«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները կախված չեն ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններից». Ջեյմս Ապաթուրայ
«Ռուս-թուրքական լարվածությունը չի անդրադառնում Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա»,- այս մասին հայաստանյան լրագրողների հետ առցանց ասուլիսի ընթացքում ասաց Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Մասնավորապես անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ռուս-թուրքական լարվածությունը կանդրադառնա ՆԱՏՕ-հարավկովկասյան երկրներ համագործակցության վրա, ինչպիսի՞ն է լինելու ալյանսի տարածաշրջանային քաղաքականությունը, նա նշեց, որ հասկանում են, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկիր իր սեփական անվտանգության քաղաքականությունն է ընտրել և ՆԱՏՕ-ն հարգում է այդ ընտրությունը:
Ըստ նրա` ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ չէ ձգտել ՆԱՏՕ անդամակցության, դա կարելի է անել նաև ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, տարածաշրջանային այլ կազմակերպությունների անդամ լինելով կամ չանդամակցելով որևէ կառույցի:
Իրականում, նրա խոսքով, տարածաշրջանային մեծ համագործակցությունը Հարավային Կովկասին մեծ օգուտներ է տալիս տնտեսական և ստրատեգիական հեռանկարների տեսանկյունից:
«Այս կոնտեքստում կարող եմ ուրախությամբ նշել, որ ժամանակ առ ժամանակ ՆԱՏՕ-ն կարող է հիմք տրամադրել Հայաստանի և ՎՐաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ավելի սերտ համագործակցության համար: Այնուամենայնիվ, մեր գործընկերային հարաբերություններից յուրաքանչյուրը առանձնահատուկ բնույթ է կրում: Հայատանի դեպքում մեր հիմնական փաստաթուղթը Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրն է:
Փաստաթուղթն ընդգրկում է երկամյա փուլ: Նման ծրագիր համաձայնեցվել է նաև Ադրբեջանի հետ այն ժամանակ, երբ Վրաստանի դեպքում մենք ունենք այլ մեխանիզմներ, հաշվի առնելով նրա անդամակցության հեռանկարները: Բոլոր այդ գործընկերային հարաբերությունները հավանության և աջակցության են արժանացած մեր 28 գործընկերների կողմից, այդ թվում Թուրքիայի, նրանցից յուրաքանչյուրն իր հերթին ունի սեփական առանձնահատկություններն ու տրամաբանությունը: Դա նաև նշանակում է, որ այդ հարաբերությունները ոչնչով կախված չեն ՌԴ-ի հետ մեր հարաբերություններից և ես չեմ տեսնում Ռուսաստան-Թուրքիա ներկայիս լարվածության ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների հետ մեր առանձնահատուկ հարաբերությունների վրա»,- մեկնաբանեց Ջեյմս Ապաթուրայը:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին ռուս-թուրքական լարվածությունից հետո: Նա նշեց. «Ինչպես երբեմն նշվել է մամուլում, խաղաղապահ զորքերի տեղակայումը ԼՂ-ում կարող է քաղաքական կարգավորման հնարավոր բաղադրիչ լինել, բայց նման քաղաքական կարգավորում դեռ չկա:
Իսկ դա նշանակում է, որ ժամանակaվրեպ է քննարկել իրադարձությունների նման շրջադարձի հնարավոր բնույթը: Դրա փոխարեն, մենք պետք է շարժվենք կարգավորման ուղղությամբ: Ես աջակցում եմ ԵԱՀԿ ՄԽ ջանքերի վերսկսումը և հույս ունեմ, որ 2016թ. ընթացքում մենք կտեսնենք բեղմնավոր երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»: