Բաժիններ՝

Airbus А321-ի աղետը. Vesti-ն ներկայացնում է մահաբեր չվերթի սիրային պատմությունները

Vesti.ru-ն հուզիչ ռեպորտաժ է պատրաստել Եգիպտոսում կործանված A-321 ինքնաթիռի զոհերի մասին: Ռեպորտաժում ներկայացված են մահաբեր ինքնաթիռում գտնվող մարդկանց սիրային պատմությունները, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել էին այդ ինքնաթիռում:

Եգիպտոսում աղետի հետևանքով, ի թիվս այլ զոհերի, զոհվել է նաև մոսկվացի բորտուղեկցորդ Ստանիսլավ Սվիրիդովը, ում տանը սպասում էին կինն ու դուստրը: Նրա կինը՝ Աննա Սվիրիդովան, ով նույնպես բորտուղեկցորդ է, համաձայնել է հարցազրույց տալ Vesti.ru-ին:

Կինը խոստովանել է, որ ամուսինը վերջին երկու շաբաթվա ընթացքում կարծես փոխվել էր, դարձել «ավելի մեղմ»: Աննան ասում է, որ ամուսինը ավիացիան իրենից շատ է սիրել: Այս տարվա մայիսին Ատանիսլավն աշխատանքի էր ընդունվել

«Կոգալիմավիայում»: Կնոջ խոսքով՝ իր վերջին թռիչքից առաջ ամուսինը կարծես զգում էր, որ «ընդմիշտ մնալու է երկնքում»:
«Եթե ինչ-որ բան պատահի, դու անձամբ ամեն ինչ նորություններից կիմանաս»,- ասել էր նա կնոջը:

Ռեպորտաժում ասվում է, որ մարդիկ դեռ երկար կհիշեն փոքրիկ Դարինա Գրոմովային, ում՝ օդանավակայանում արված լուսանկարը դարձավ այդ ողբերգության խորհրդանիշը, Նաստյա Շեյնին, ով հոր գրկում լուսանկարվել էր ինքնաթիռի ֆոնին, Պսկովի փոխքաղաքապետին, ով Եգիպտոս էր մեկնել կնոջ հետ՝ այնտեղ տոնելու նրա ծննդյան օրը, բոլորին, ովքեր չհասցրեցին հրաժեշտ տալ իրենց մտերիմներին՝ նստելով չարաբաստիկ ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել է շաբաթ օրը Սինայի թերակղզում:

Ավիաաղետի հետևանքով զոհվել է 224 մարդ: Նրանց մեծ մասը եղել են ռուսներ: Ինքնաթիռում գտնվել է 4 ուկրաինացի, 1 բելառուս և 1 հայ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս