Բաժիններ՝

«Մենք խոցել ենք А321-ը, սակայն չենք ասի՝ ինչպես». ԴԱԻՇ

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ջիհադիստները դարձյալ իրենց վրա են վերցրել Եգիպտոսում ռուսական ուղևորատար А321 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ն:

Համացանցում տեղադրված աուդիոուղերձում ասվում է այն մասին, որ հոկտեմբերի 31-ին ինքնաթիռի կործանումը այսպես կոչված «Սինայ վիլայեթ» («Սինայի նահանգ») խմբավորման իսլամիստների ձեռքի գործն է: Խմբավորումը Սինայի թերակղզում ԴԱԻՇ-ի ստորաբաժանումն է:

Ըստ հայտարարության՝ խմբավորումն այդ ահաբեկչությունն իրականացրել է ԴԱԻՇ-ին իրենց հավատարմությունը հայտնելու մեկամյակի կապակցությամբ:

«Մեզ չեն ստիպի բացատրել, թե ինչպես ենք մենք դա արել»,- ասված է աուդիոուղերձում:
Հիշեցնենք, որ А321-ի աղետից անմիջապես հետո ԴԱԻՇ-ը կարճ հաղորդագրություն էր տարածել, որտեղ ջիհադիստներն իրենց վրա էին վերցրել ինքնաթիռի կործանման պատախանատվությունը, սակայն չէին ասել, թե ինչ կերպ է դա տեղի ունեցել:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ԴԱԻՇ-ի հայտարարությունները քարոզչություն էր որակել:

Ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող Airbus A321-ը կործանվել էր Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս