«Եթե ժողովուրդն ակտիվորեն ասի` «ոչ», դժվար կլինի ընտրությունները կեղծելը». Լևոն Զուրաբյան
Ժողովուրդը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Այսպիսի տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Իշխանությունը, որ մի քիչ ավելի ազնիվ լիներ, կընդուներ, որ մեր բանակն ամբողջ ժողովուրդն է։ Երբ ասում եմ` մեր, միայն ՀԱԿ-ին նկատի չունեմ։ Ամբողջ ժողովուրդը դեմ է նոր Սահմանադրությանը: Միակ խնդիրը այդ դիմադրությունը կազմակերպելն ու արդյունքի հասնելն է»:
Նա նշեց, որ քարոզարշավի շրջանակներում մոտ 40 գյուղում են եղել ու ժողովրդի հետ խոսելիս հասկացել են, որ բոլորը գիտեն՝ սա վատ նախագիծ է և ունի Հայաստանում ժողովրդավարությունը թաղելու ու Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու նպատակ. «Ոչ-ոք չի էլ հարցնում՝ արժի՞, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացվի, թե՞ ոչ: Բոլորի համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը թալանի, մենաշնորհի, անարդարության իշխանություն է, որի միակ արդյունքը եղել է ժողովրդի արտագաղթը»:
Ըստ նրա՝ ժողովուրդը թերահավատ է միայն մի հարցում. «Ասում են՝ լավ, գնանք ասենք՝ «ոչ», բայց այդ «ոչ»-ը նորից դառնալու է «այո», ո՞նց եք սրա դեմն առնելու: Եվ իսկապես այս քարոզարշավի հիմնական մեխը դա է: Եթե ժողովուրդը մի քանի անգամ ակտիվորեն մասնացել է ընտրություններին, իսկ հետո հայտնաբերել, որ իր քվեն կեղծվել է և դրա պատճառով հիասթափություն ապրել, շատ դժվար է նույն ժողովդրին բացատրել, որ եկել է ժամանակը նորից քվեարկելու»:
Լ. Զուրաբյանի կարծիքով՝ այդ հարցի լուծումը շատ պարզ է. «Երկու բան է պետք ապահովել՝ ակտիվ հանրահավաքային պայքար և ընտրատեղամասերում հանրային վերահսկողություն: Եթե ամեն ընտրատեղամասում երկու-երեք մարդ ունենանք, ապա հաղթանակը կլինի ժողովրդինը: Այդպես եմ մտածում, որովհետև Իշխանությունները պետք է ապահովվեն առնվազն 700 հազար ձայն, դեռ քիչ եմ ասում, բայց այն իրավաբանական շեմն է, որ պետք է անցնեն, բայց քթանի որ պրոցեսը անցկացնելու են բազմաթիվ խախտումներով, որ գոնե ապահովեն հանրաքվեի լեգիտիմության շղարշը, նրանց շատ ավելի մեծ թվեր:
Այդ թվերն ապահովելու համար ունեն կեղծման երեք ձև ունեն` ընտրակաշառք տալ, բայց ընտրակաշառքի գումարը քիչ է ու մեթոդն էլ այդքան արդյունավետ չէ, այսինքն՝ այս մեթոդը սահմանափակվում է, ու մնում են մյուս երկու մեթոդները: Մեկը՝ բազմակի քվեարկողների բրիգադներն են, որը իրենք պետք է կիրառեն հիմնականում Երևանում և Սյունիքում:
Երևանից դուրս դժգոհությունը շատ մեծ է, գյուղապետերը կորցրել են վերահսկողությունը իրավիճակի վրա, չեն կարողանում ժողովրդին ինչ-որ բան պարտադրել: Իսկ Սյունիքում կօգտագործեն Սուրիկ Խաչատրյանի ստեղծած ահաբեկչական մթնոլորտը:
Մյուսն ամենակոպիտ ձևն է, երբ ուղղակի տեղամասում վերջին արձանագրությունը կեղծվում է՝ անկախ նրանից, թե ով կա այդտեղ: Բայց այս ընտրակեղծիքներն էլ ունեն իրենց լիմիտը, ասենք, մի քանի հարյուր հազար: Եթե ժողովուրդն ակտիվորեն ասի` «ոչ», դժվար կլինի ընտրությունները կեղծելը»: