Մարմնավաճառին պատժելու համար երիտասարդը կեղծ թղթադրամով է վճարել նրան

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ 25-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել կեղծ փողեր իրացնելու մեջ և դատապարտվել 3 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով։

Նախաքննության մարմնի կողմից 25-ամյա ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2015թ. մարտի 19-ի կեսօրին, իրացնելու նպատակով, իր ընկերուհու բնակարանում գունավոր տպիչ սարքի միջոցով պատճենահանման եղանակով պատրաստել է 9 հատ 1000 դրամ և 4 հատ 5000 դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ՝ ընդհանուրը 25.000, կեղծ դրամը Երևանի Բագրատունյաց փողոցում իրացրել է մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը, իսկ մնացած 4000 կեղծ դրամը պահել է իր մոտ, ապա գնալով հյուրանոցային համալիր՝ վերցրել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ և նշված համալիրի մատուցողուհուն, որպես հյուրանոցային համարի վճար, տվել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ, սակայն վերջինս՝ նկատելով, որ թղթադրամն իսկական չէ` այն չի վերցրել»։

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ մարմնավաճառի ծառայություններից օգտվելու նպատակով հանդիպել է մարմնավաճառի, ում հետ գումարային հարցի շուրջ համաձայնության չեն եկել, և վերջինս իրեն կոպտել է։ Վիրավորված լինելով մարմնավաճառի պահվածքից, որոշել է նրան պատժել։ Այդ նպատակով մի քանի օր անց ընկերուհու բնակարանում գունավոր տպիչ սարքի միջոցով A-4 ֆորմատի թղթի վրա պատճենահանել է իր գրպանում եղած 5000 և 1000 դրամանոց թղթադրամներ՝ չորս հատ 5000 դրամանոց և ինը հատ 1000 դրամանոց։ Ընկերուհին չի իմացել իր գործողությունների մասին։ Այնուհետև ընկերոջ հետ գնացել է Բագրատունյաց պողոտա՝ այդ նույն մարմնավաճառին հանդիպելու։ Նրան հանդիպելուց հետո պայմանավորվել են, որ 25.000 դրամի դիմաց նա պետք է մարմնավաճառի ծառայություններ մատուցի իրեն և ընկերոջը: Դրանից հետո քայլելով գնացել են Չեխովի փողոցում գտնվող հյուրանոցային համալիր։ Ճանապարհին՝ շենքերի արանքում գտնվող չլուսավորված բանուկ մասում, ինքը մարմնավաճառին է տվել պատճենահանման եղանակով պատրաստված 25.000 դրամը` չորս հատ 5000 դրամանոց և հինգ հատ 1000 դրամանոց, որից հետո երեքով շարունակել են ճանապարհը։ Երբ հասել են հյուրանոցային համալիր, իրենց դիմավորել է մատուցողը և ուղեկցել սենյակ։

Այնուհետև նա պահանջել է սենյակի վճարը։ Քանի որ մարմնավաճառի հետ պայմանավորվածության համաձայն` 25.000 դրամի մեջ մտել է նաև հյուրանոցի սենյակի վճարը, ուստի մարմնավաճառը հանել է իր տված գումարից 5000 դրամը, որպեսզի վճարի։ Սակայն ինքը, չցանկանալով խաբել մատուցողուհուն, վերցրել է այդ գումարը և մատուցողուհու հետ դուրս եկել միջանցք։ Տեսնելով իր ձեռքում եղած 5000 դրամանոց թղթադրամը, մատուցողուհին հրաժարվել է այն վերցնել և խնդրել է տալ մեկ ուրիշ թղթադրամ։ Ինքն ասել է, որ ուրիշ գումար չունի, որից հետո մատուցողուհին խնդրել է հեռանալ։ Մատուցողուհու պահանջից հետո իրենք հեռացել են։
Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս