25-ամյա երիտասարդը տանից դուրս է եկել ու չի վերադարձել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Անգեղակոթ գյուղի բնակիչ, 25-ամյա Վրեժ Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ։
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Նույն օրը՝ 2016թ. հունվարի 14-ին, Վրեժ Օհանյանի նկատմամբ, որպես անհետ կորած, ոստիկանությունը հայտարարել է հետախուզում:
25-ամյա Վ.Օհանյանի անհետ կորելու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերը 2016թ. հունվարի 25-ին ստացվել են Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատև բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատև բացակայել բնակավայրից։
Նկատի ունենալով, որ կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա դարձել է հանցագործության զոհ՝ 2016թ. հունվարի 25-ին Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին