Խորհրդարանական ընտրություններ Լեհաստանում. պահպանողականները համոզիչ հաղթանակ են տանում
Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել պահպանողական «Իրավունք ու արդարություն» կուսակցությունը:
Էքզիթ-փոլի տեղեկությունների համաձայն՝ եվրոսկեպտիկ Յարոսլավ Կաչինսկու ընդդիմադիր կուսակցությունը ստացել է ձայների 39,1%-ը, իշխող «Քաղաքացիական հարթակը»՝ 23,4%-ը: Կուսակցության ղեկավար, Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչն արդեն պաշտոնապես ընդունել է պարտությունը, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եթե այս տվյալները հաստատվեն ձայների վերջնական հաշվարկի արդյունքում, դա կնշանակի, որ պահպանողականները կկազմեն խորհրդարանական մեծամասնություն ու կկարողանան ինքնուրույն ձևավորել կառավարություն:
Յարոսլավ Կաչինսկին անձամբ չէր հավակնում երկրի վարչապետի պաշտոնին, այլ այդ պաշտոնում առաջադրում էր քիչ հայտնի Բեատա Շիդլոյին:
Առանցքային հարցերից մեկը, որը քննարկվում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում, փախստականների հետ կապված եվրոպական ճգնաժամն էր: Թեև Լեհաստանի կառավարությունը համաձայնել էր ընդունել 7 հազար փախստականի, «Իրավունք ու արդարություն» կուսակցությունն ու այլ ընդդիմադիր կուսակցություններ դեմ էին հանդես գալիս այդ քայլին:
Կաչինսկու կուսակցությունը միշտ մոտ է կանգնած եղել եկեղեցուն ու վայելել է գյուղաբնակների աջակցությունը:
«Իրավունք ու արդարություն» կուսակցությունը խոստացել է ավելացնել կենսաթոշակներն ու նվազեցնել հարկերը, ինչպես նաև աջակցում էր աբորտների ու արհեստական բեղմնավորման արգելքին: