Բաժիններ՝

Մեկ շաբաթվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

Հունվարի 21-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը գրանցել է երկրաշարժ, որն զգացվել է ՀՀ և ԼՂՀ բնակչության կողմից:

Այն տեղի է ունեցել հունվարի 22-ին Ադրբեջանում՝ Բեյլագան քաղաքից (Փայտակարան) 17 կմ դեպի հյուսիս-արևելք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ (մագնիտուդ 3.8): Ստորգետնյա ցնցումները, մասնավորապես, զգացվել են Կապան քաղաքում (Սյունիքի մարզ) 2 բալ և Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, Հադրութ (Լեռնային Ղարաբաղ) քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:

ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ` տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Հունվարի 23-ին 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Բիթլիս քաղաքից 53 կմ դեպի հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Հունվարի 25-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրանում՝ Թավրիզ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևելք:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Հունվարի 22-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի Տոմլատան քաղաքից 215 կմ դեպի հարավ-արևմուտք: Հունվարի 24-ին Ալյասկայի Օլդ Իլիամնա քաղաքից 83 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ, ինչը պատճառ է դարձել գազի արտահոսքի, որի հետևանքով տարհանվել է Կենայ քաղաքի 22 տան բնակիչ, զոհեր և ավերածություններ չկան: Հունվարի 25-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովում՝ Մարոկկոյի Ալ Հոսեյմա քաղաքից 54 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մարոկկոյի սահմանակից Մելիլայում (իսպանական անկլավ Հյուսիսային Աֆրիկայում), ինչպես նաև Իսպանիայի Մալագա, Գրանադա, Սևիլյա, Ալմիրա քաղաքներում: Երկրաշարժի հետևանքով Մարոկկոյում մահացել է 12-ամյա դեռահաս, Իսպանիայում տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 26 մարդ, վնասվել են մի քանի շինություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս