Բաժիններ՝

«Սվետիկը դեռ մանկուց շատ էր սիրում երգել». Ասում է Լուսինե Զաքարյանի քույրը

Լույս է տեսել 20-րդ դարի երկրորդ կեսին Երևան եկած հռչակավոր երգչուհի Լուսինե Զաքարյանի մասին պատմող գիրքը, որը ներառում է արևելագետ Սերգեյ Մանվելյանի անձնական նախաձեռնությամբ հավաքագրված թվով 78 հուշեր և բազմաթիվ լուսանկարներ, որոնք հրապարակվում են առաջին անգամ: Գիրքը նախատեսված է երգչուհու արվեստի սիրահարների, երաժշտագետների, ինչպես նաև՝ ընթերցող լայն շրջանների համար: Գրքի շնորհանդեսին նախորդեց համերգային երեկո, որին հրավիրված էին բազմաթիվ արվեստագետներ: 168.am-ը Ձեզ է ներկայացնում գրքում տեղ գտած բազում հետաքրքիր և ուշագրավ հուշերից մի քանիսը:

Լուսինե Զաքարյանի քույրը՝ Ելենա Զաքարյանը, քրոջ մասին պատմելիս նրան անվանում է Սվետիկ, քանի որ «Լուսինե» անունը «Սվետլանա»-ի հայերեն թարգմանությունն է: Որպես երգչուհի՝ այդ անունով Սվետլանան սկսեց հանդես գալ 1965 թվականից:

Lusine Zaqaryan (4)«Սվետիկը դեռ մանկուց շատ էր սիրում երգել: Ջիլիդ Մեյդանի մեր բակի խորդանոցում մի փոքրիկ բեմ էր սարքում, կանգնում էր կենտրոնում ու երգում, արտասանում՝ արժանանալով հարևանների և հարազատների բուռն ծափերին: Մեր բոլոր հարևանների խելքը գնում էր նրա համար: Նա շատ շփվող աղջիկ էր, ուրախ, զվարթ, բայց ամաչկոտ: Ես ու քույրս սովորում էինք նույն դասարանում, քանի որ մինչ այդ քույրս գետն անցնելիս ընկել էր կամրջից և այդ տարի դպրոց չէր գնացել, իսկ հետո էլ հիվանդացել էր: Այդպես մենք հայտնվեցինք նույն դասարանում: Երբ նա 16 տարեկան էր, մայրս նրան տարավ Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որի տնօրենն էր Կոմիտասի աշակերտ Տիգրան Նալբանդյանը: Համերգներից հետո Սվետիկը հաճախ էր գալիս մեր տուն: Նա հրաշալի պարում էր: Երեխաներիս զվարճացնելու համար նա միացնում էր երաժշտությունն ու պարում թվիստ: Համերգների ժամանակ Սվետիկին միշտ լսում էի արցունքն աչքերիս: Իսկ նրա մահվանից հետո այլևս երբեք համերգների չեմ գնում… Սվետիկը հիվանդ էր շաքարախտով, որը վերջին տարիներին ավելի էր խորացել: Երբ պառկած էր Լեչկոմիսիայի հիվանդանոցում, և հարցնում էինք, թե ի՞նչ կցանկանար, միայն ասում էր. «Ինձ Էջմիածնից մի բուռ հող բերեք»: Հետո նա գնաց Ամերիկա՝ դիալիզի: Խորենը՝ ամուսինը, նրա հետ էր: 15 օր այնտեղ մնալուց հետո Խորենը եկավ Երևան, իսկ Լուսինեն ընկավ կոմայի մեջ:

Lusine Zaqaryan (5)– Ավելի լավ է մահանամ հայրենիքում, քան այստեղ մենակ մնամ,- ասաց Սվետիկը: Եվ վերադարձավ Հայաստան»,- պատում է Ելենա Զաքարյանը:

Կարդացեք նաև

Ե. Զաքարյանի վկայությամբ և պահպանված որոշ փաստաթղթերը վկայում են, որ Լուսինե Զաքարյանն իրականում ծնվել է 1935թ., ինչը Խորեն Պալյանի հետ ամուսնանալուց հետո, մեզ անհայտ պատճառներով, դարձել է 1937թ.:

Զորի Բալայանը գրքում պատմում է, թե ինչպես Լուսինե Զաքարյանի մահվանից 48 ժամ անց դեռ որոշված չէր հանգուցյալի թաղման տեղը:

«1993թ. Նոր տարի: Հունվարի մեկ: Սոս Սարգսյանի և Սարգիս Մուրադյանի հետ հավաքվեցինք Խորեն Պալյանի տանը: 48 ժամ էր անցել Լ. Զաքարյանի մահվանից, բայց դեռևս որոշված չէր հանգուցյալի թաղման տեղը: Ավելի ճիշտ, ինչպես Խորենն ասաց, իշխանությունները կտրուկ մերժել էին Պանթեոնը: Առաջարկել էին թաղել, այսպես ասած ՝ Քաղաքային պանթեոնում (Թոխմախգյոլ): Համարելով, որ բանավիճելն ապարդյուն կանցնի, որոշեցինք ուղևորվել Նորին Սուրբ Օծություն, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ: Սթափ գիտակցում էինք, որ մեր երկրում ընդհանրապես հստակ և անվիճելի չափանիշներ գոյություն չունեին Կոմիտասի այգում թաղում կատարելու յուրաքանչյուր առանձին դեպքի համար: Վեհափառը մեզ ընդունեց ցուրտ աշխատասենյակում: Ես առաջին անգամ արցունքներ տեսա Մեծ ծերունու աչքերում:

Lusine Zaqaryan (9)Ուշադիր մեզ լսելով՝ նա հազիվ լսելի ասաց. «Լուսինեն Կոմիտասի կողքին, իհարկե, տրամաբանական կլիներ պատմականորեն և ստեղծագործաբար: Բայց քանի որ այդպես ստացվեց, մենք նրան հողին կհանձնենք Ս. Գայանե եկեղեցու գավթում՝ իմ մոր գերեզմանի մոտ»: Վեհափառի կամքն ի կատար ածվեց հաջորդ օրը: Կարծում եմ՝ այդպես էր հաճո Աստծուն»,- գրում է Զորի Բալայանը:

Գրքում զետեղված են նաև այնպիսի անվանի արվեստագետների հուշեր, ինչպիսիք են Օֆելյա Համբարձումյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արաքս Մանսուրյանը, Ռոզի Արմենը: Եվ էլի բազում պատկառելի անուններ իրենց հուշերով են կիսվել այս գրքում:

Մենք զրուցեցինք նաև գրքի հեղինակ, մասնագիտությամբ արևելագետ Սերգեյ Մանվելյանի հետ:

Lusine Zaqaryan (2)

– Ինչպե՞ս որոշեցիք ձեռնամուխ լինել այնպիսի մեծածավալ աշխատանքի, ինչպիսին է Լուսինե Զաքարյանին նվիրված գրքի ստեղծումը: Եվ ովքե՞ր են աջակցել Ձեզ այս հարցում:

– Նման գիրք ստեղծելու մտահղացումն ու իրականացումն ինձ է պատկանում: Գիրքը սկսել եմ գրել 2012 թվականից, և շուրջ 78 հուշ՝ Հայաստանի և Սփյուռքի արվեստագետների կողմից, ներառել եմ այս գրքում:

– Գիրքը միայն հուշերի՞ հիման վրա է գրված, թե՞ կան նաև արխիվային, կենսագրական նյութեր, որոնք մինչ օրս անհայտ էին:

– Գիրքը հարստացված է կենսագրական տվյալներով և թեմատիկ լուսանկարներով: Այսինքն՝ յուրաքանչյուր հուշ ունի իր թեմատիկ լուսանկարը:

– Դուք բավականին երիտասարդ եք, սակայն այսօր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կարողացել եք Լ. Զաքարյանին նվիրված Ձեր գրքի շնորհանդեսի շուրջ հավաքել անվանի արվեստագետների, կազմակերպել համերգմիջոցառում՝ նվիրված Լուսինեին: Գաղտնիք չէ, որ հատկապես ավագ սերունդը մի փոքր կասկածամտությամբ է մոտենում երիտասարդ սերնդի նմանօրինակ նախաձեռնություններին: Եղե՞լ են արդյոք քննադատություններ:

Lusine Zaqaryan (10)– Արդեն իսկ արժանացել եմ քննադատության: Բնական է, որ կարծիքները տարաբնույթ են լինելու յուրաքանչյուր նմանօրինակ նախաձեռնություն իրագործելիս: Սակայն, ամեն դեպքում, ես իմ պարտքն եմ կատարել Լուսինեի հանդեպ: Ես պաշտում եմ Լուսինեին՝ որպես արվեստագետի, և նաև նրա մարդ կերպարով եմ հիացած: Նա ինձ համար կատարելության չափանիշ է՝ մարդու, երգչուհու, կնոջ, սիրո, ճշմարտության չափանիշ:

– Ինչպե՞ս սկիզբ առավ Լուսինե Զաքարյանի հանդեպ այն պարտքի զգացումը, որի մասին Դուք նշեցիք: Դուք այնքան երիտասարդ եք, ե՞րբ եք հասցրել կուտակել Ձեր ներաշխարհում այդքան շատ սեր՝ երգչուհու հանդեպ, ում չեք էլ տեսել: Մի օր արթնացաք ու որոշեցիք, որ պետք է գի՞րք գրեք նրա մասին, թե՞, ի վերջո, կա դրդապատճառ:

– Անգամ ամաչելով եմ ասում, բայց իմ կյանքում կար մի շրջան, երբ ես ինձ շատ վատ էի զգում: Չեմ ուզում նշել պատճառները… Սակայն կարող եմ ասել, որ հենց Լուսինեն՝ իր երաժշտությամբ, ինձ հանեց այդ իրավիճակից: Անվերջ լսում էի նրա երգերը: Հետո գնացի Լուսինեի գերեզմանին՝ նրա ծննդյան օրը՝ հունիսի 1-ին: Եվ այդպես որոշեցի, որ պետք է այդ բացը լրացնեմ, որ նրա մասին հուշերը չպետք է անվերադարձ կորչեն:

– Ի՞նչ տպաքանակով է գիրքը լույս տեսել, և ե՞րբ այն կլինի գրախանութներում:

– Գիրքը լույս է տեսել 1000 օրինակով, այսուհետ լինելու է բոլոր գրախանութներում, իսկ այսօր նաև նվիրվելու է և վաճառվելու: Այս գիրքը նաև Սփյուռքում է մեծ տարածում գտնելու:

Lusine Zaqaryan (6)

– Ո՞վ է հովանավորել գիրքը, և որքա՞ն գումար է ծախսվել գիրքը հրատարակելու համար:

– Գիրքը հովանավորել է ընկերս, թիվ չեմ կարող նշել, բայց ասեմ, որ մեծ գումարների մասին է խոսքը, քանի որ շատ որակով թղթի վրա ենք տպագրել այն:

– Համերգի ընթացքում բեմից նշվեց, որ մինչ գրքի լույս տեսնելը՝ թե՛ Ֆեյսբուքով, և թե՛ հեռախոսազանգերով, փորձել են խաթարել Ձեր աշխատանքը գրքի շուրջ:

– Հեռախոսազանգերին և անիմաստ գրառումներին այժմ չեմ ուզում անդրադառնալ, սակայն, երբ գրքի լուսանկարը տեղադրեցի Ֆեյսբուքում, թերթերից մեկում քննադատական հոդված գրվեց, որտեղ ինձ մեղադրում էին, թե ինչպե՞ս եմ «համարձակվել» գրքի շապիկին գրել անուն-ազգանունս: Ես կհամաձայնեի նրանց հետ, եթե այս գիրքը կազմեի արդեն իսկ գոյություն ունեցող հուշերի հիման վրա: Այդ ժամանակ ես կներկայանայի՝ իբրև կազմող միայն: Սակայն այդ բոլոր հուշերը ես եմ հավաքել՝ ձայնագրել, տեսագրել եմ որոշ արվեստագետների, ոմանց հետ հեռախոսազրույցներ եմ ունեցել, արխիվային նյութեր եմ փնտրել, և այդ ամենը մշակելով, խմբագրելով՝ դարձրել եմ մեկ ընդհանուր գիրք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս