Բաժիններ՝

«Հավանականությունը շատ բարձր է, որ ողբերգություն կլինի». Հարություն Մեսրոբյան

Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

– Պարոն Մեսրոբյան, ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին:

– Հայաստանը ոչ մի որակական փոփոխություն չկրեց ոչ մի ասպարեզում, ընդհանուր առմամբ է՛լ ավելի թուլացավ արտաքին մարտահրավերների նկատմամբ: Սա շատ գլոբալ եմ ասում: Տնտեսական ոլորտում շարունակվում է վատթարացում, և միայն այն փաստը, որ արդեն մյուս տարվա բյուջեի եկամտային մասի նվազում է սպասվում, երևի ամբողջովին պատկերում է վիճակի բարդությունը: Իշխանության գնահատականը նույնն է, ինչ գալիս է 1991-ից՝ Հայաստանը շարունակում է քարշ գալ յոլա պետության կարգավիճակով և աշխատում է ռեակտիվ սկզբունքով: Այսինքն՝ լավագույնը, ինչ կարող է անել, դա արձագանքելն է որոշ՝ արդեն տեղի ունեցած իրադարձությունների: Սա նշանակում է, որ ՀՀ-ում 91-ից պետական կառավարում գոյություն չունի:

Ներքին քաղաքականության առումով նույն տենդենցը վերաբերում է նաև ընդդիմադիր ուժերին, որոնք շարունակում են ցույց տալ իրենց կայացած չլինելը, և դեռ չկա այն գործոնը, չկա երևան եկած նոր հանգամանքը, որ մատնանշի, որ ՀՀ-ում վերջապես կարգին ընդդիմություն է ձևավորվելու: Եվ այստեղ, իմ կարծիքով, կա մի կարևոր պատճառ, թե ինչու մեզ մոտ որակյալ ընդդիմություն չի ստացվում, որովհետև, դժբախտաբար, մենք բոլորս ներքին պահանջարկ չենք զգում ազգային իրական էլիտայի նկատմամբ: Մենք քննադատում ենք իշխանություններին, քննադատում ենք ընդդիմադիրներին, բայց երրորդ քայլը դրանից հետո չի առաջանում, որ ասպարեզ իջնեն լավերը: Նման պահանջարկ չկա: Դա երևում է և՛ սոցցանցերում, և՛ ԶԼՄ-ներում: Կրկնվող քննադատություններ են հնչում, և միայն կարող են փոխվել կուսակցությունների, քաղաքացիական խմբակների անվանումները, բայց, ըստ էության, երրորդ քայլը՝ պահանջել իրական ազգային վերնախավին ասպարեզ իջնել, նման բան չկա: Իսկ այն պահից, երբ Հայաստանում գոնե կրիտիկական զանգվածի մոտ առաջանա այդ պահանջը, հավաստիացնում եմ Ձեզ, իրական ազգային վերնախավի ներկայացուցիչները կիջնեն ասպարեզ: Ինչ վերաբերում է արտաքին աշխարհին, արտաքին մարտահրավերներին, եթե մեզ մոտ հիմա իշխեր ազգային իրական վերնախավը, Հայաստանի համար առաջանում է փայլուն հնարավորություն՝ օգտագործել այն, ինչ կատարվում է ՀՀ-ի շուրջ: Որովհետև Հայաստանը՝ և՛ որպես տարածք, և՛ որպես պետություն, դառնում է շատ կարևոր բոլորի համար:

Երևի մենք կարևոր չենք Արգենտինայի կամ Բոլիվիայի համար այս պարագայում, բայց մնացած բոլոր ուժերի համար ՀՀ-ն կարևոր է՝ և՛ որպես տարածք, և՛ որպես պետականություն: Եվ եթե մեզ մոտ լիներ իրական ազգային վերնախավը, որն ունենար իշխանություն, ապա, բնական է, դա իրոք նման տեսակի վերնախավի խնդիր է՝ պահն օգտագործել ի շահ ազգի, ի շահ պետության:

Բայց քանի որ մեզ մոտ թե՛ իշխանական դաշտում, թե՛ ընդդիմադիր դաշտում այդ վերնախավը չի, ուրեմն կարող եմ հավաստիացնել, որ ցանկացած զարգացում ՀՀ-ի համար վտանգավոր է: Եվ ունենալով փայլուն հնարավորություններ, մենք մտնելու ենք վտանգների փուլ: Դա է նաև պատճառը, որ արդեն մեկ տարուց ավելի դրսի ուժերն ամեն ինչ անում են, որ մեծ տատանումներ մտցնեն ՀՀ-ում, որպեսզի Հայաստանը դառնա 100%-անոց կառավարելի, քանի որ, եթե ՀՀ-ն լինի անկառավարելի այն պարագայում, երբ իր կարևորությունը կտրուկ աճում է, ոչ մեկին պետք չէ, իսկ քանի որ Հայաստանի կարևորությունն աճում է, ամեն ինչ կարվի, որ լինեն խժդժություններ, և Հայաստանը լինի 100%-ով կառավարելի: Դա կարևոր է կառավարման մեջ, որ այն նոր խաղացողին, որ դառնում է կարևոր, փորձում են թուլացնել, որ ներքին ռեսուրս չունենա կառավարելի դառնալու:

– ՀՀ իշխանության քայլերում, թեկուզ՝ ՀԱՊԿ նիստում Սերժ Սարգսյանի խիստ ելույթի դրսևորմամբ, փոփոխություն տեսնո՞ւմ եք:

– Փոփոխության բանավոր մասը տեսնում եմ: Ես ընդհանրապես ՀՀ-ում 1991 թվականից բառային փոփոխություններ միշտ տեսնում եմ: Դուք երբևիցե տեսե՞լ եք որևիցե մի գործիչ, որ որևէ լավ բաներ չասի: Բացառվում է: Ես գնահատում եմ ցանկացած գործչի, ցանկացած ուժի՝ իր չափանիշով՝ արդյունք կա՞, թե՞ ոչ: Եթե արդյունք չկա, մնացածը կարևոր չէ, եթե արդյունք կա, պետք է նայել, թե ի՞նչ գնով:

– Արտաքին քաղաքականության մեջ հաջորդ տարի սա փոփոխության կտանի՞, թե՞ սպասելի չէ:

– Ես չեմ կարող խոսել մի երևույթի փոփոխության մասին, որը գոյություն չունի: Այն պետք է գոյություն ունենա, որ հնարավոր լինի փոփոխություն արձանագրել: Ինչպես նշեցի, ՀՀ-ն արտաքին և ներքին մարտահրավերներին վարում է ռեակտիվ քաղաքականություն, այսինքն՝ արձանագրում է տեղի ունեցողը, երբեք նախաձեռնող կամ ինչ-որ խնդիր առաջ տանող չի եղել:

– Որոշ գնահատականներով՝ Սերժ Սարգսյանը հենց նախաձեռնողական վարք է դրսևորել:

– Բայց մի մոռացեք, որ դա բանավոր է: Նախաձեռնող քաղաքականությունը ենթադրում է գործողություններ: Այսինքն՝ մի կողմից՝ մեզ մոտ գետնի վրա ռեակտիվ քաղաքականություն է, օրինակ՝ Ադրբեջանը հարձակվեց, մենք կպատասխանենք, իրենք 5 զինվոր խփեցին, մենք 50 կխփենք, իսկ բանավոր, այսինքն՝ խոսքի մեջ, շատ էլ լավ նախաձեռնության տարրեր կտեսնեք, բայց գետնի վրա նորից ռեակտիվ ենք դառնում:

– Այդ դեպքում հաջորդ տարվա մարտահրավերները որո՞նք են՝ ըստ Ձեզ:

– 2009 թ. փետրվար-մարտին կառավարման մեթոդներով ես գնահատեցի ՀՀ ճգնաժամի կորը և հրապարակեցի արդյունքները, որ ՀՀ-ն 2014 թ. վերջից մինչև 2016 թ. վերջն ընկնելու է վտանգավոր տատանումների ռիսկայնության տակ: Եթե ուշադիր նայեք իրադարձությունները, ՀՀ-ն, իրոք, 2014թ.-ից ցնցվում է: Հիշեք ուղղաթիռի ոչնչացումը ադրբեջանցիների կողմից, Գյումրիի դեպքերը, և այլն: Այդ տարբեր իրադարձությունները շատ են խտացել և խորացել: Իսկ դա լավ չէ, որ 2009 թ. փետրվար-մարտին ես ճիշտ էի, և այդ մեթոդն օբյեկտիվ էր: Դա նշանակում է, որ այդ տատանումներն առնվազն մինչև մյուս տարվա վերջ գնալու են, և, թե ինչով կավարտվեն, Աստված գիտի:

Մեր, այսպես կոչված, վերնախավը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, որը 1991 թվականից ձևավորվել է և այդ քաղաքական օլիմպոսից չի իջնում, նրանք համարժեք չեն Հայաստանի նկատմամբ առաջացած մարտահրավերներին: Այդ «վերնախավի» հզորությունն անհամեմատ թույլ է, քան այդ մարտահրավերների վտանգները: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն այս պայմաններում հակված է ողբերգության: Սա կառավարման օրենքներ են: Հավանականությունը շատ բարձր է, որ ողբերգություն կլինի:

– Ի՞նչ նկատի ունեք՝ ողբերգություն ասելով:

– Չեմ կարող ասել, դա արդեն Վանգան ու Նոստրադամուսը կարող են ասել: Կառավարման տեսությունն ասում է, որ վտանգավոր է, բայց փո՞ս է, թե՞ քար, դա արդեն գուշակություն է: Կառավարումը կիրառում է բացառապես կյանքի օրենքներ, իսկ փախած մտքեր, ամպագոռգոռ հայտարարություններ չկան, կա մեթոդաբանություն, որը պրոգնոզ է անում ապագան: Եվ այդքան միամիտ չենք, որ հավատանք, որ հանկարծ այս կամ այն մարդուն կայծակ կխփի, և նա կկերպարանափոխվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս