«Ակնհայտ է, որ կարևոր թվով պատգամավորների Ադրբեջանը կարողանում է առնել». Կիրո Մանոյան

«Առաջին անգամը չէ, որ ԵԽ ԽՎ-ի վեհաժողովը այս կեցվածքն է ընդունել, որ նման կարգի հարցերն այսպիսի միակողմանի ձևով քննարկվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին մեկնարկում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) հունվարի ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանում նախատեսվում է ներկայացնել հակահայկական երկու զեկույցները՝ Ռոբերտ Վոլտերի՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցները:

Նրա խոսքով՝ հայկական կողմը անում և անելու է ամեն ինչ այս ուղղությամբ, և այստեղ նաև կարևորվում է մեր հասարակության մասնակցությունն ու աջակցությունը. «Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը սկսել է ստորագրահավաք, իրենք 1500 ստորագրություն էին ակնկալում, անցել է դրա շեմը, հիմա 2500 են ակնկալում, կարծում եմ` դա էլ կանցնի: Սա ուղղակի վեհաժողովի անդամ բոլոր պատգամավորներին ուղղված հայտարարություն է, որը պետք է իր ազդեցությունը ունենա, սա ուղղակի ճնշում է պատգամավորներին»:

Կ. Մանոյանը կարծում է՝ այստեղ կարևոր է նաև Մինսկի խմբի համանախագահների դերակատարությունը, որոնք պետք է լինեն ավելի ակտիվ, քանի որ նման բանաձևերը հարվածում են իրենց միջնորդած բանակացային գործընթացին:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Ադրբեջանն իր խավիարով միշտ կարողանում է կաշառել, չկա՞ ուրիշ մեխանիզմ աշխատելու, որ ավելի մեծ արդյունք ունենանք, Կ. Մանոյանը պատասխանեց. «Կարելի է հավելյալ արդյունք ձեռք բերել, եթե հավելյալ աշխատենք պատգամավորների հետ: Մինչև այդ է պետք է պատգամավորների հետ աշխատանք տարվի: Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերը նույնպես այդ աշխատանքները տանում են: Բայց այստեղ մեծ նշանակություն ունի Մինսկի խմբի համանախագաների դիրքորոշումը»:

Կ. Մանոյանի դիտարկմամբ՝ ինչքան էլ ասենք, որ կարևոր չէ ԵԽ ԽՎ-ի նման որոշումը, եթե հայանպաստ որոշում լիներ, կասեինք՝ կարևոր է: Ըստ նրա՝ այս որոշումը բացասական ազդեցություն կունենա. «Դա կնշանակի՝ խրախուսում են Ադրբեջանին, որ շարունակի իր այդ կամայական պահվածքը, որ լուրջ չվերաբերվի բանակցային գործընթացին»:

Այն դիտարկմանն էլ, թե հայկական կողմն ամեն ինչ չի արել զեկուցողին փոխելու ուղղությամբ՝ Կ. Մանոյանը պատասխանեց, որ այդքան էլ հեշտ չէ զեկուցողին փոխելը. «Քանի որ այդտեղ կա Թուրքիայի պատվիրակություն, որը մեծ թիվ է ներկայացնում, մի շարք երկրների պատվիրակությունները նույնպես պարզ է՝ նրանց հետ են լինելու: Ակնհայտ է, որ կարևոր թվով պատգամավորների, փաստորեն, Ադրբեջանը կարողանում է առնել: Իրենք գումարով են արել, մենք պետք է այլ միջոցներով աշխատանք տանենք այդ ուղղությամբ»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե մտավախություն կա, որ սա միայն սկիզբն է, դրանից հետո սկսվելու են ավելի շատ նման զեկույցներ ընդունել, Կ. Մանոյանն այսպես պատասխանեց. «Եթե Ադրբեջանն արդյունքի հասնի, ով էլ լիներ Ադրբեջանի փոխարեն, կշարունակեր նման բան անել, այնպես որ, պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը հաջողության չհասնի»:

Այն դիտարկմանն էլ, թե նման զեկույցների ընդունումից հետո ամեն անգամ խոսակցություններ են գնում, որ հայկական պատվիրակության կազմը պետք է փոխվի, Կ. Մանոյանն այսպես պատասխանեց. «Պատվիրակության բոլոր անդամների մասին համաձայն չեմ, մենք ուրախ ենք, որ մեր ներակայցուցիչը՝ Արմեն Ռուստամյանը, լիիրավ արդարացնում է իր ներկայությունն այդ պատվիրակության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս