Փետրվարի 1-ից ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ քննարկվել է մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը
ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Երևանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հրավիրվեց արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցությունը:
Ներկայացնելով հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը` նախարարը նշեց, որ վերջին տասնօրյակի ընթացքում հանրապետությունում դիտվում է հիվանդացության և դիմելիության զգալի նվազում` շուրջ 40 տոկոսով: Նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Դիմելիության զգալի իջեցում է արձանագրվել նաև բուժօգնության առաջնային օղակում:
Փետրվարի 1-ից ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ հանգամանալից քննարկվեցին հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:
Կարևորվեց Երևանի և մարզերի կրթական և նախակրթական հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովմանը և պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Հաշվի առնելով հիվանդացության կայունացման և նվազման միտումը` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկեց իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:
Հիմք ընդունելով ներկայացված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հրահանգը` Արմեն Մուրադյանը հանձնարարեց նախարարության համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատու գերատեսչությունների հետ իրականացնել ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի մշտադիտարկում: