի մեջ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը չի դադարում բոլորիս զարմացնել՝ բենզինի գների վերաբերյալ իր դատողություններով։

Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս նա կառավարության նիստում ներկայացրեց բենզինի և դիզվառելիքի շուկայի ուսումնասիրության արդյունքները։ ՏՄՊՊՀ նախագահը, ըստ էության, ոչ մի նոր բան չասաց՝ կրկնելով նախկինում արտահայտած այն մտքերը, որ Հայաստան ներկրվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը փոքր է, հարկերը, տրանսպորտային և այլ ծախսերը՝ մեծ։ Ու չնայած սրան՝ Հայաստանում բենզինի գները 2015 թվականի ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի։ Եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի գները շատ ավելի են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով և ներմուծվում ամերիկյան դոլարով, և այդ պատճառով՝ հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի։

Մի խոսքով, պրն Շաբոյանը ոչ թե տվեց այն հարցի պատասխանը, թե բենզինն ինչու է Հայաստանում թանկ, այլ փորձեց հիմնավորել, որ բենզինը Հայաստանում թանկ չէ։
Սակայն մեր հայրենակիցները կույր չեն և տեսնում են, որ Ռուսաստանում բենզինը գրեթե կրկնակի էժան է, իսկ մեր հարևան Վրաստանում (որը նույնպես մեզ նման բենզին ներմուծող է) ռեգուլյար տեսակի բենզինն արժե մոտ 270 դրամ (մեր 390-ի դիմաց)։
Դրա համար էլ, չնայած Արտակ Շաբոյանի ներկայացրած զեկույցին, շարունակում են կոնկրետ հարց ուղղել՝ ինչո՞ւ է Ռուսաստանում և Հայաստանում բենզինի գինն այդքան տարբերվում (դե, Վրաստանի մասով էլ չենք խոսում՝ միևնույն է, պատասխան չկա)։ Հերթական անգամ լրագրողները Շաբոյանին այդ հարցն ուղղեցին երկու օր առաջ, ու ահա թե ինչ պատասխանեց նա։

«Ռուսաստանի հետ կապված՝ ես չեմ կարող մեկնաբանություններ կատարել, որովհետև հայկական ընկերությունները ռուսական ընկերություններից են բենզին ձեռք բերում։ Կոնկրետ փաստաթղթերը հստակ կան, ներկայացված են մեր հանձնաժողովին, իսկ ռուսական ներքին շուկայում ինչպիսին են գները՝ ես չեմ կարող մեկնաբանել Ռուսաստանի կառավարության քաղաքականությունն իրենց ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ»։ Արտակ Շաբոյանն ասաց, որ այս պահին չի կարող ներկայացնել, թե ինչ գնով է «Ռոսնեֆտ» ընկերությունը բենզինը վաճառում հայկական ընկերություններին, սակայն դիմելու դեպքում կարելի է ստանալ այդ տեղեկատվությունը։ Հետո շարունակել է՝ կրկնելով նախկինում հնչեցրած մտքերը՝ բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշռի, տեղափոխման ծախսերի ու հարկերի մասին։

Հիմա եկեք փորձենք սա հասկանալ (եթե, իհարկե, ստացվի)։

Հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի և դիզվառելիքի շուկան, որպեսզի պատասխանի ամենակարևոր հարցին՝ ինչպե՞ս է ձևավորվում վաճառքի վերջնական գինը, և արդյոք վերադիր ծախսերն ուռճացված չե՞ն։

Իսկ դրա համար ինչի՞ց պետք է սկսել՝ իհարկե, ձեռքբերման գնից։ Հայկական ընկերությունները, ինչպես Ա. Շաբոյանն է նշել, բենզինը ձեռք են բերում հիմնականում Ռուսաստանից։ Որքանով մեզ է հայտնի, ռուսական բենզինը սահմանի վրա գնում են «Ռոսնեֆտ-Արմենիայից», մաքսազերծում ու վաճառում։

Ու այս շղթայի մեջ Շաբոյանի հանձնաժողովը ոչ միայն չի ուսումնասիրել ռուսական բենզինի շուկան, այլև չգիտի՝ ի՞նչ գնով են հայկական ընկերությունները «Ռոսնեֆտ-Արմենիայից» բենզին ու դիզվառելիք գնում։ Ասում է՝ դիմելու դեպքում կարելի է ստանալ այդ տեղեկատվությունը։ Կարելի է ստանալ։ Դիմելու դեպքում։ Իսկ մենք մտածում էինք, որ բենզինի շուկայի ուսումնասիրությունը հենց դրանով էր պետք սկսել, քանի որ հարցը վերաբերում էր գնագոյացման վերաբերյալ կասկածներին։

Այստեղից առաջանում է հաջորդ հարցը՝ իսկ ի՞նչ է ուսումնասիրել հանձնաժողովը։ Ըստ էության՝ ոչինչ։ Պարզապես համեմատել են Հայաստանի և մի քանի այլ երկրների բենզինի գները, դրանց փոփոխությունը որոշակի ժամանակաշրջանում և փոխարժեքի տատանումները։

Այսինքն, ամբողջ հանձնաժողովով մի քանի շաբաթում արել են մի վերլուծություն, որը կարող էր անել 1 լրագրող՝ 2 օրվա ընթացքում։

Ու այստեղից էլ երկրորդ հարցն է առաջանում՝ եթե չի ուսումնասիրվել բենզինի գնագոյացման ամբողջ շղթան, եթե չգիտեն անգամ ձեռքբերման գինը, ապա ինչի՞ հիման վրա են հայտարարում, որ բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը 8% է։ Իսկ միգուցե 0.8% է կամ 80%։ Ինչի՞ հիման վրա հասարակությունը պետք է հավատա այս պնդումներին։
Իհարկե, այս ձևակերպումները հանձնաժողովին դուր չեն գա։ Նրանք մեզ կմեղադրեն՝ իրենց աշխատանքը թերագնահատելու մեջ։ Նրանք կասեն, որ մանրազնին, խոշորացույցով ուսումնասիրել են ամեն ինչ։ Այդ դեպքում, առաջ ընկնելով, տանք նաև հետևյալ հարցը՝ ո՞ւր են այդ հաշվարկները։

Ինչո՞ւ ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր տարբերակով այդ վերլուծությունը հնարավոր չէ գտնել։ Որտեղ մանրամասն նշված կլինի, թե 390 դրամ գնի մեջ որքան է ձեռքբերման գինը, որքան են հարկերը, տեղափոխման ծախսերն ու մարժան։ Չէ՞ որ անգամ լրագրողները սեփական ուժերով նման վերլուծություն էին հրապարակել՝ հիմնվելով բաց աղբյուրների վրա։
Հարցերի շարանը կարելի է շարունակել։

Ինչո՞ւ ՏՄՊՊՀ կայքում անհնար է գտնել թարմ տեղեկատվություն ոչ միայն՝ բենզինի, այլև՝ մյուս շուկաների վերաբերյալ (ովքեր են գլխավոր խաղացողները, ինչպես են փոխվել նրանց կշիռները, և այլն)։

Ինչո՞ւ կառավարության նիստի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահը մոռացավ «Ռոսնեֆտ-Արմենիային»՝ տալով միայն «Ֆլեշի» և CPS-ի անունները՝ որպես բենզին ներկրողներ։ Ու եթե «Ռոսնեֆտ-Արմենիան» բենզինի ներկրման հետ կապ չունի, ապա ինչո՞վ է զբաղվում այդ ընկերությունը և ինչպե՞ս է 3,2 մլրդ դրամի հարկերով տեղ զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում։

Կամ՝ ինչո՞ւ բենզինի շուկայում գործող ընկերությունների թիվը ժամանակի ընթացքում նվազեց՝ ավելի քան 10-ից հասնելով 5-6-ի, իսկ հետո՝ երկուսի։

Այս հարցերին հիմնավոր և սպառիչ պատասխանելու դեպքում միայն հնարավոր կլիներ ասել, որ իրականացվել է լուրջ վերլուծություն։ Սակայն սա անելու փոխարեն՝ հպարտությամբ հայտարարվում է, թե բենզինն էժանացել է, բենզինի շուկայում էլ մուտքի խոչընդոտներ չկան։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում, այլապես կարելի էր նման վերլուծություն անել մամուլի էջերում։ Օրինակ, 2015 թվականի համար դեռևս ներկայացված չեն ՀՀ ներմուծման և արտահանման տվյալները՝ ապրանք-երկիր կտրվածքով, որտեղից գոնե մոտավորապես հնարավոր կլիներ հասկանալ՝ որ երկրներից և ինչ մաքսային արժեքով է բենզին ու դիզվառելիք ներկրվել Հայաստան։ Հետո արդեն այդ գինը համեմատելով բենզալցակայաններում նշված գների հետ՝ կարելի է որոշ եզրակացություններ անել։

Ցանկության դեպքում, իհարկե, մեծ դժվարությամբ հնարավոր է նորմալ վերլուծություն անել՝ տարբեր աղբյուրներից տվյալներ հայթայթելով։ Սակայն այդ դեպքում առաջանալու է վերջին, ամենատհաճ հարցը ՏՄՊՊՀ-ի համար՝ ինչի՞ համար է այս հանձնաժողովը, ինչո՞ւ են հարկատուներն այն պահում, եթե պատասխանների փոխարեն՝ այն միայն հարցեր է առաջացնում։ Ի դեպ, այդ հարցը կարելի է նաև վերաձևակերպել՝ ուղղելով արդեն բենզին ներմուծողներին՝ որքան է բենզինի ինքնարժեքում կազմում համապատասխան պետական մարմինների, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ի «լռության» կամ անիմաստ ուսումնասիրություններ անելու գինը։ Դրամով արտահայտված։

Տեսանյութեր

Լրահոս