ՀԷՑ-ը տեղեկացնում է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արագածոտն եւ Լոռու մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռեւս նոյեմբերի 12-14-ը եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետեւանքով, մասնավորապես՝ ուժեղ քամու, անձրեւի եւ ձյան տեսքով տեղումների պատճառով վնասվել էին մեծ քանակության էլեկտրահաղորդման գծեր, շրջվել 810 հենասյուն: Արդյունքում մասամբ հոսանքազրկվել էին Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր:
Երեք օրվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հոսանքազրկված բաժանորդների թիվը կազմում էր մոտ 78 հազ., բնակավայրերինը՝ 196:
Ֆորսմաժորային աշխատանքի պայմաններում գործի էին դրվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բոլոր օպերատիվ վերանորոգող բրիգադները, հատուկ տեխնիկան, օգտագործվել տեղերում ունեցած վթարային պահուստը: Կազմավորվել ու գործում էր Ընկերության շտաբը՝ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանի, ինչպես նաեւ մասնաճյուղերում գլխավոր ճարտարագետների գլխավորությամբ:
Ընկերությունը մեկ անգամ եւս հայցում է իր բաժանորդների ներողամտությունը: