Հաթերքում կվերականգնվեն ծխախոտագործության մշակման ավանդույթները

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ միասին նախօրեին այցելել է շրջանի Հաթերք համայնք:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից «Արցախպրես»-ին հայտնեցին, որ նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ և նրանց ներկայացրել կառավարության նոր քաղաքականությունը՝ ենթաշրջանում ծխախոտագործության մշակման և զարգացման ուղղությամբ:

«Ծխախոտագործությունը ամենաեկամտաբեր ճյուղերից է համարվում, իսկ Հաթերքում այդ ճյուղի զարգացման համար առկա են անհրաժեշտ պայմաններ»,-ասել է գյուղնախարարը՝ հավելելով, որ բոլոր նրանք ովքեր ցանկություն կունենան զբաղվելու՝ կտրամադրվեն սերմերն ու սածիլները, մոլախոտերի դեմ պայքարի միջոցները, կլուծվի ոռոգման հարցը, ինչպես նաև կցուցաբերվի անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն:

Մխոյանը նշեց նաև, որ «Մասիս տոբակո» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ենթաշրջանում վերամշակող արտադրամաս կառուցել, ինչը թույլ կտա ստացված բերքը իրացնել տեղում:

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարն իր հերթին ողջունել է կառավարության նոր ծրագիրը՝ նշելով, որ ենթաշրջանում ժամանակին ծխախոտագործության հաջողված փորձ է եղել: «Համոզված եմ, որ նախկին փորձը և այն ձևավորված ավանդույթները, որ ժամանկին ձևավորվել էր Հաթերքում իր դրական ազդեցությունն է ունենալու նոր ձեռնարկի վրա»,- ասել է Վ. Խաչատրյանը՝ համայնքի ղեկավարին հանձնարարելով նախկին փորձից ելնելով առաջարկություններ ներկայացնել:

Հանդիպման վերջում գյուղնախարարը պատասխանել է նաև թեմայի շուրջ ծագած հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս