Բաժիններ՝

Կամերային երաժշտական թատրոնի դերասանները պահանջում են պաշտոնազրկել գլխավոր ռեժիսորին

Օրեր առաջ «168 Ժամի» խմբագրություն զանգահարեց Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասաններից մեկը և խնդրեց լրագրողի ներկայություն ապահովել թատրոնում, որտեղ այդ պահին թեժ մթնոլորտ էր: Դերասանները վերջնագիր էին ներկայացրել թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանին՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին ազատելու պաշտոնից: Թատրոնում մենք հանդիպեցինք դերասանական ողջ կազմի հետ, որոնցից տեղեկացանք, որ իրենց պահանջը բավարարվելու հեռանկար դեռևս չեն տեսնում, իսկ աշխատել Ա. Մելիքսեթյանի հետ նրանք այլևս չեն ցանկանում: Դերասանները նախ՝ կարդացին իրենց տնօրենին ուղղված դիմում-պահանջի տեքստը, որի պատճենը հանձնված է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ապա մանրամասնորեն նկարագրեցին թատրոնի ներսում ստեղծված մթնոլորտը:

Ստորև ներկայացնում ենք վերջիններիս դիմում-պահանջը՝ ամբողջությամբ, և դերասաններից մի քանիսի մեկնաբանությունները միջադեպի առիթով.

«Հարգելի պարոն Վ. Գրիգորյան

Ստեղծագործական և գեղարվեստական ողջ անձնակազմը դիմում են Ձեզ խնդրանք-պահանջով ազատել թատրոնի գլխավոր ռեժիսորի պարտականություններից Արմեն Մելիքսեթյանին՝ հաշվի առնելով հետևյալ հիմնավորումները. թատրոնում մեկ տարուց ավել նրա աշխատավարման ընթացքում դերասանական խմբի մեծամասնությունը ենթարկվել է անգործության, քանի որ նա այդ ողջ ընթացքում բացարձակապես որևէ ստեղծագործական շփում այդպես էլ չունեցավ դերասանական անձնակազմի մեծամասնության հետ, շատերիս անգամ չի ճանաչում անունով: Բացարձակ չի զբաղվել խաղացանկային ներկայացումներով, խոչընդոտում է թատրոնի ստեղծագործական աշխատանքներին, խաթարում թատրոնի բարոյահոգեբանական մթնոլորտը, համարելով իրեն բացարձակ մասնագետ՝ չի կարողանում դերասաններին առաջադրել դերասանական խնդիրներ, չունի ռեժիսորական կազմակերպչական ունակություններ: Թատրոնի երկրորդ ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի կողմից ներկայացված ոչ մի հայտի ընթացք չի տվել, մասնագիտական խորամանկ պատճառաբանություններով՝ սա գործարան չէ, սա թատրոն է, ի՞նչ հայտ, ի՞նչ փաթեթ, և այլ նման բաներ: Շուրջ մեկ ու կես տարի չծանոթանալով թատրոնի դերասանական խմբի կարողություններին, բոլորին համարում է ապաշնորհ և անհիմն պահանջում է հեռացնել նրանց աշխատանքից: Իր կողմից կազմակերպված «Գիքորը. Վեստսադյան պատմություններ» ներկայացման փորձերի ժամանակ թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը նախապատվությունը տալիս է ոչ թե դերասանական խմբին, այլ իր ղեկավարած կուրսի ուսանողներին: Փորձերը նշանակվում էին միայն ուսանողների դասերին համապատասխան՝ հաշվի չառնելով թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքային ժամանակացույցը: Մեկ տարուց ավել, տնօրինության հետ համատեղ աշխատանքի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակներ էր ստեղծում դերասանների հետ, որը խանգարում է ստեղծագործական աշխատանքներին: Թատրոնի   դերասանական խմբի այն դերասանները, ովքեր զբաղված են իր ներկայացման փորձերում, վոկալի փորձերը կազմակերպում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ՝ հարմարեցնելով   այնտեղի իր աշխատանքային ժամանակացույցին: Խնդրում ենք Պետական Կամերային երաժշտության թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գրիգորյանին և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ պահանջելով հեռացնել աշխատանքից թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին, գտնելով հետագա աշխատանքը անհամատեղելի: Անձնակազմի որոշումը վերջնական է և չիրականացնելու դեպքում հարկ ենք համարում տեղեկացնել, որ անժամկետ կդադարեն թատրոնի աշխատանքները»:

Կարդացեք նաև

Տեղեկացնենք, որ դիմում-բողոքի տակ ստորագրել էին թատրոնի անձնակազմի 39 անդամներ:

Թատրոնի դերասանական կազմի հետ անհատական հանդիպումներ և զրույցներ են ունեցել ինչպես՝ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, այնպես էլ՝ Արմեն Մելիքսեթյանն ու տնօրեն Վարդան Գրիգորյանը, սակայն ապարդյուն: Դերասանական կազմը մեկ մարդու պես մերժում և բացառում է Մելիքսեթյանի հետ ցանկացած կոնտակտ և համագործակցության հեռանկար:

«168 Ժամի» հետ զրույցում թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը պատմում է, որ կոնֆլիկտային իրավիճակների սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ Ա.Մելիքսեթյանի նախաձեռնությամբ թատրոն աշխատանքի ընդունվեցին թվով 12 նոր կոլեգաներ, որոնց նկատմամբ վերջինիս ընդգծված ուշադիր վերաբերմունքն ինքնըստինքյան ջրբաժան դարձավ թատրոնում եղած դերասանական կազմի նկատմամբ. «Պարոն Մելիքսեթյանն ակնհայտ արհամարհում էր մեզ՝ չթաքցնելով իր այդ վերաբերմունքը, համարելով մեզ ապաշնորհներ, այն պարագայում, երբ նա նույնիսկ մեզանից շատերի անունն անգամ չգիտեր: Բանը հասավ նրան, որ վերջինս Մշակույթի նախարարությունում հանդես եկավ բանավոր բողոքներով՝ թե նոր կազմ է ուզում, չհաշված նրանց, ում ինքն արդեն հրավիրել էր թատրոն, ու որոնց հետ մենք մինչև հիմա, անկախ ամեն ինչից, ջերմ հարաբերություններ ունենք»:

Թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը թատրոնում ստեղծված ու երկար ժամանակ տևող կոնֆլիկտների և անառողջ մթնոլորտի արդյունքում արդեն առողջական խնդիրներ ունի. «Պարոն Մելիքսեթյանն ինձ երեք անգամ ակնարկեց, որ պետք է մեկ այլ հաստիք զբաղեցնեմ, ընդ որում՝ այնպիսի հաստիքներ, որոնց ես, ըստ իմ մասնագիտության, չեմ համապատասխանում՝ մեկնաբանելով, որ առանց հիմնավորումների ինձ չի կարող ազատել թատրոնից: Ես չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է դուրս գամ թատրոնից, եթե որևէ թերացում չեմ ունեցել: Այդ ճնշումներն այնքան երկար տևեցին, որ ես հիմա արդեն առողջական խնդիրներ ունեմ և բուժում եմ անցնում բժիշկների մոտ, ինձ մոտ ախտորոշել են արյան մեջ կարտիզոլի բարձրացում, որը նյարդային խաթարված համակարգի հետևանքն է: Ես համարում ես այս ամենն ակնհայտ հետապնդում և դա կապում եմ միայն այն բանի հետ, որ ես ժամանակին իր հետ չլքեցի այս թատրոնն, ու նա հիմա այս կերպ փորձում է վրեժխնդիր լինել ինձնից: Նա նույնիսկ ինձ սպառնացել է, որ հաստիքից՝ հաստիք փոփոխությունների չենթարկվելու պարագայում ունեմ մի ելք՝ հեռանալ թատրոնից»:

Թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանն այն տպավորությունն ունի, որ Ա.Մելիքսեթյանը փորձում է ազատվել դերասանական խմբի մեծ մասից, որովհետև գործ ունի հասուն և ինքնուրույն անհատականությունների հետ, և նրան ոչ մի կերպ չի հաջողվում իր հիվանդագին գերիշխանությունը հաստատել թատրոնի ներսում. «Ամեն ինչ պարզ է՝ նա ամեն գնով ուզում է թատրոն բերել իր վստահելի մարդկանց, որոնց հաշվին կարող է ինքնահաստատվել ու իշխել նրանց այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Նա ոչ միայն չի հանդուրժում որևէ անկախ կարծիք, տեսակետ, այլև բառացիորեն հետապնդումներ է սկսում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր համարձակվում են այս կամ այն կերպ չհամաձայնել թատրոնում սեփական ինքնիշխան բարքերի կայացմանը: Ա. Մելիսեթյանին, որպես կանոն, մենք թատրոնում կեսօրից հետո այլևս չենք տեսնում: Իսկ իմ ոտքերն ու ձեռքերն ինչ-որ հանգամանքներով կապված չեն և բերանս էլ փակ չէ՝ արտահայտելու համար իմ սեփական կարծիքն այս կամ այն երևույթի առնչությամբ, որն ինքը ոչ մի կերպ չի հանդուրժում»:

Թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանն էլ, ով, ի դեպ, նույնպես Ա. Մելիքսեթյանի նախկին ուսանողներից է եղել, մեզ հետ զրույցում ասաց. «Ես ու մեր դերասանական կազմից գրեթե բոլորը կհաստատեն, որ մենք արդեն 1-1.5 տարի աշխատել ենք ապարդյուն: Ա. Մելիքսեթյանը երբեք գոհ չի եղել մեր տված արդյունքներից: Հանձնարարում է մեզ սովորել ստեպ պարը, մենք չխնայելով ջանք ու եռանդ՝ մեկ ամիս շարունակ սովորում ենք, գալիս-նայում է, ընդամենը մի քանի վայրկյան, ու տառացիորեն առանց որևէ բառ արտասանելու՝ հեռանում է: Նա նույնիսկ չի ցանկանում մեզ բացատրել, թե կոնկրետ ինչի՞ց է դժգոհ»:

Տեղեկացնենք, որ թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հասցեին ուղղված հարցերն ու մեղադրանքներն այնքան շատ էին, որ ավելի նպատակահարմար է դերասանական կազմի բողոքների հավաքական պատկերին ծանոթանալ վերջիններիս կողմից կազմված վերոհիշյալ դիմում-պահանջի տեքստով, որով նրանք պահանջում են Ա. Մելիքսեթյանի հեռացումը թատրոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս