««Ոչ»-ի ճակատը պետք է համախմբվի մի սկզբունքի շուրջ՝ ապահովել հանրաքվեի օրինականություն». Բագրատ Ասատրյան

Հարցազրույց 1990թ. Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ

– Պարոն Ասատրյան, սահմանադրական փոփոխությունների նախագիծն ինչպե՞ս եք գնահատում։

– Անկեղծ ասած` շատ հետաքրքրված չէի` ճիշտ այնպես, ինչպես հայ հասարակությունն է վերաբերվում. բացարձակ մեծ անտարբերություն կա, որովհետև գիտեն, որ իշխանությունը քաղաքական ինչ-որ նպատակներ ունի, և հասկանում է, որ այս քաղաքական ուժը ոչ մի բանի հետ հաշվի չի նստելու և իր նպատակն իրագործելու է` անկախ նրանից, որ այս «բարեփոխումից» հասարակությունն օգտվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ըստ իս, հասարակության մեջ ավելի է խորանալու անտարբերությունն առ քաղաքական համակարգ, առ իշխանություն, առ Հայաստանն ընդհանրապես։ Ինչ-որ անհատներ, իհարկե, կօգտվեն, իշխող ուժը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիներին Մելիք-Ադամյանից է կառավարվելու երկիրը, և չգտնվեց Հայաստանում մի պաշտոնատար անձ, որ արձագանքի, հարց դնի, թե ի՞նչ հակասահմանադրական հայտարարություններ եք անում։

Չեմ ուզում քաղաքական խնդիրների մասին խոսել, սակայն չեմ էլ կարող չհիշեցնել, որ ես այն սերնդի ներկայացուցիչներից եմ, որ համակարգային փոփոխություն իրականացրեց մեր երկրում։ Հիշեցնեմ միայն, որ երբ 1990թ. պառլամենտական երկիր Հայաստանում առաջին անգամ այլընտրաքային սկզբունքով օրենսդիր մարմին ձևավորվեց, երկիրը կանգնեց ճգնաժամի առաջ, և գործունեությունը սկսելուց 3 ամիս անց Գերագույն խորհուրդը հրաժարվեց կառավարություն ձևավորելու իր լիազորությունից և այն վերապահեց վարչապետին։ Հիմա ոչ ոք չի ուզում դա հիշել, բայց, ի թիվս այլ խնդիրների` նաև դրա արդյունքում փոփոխվեց կառավարման համակարգը և անցում կատարվեց նախագահական համակարգին։

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր հասարակության մեջ եղած քաղաքական մոդելը պետք է իրեն սպառի կամ արդյունքները տա, իսկ մեզ մոտ ակնհայտ է, որ նախկին համակարգով դեռ ճանապարհ ունենք անցնելու։

– Որպես ԿԲ նախկին ղեկավար` ի՞նչ կարծիքի եք Կենտրոնական բանկի վերաբերյալ դրույթների մասին։

– Կարելի է ասել, որ սա նոր Սահմանադրություն է, որովհետև որակական տեղաշարժեր կան, առկա են նաև որոշ դրական փոփոխություններ` իրավունքների, դատական համակարգի հատվածներում, սակայն, ամեն դեպքում, այս Սահմանադրության հիմքում դրված կոնցեպցիան անորոշ է։ Բավականին մեծ է խառնաշփոթը և տպավորություն կա, որ յուրաքանչյուր հատված ունեցել է իր պատասխանատուն, որը փորձել է ավելին անել, քան պետք է։ Այսինքն` անառողջ մրցակցային մթնոլորտ կա, որն ակնհայտորեն երևում է ԿԲ-ի մասին հոդվածներում։

Տեղ-տեղ նույնիսկ կարելի է համեմատել մանկապարտեզի չար երեխաների հետ, որ ավազի խաղահրապարակում քանդում են բարիների կառուցածները։ Եվ կարծես թե ԿԲ հատվածն ընկել է հենց այդ վատ երեխաների ձեռքը։ Հիմնական հարցը տվյալ դեպքում հետևյալն է` ինչո՞ւ են անհրաժեշտ այդ փոփոխությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 14-րդ գլխին (200 և 201 հոդվածներ)։ Սկզբունքային հարցն այստեղ հետևյալն է` Սահմանադրությունը թե՛ ԿԲ-ին, թե՛ ԿԲ խնդիրներին պե՞տք է անդրադառնա, թե՞ ոչ, ես համոզված եմ` ոչ։ ԿԲ-ների ինստիտուցիոնալ զարգացման պատմության տրամաբանության մեջ այն սկզբունքն է իշխել, որ բանկը ստեղծել են կամ պետությունները` ի դեմս օրենսդիր մարմինների, կամ մասնավորը, որոնք, հավանաբար, իրավունք ունենան նաև լուծարել, կամ ևս մեկը` երկրորդը, երրորդը ստեղծել։

Մարդկության պատմության վերջին 200-300 տարիները դա են ասում։ Այսօր ՀՀ-ն միակը չէ, որ Սահմանադրության մեջ արձանագրում է, բայց կարծում եմ, քանի դեռ զարգացման ճանապարհ ունենք, ԿԲ խնդիրները վերջնական հստակեցված չեն, հայտնի չէ, ի վերջո, մենք մշտապես մե՞կ ԿԲ պետք է ունենանք, թե՞ մի քանիսը, ես կարծում եմ` ԿԲ անունը Սահմանադրության մեջ չպետք է արծածվեր, առավել ևս` այսպիսի ձևերով, կամ հիշատակվել բացառապես կառավարման մարմինների լիազորությունների մասով։ Կամ` շարունակեմ` այս գլխի առաջին հոդվածի առաջին կետում գրված է` «Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է»։ Ի՞նչ է ազգային բանկը։ Նման ինստիտուտ չկա մեր իրավական որևէ ակտում։ Օգտվել են ինչ-որ երկրի օրինակից, որը, սակայն, պատմության ընթացքում ունեցել է ազգային բանկ և, խառնաշփոթ թույլ չտալու համար` նման արձանագրություն է արել։ Ազգային բանկ տերմինը ՀՀ որևէ օրենքում արծարծված չի եղել։

Երկրորդ կետն ասում է` «Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներն են գների ու ֆինանսական կայունության ապահովումը»։ ՀՀ ժամանակակից ԿԲ-ի զարգացման կարևոր նախադրյալն այն էր, որ դեռ 1996թ. առանձնացրեցինք և հստակեցրեցինք ԿԲ հիմնական առաքելությունը, որն էլ նրա գլխավորն խնդիրն է։ Իրավական առումով այդ խնդրի առանձնացումը հնարավորություն տվեց, որ ԿԲ-ն զարգանա և ունենա ներկայիս դիրքը մեր համակարգում։ Իսկ այսօր շատ անորոշ խնդիր է դրվում։

Ի՞նչ է ֆինանսական կայունությունը։ Գների կայունությունը չափելի է, և հասարակությունն ինքը կարող է գնահատել։ ԿԲ-ն լավ աշխատի` գնաճը ցածր կլինի, վատ աշխատի` բարձր։ Իսկ «ֆինանսական կայունություն» ասվածում մի մեծ անորոշություն կա, որը շատ-շատ դժվար է մեկնաբանել։ Ի վերջո, ԿԲ պատմության մեջ սա, ըստ էության, երրորդ փոփոխությունն է. մենք ունեցել ենք 1993 թ. օրենքը, որը ԿԲ-ի առջև դնում էր խնդիրներ, 1996 թ. օրենքը, որտեղ խնդիրների շարքը փոփոխվեց և առանձնացվեց գլխավոր խնդիրը։ Հիմա, հավանաբար, հերթական փոփոխությունը պետք է անենք ու դնենք 2 գլխավոր նպատակ և մնացած խնդիրները։

Այսինքն` մոտ 2 տասնամյակի ընթացքում 3 փոփոխություն ենք արել։ Իսկ արդյոք կյանքը չի՞ պարտադրելու, որ ընդամենը 3-5 կամ 10 տարի հետո մենք ԿԲ-ի առջև նոր խնդիրներ դնենք, կամ եղածը փոխենք։ Համոզված եղեք, առաջիկայում կրկին կփոփոխվի, և այս դեպքում արդեն` ոչ թե օրենքով, այլ Սահմանադրությամբ։ Բայց արդյոք Սահմանադրությունները նման պատճառներով պետք է այդքան արագ ենթակա լինե՞ն փոփոխության։ Այս նախագծի հեղինակները հավանաբար մոռացել են, որ օրենքը երբեք չպետք է հակադրվի Սահմանադրությանը, սակայն նման հնարավորություններ ստեղծել են։ Բազմաթիվ են այն խնդիրները, որ մեր օրենսդրությունն ասում է, որ սա օրենսդիրի լիազորությունն է, օրինակ` օրենսդիրն է սահմանում, որ ՀՀ արժույթը հայկական դրամն է։

Դրամը կարող է փոխվել, այլ փող լինել, այլ անուն ունենալ, և այլն։ Սա, իհարկե, օրենսդիր մարմնի իրավասությունն է, սակայն նույն հարցը կարգավորվում է նաև Սահմանադրությամբ։ Արդյոք դա հանրաքվեո՞վ պետք է լուծվի և Սահմանադրությունով փոխվի՞, կարծում եմ` ոչ։ Դրանք այն խնդիրները չեն, որ սահմանադրական կարգավորման առարկա լինեն։ Ամենահետաքրքիրը ԿԲ նախագահի ու ԿԲ ղեկավար մարմինների ձևավորումն է։

Թվում է` ինչ-որ մեծ առաջընթաց են ապահովել, որ ասում են` ԿԲ նախագահը որակյալ մեծամասնությամբ` 3/5-ով է ընտրվում ԱԺ-ի կողմից։ Բայց սա, ըստ իս, ամենամեծ նահանջներից է, որ համակարգում տեղի է ունենում։ Սա նշանակում է, որ հետզհետե ավելի քաղաքականացվում է ԿԲ-ի և դրա նախագահի պաշտոնը, ինչն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում։ Այդ վտանգները հասարակությունը կզգա միայն տարիներ հետո։ Հայտնի է, որ ԿԲ ամենաանկախ նախագահները համարվում են նրանք, որոնց ընտրում է ԿԲ աշխատակազմը։

Նրանք քաղաքական մարմիններից հեռու պետք է լինեն։ Իսկ այսօր ակնհայտ քաղաքականացում է գնում։ Օրինակ, եթե առաջարկեին` մեր համակարգի պարագայում երկրի նախագահը հաստատեր կամ ձևավորված ԿԲ խորհուրդն իր կազմից ինքնուրույն ընտրեր ԿԲ նախագահին, դա ավելի ընդունելի կլիներ։ Նույնը և հաջորդը. «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ»։ Սա քաղաքական պաշտոնները բնութագրող սահմանափակում է։

Եթե մասնագետ է, գնալով գիտելիքներն ավելացնում է, ինչո՞ւ` ոչ։ Ի՞նչ է` ԱՄՆ-ը սխալ է արե՞լ, որ Դաշնային Պահուստային Համակարգի պատմության մեջ ղեկավարներ կան, որ շատ երկար են պաշտոնավարել։ Եվ ընդհանրապես, աշխարհում ընդունված սկզբունք է, որ ԿԲ նախագահները հնարավորինս երկար պաշտոնավարեն, բազմաթիվ երկրներում ընդունված է, որ մեր երկրի ՍԴ-ի սկզբունքով` մինչ որոշակի տարիք կամ անգամ ցմահ։ Ինչո՞ւ այդպես չլինի։ Ինչո՞ւ ՍԴ-ն, որ ակնհայտ քաղաքականացված անձինք են, իրենց հնարավորություն է տրվում մասնագիտորեն լիարժեք դրսևորվել, իսկ այս դեպքում` ոչ։

Շարունակությունն ավելի հետաքրքիր է։ Այն, որ ԿԲ նախագահը չի կարող «որևէ այլ ձևով զբաղվել քաղաքականությամբ», չեմ կարծում, որ իրավական հստակ բովանդակություն ունի և Սահմանադրությանը հարիր ձևակերպում է։ Իսկ շարունակությունն ավելի հետաքրքիր է. «Հրապարակային ելույթներում նա պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի»։ Հիմա մի իրավաբան գտեք, որ կարողանա բացատրել, թե ի՞նչ իրավական բովանդակություն ունի սա և ի՞նչ հետևանք կարող է ունենալ։ Զավեշտ է։ Բայց ավելի զավեշտ է հաջորդ կետը.

«Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի ձայների մեծամասնությամբ»։ Սա էլ է քաղաքականացնում և կարող է մեկ մեկնաբանություն ունենալ` որ ԿԲ նախագահը միշտ պետք է նայի քաղաքական երաշխավորված մեծամասնության բերանին, այսինքն` պետք է քաղաքական խամաճիկը դառնա այն մարդկանց, որոնք ո՛չ անցյալ ունեն, ո՛չ ներկա, ո՛չ էլ ապագա։ Ընդհանրապես, Սահմանադրության ուժը նրա կայունության մեջ է։ Ի՞նչ է ստացվում ՀՀ-ում։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ ընդունվեց առաջին Սահմանադրությունը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005-ին իրականացրեց սահմանադրական փոփոխություններ, և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին սահմանադրական փոփոխություններ է ուզում անել։ Այս պարագայում այս Սահմանադրությունը հիմնակա՞ն օրենք է, թե՞ օրենք է, որը չի տարածվում անգամ հաջորդ նախագահի պաշտոնավարման ժամկետի վրա։ Սա ամենասարսափելին է։ Այսինքն` հիմք է դրվում մի երևույթի, որ յուրաքանչյուր հաջորդը Սահմանադրություն փոխի։

– Քարոզարշավն արդեն սկսվել է, «այո»-ի և «ոչ»-երի ճամբարները ձևավորված են, ինչպե՞ս եք գնահատում ներկայիս գործընթացները։

– Իրական պատկերը փողոցում է երևում` հասարակությունը շատ խորն անտարբերությամբ է լցված, առավելագույնը` 5%-ը հետաքրքրություն ունի Սահմանադրության նկատմամբ։

– Այս պարագայում կեղծիքներ պետք է անե՞ն` հանրաքվեն կայացնելու համար։

– Այլ ճանապարհ չկա, հիշեք միայն նախորդ` 2005թ. Հանրաքվեն և այն, որ առկա հարցադրումները չեն հուզում մեր հանրությանը։ Նաև այն խնդիրները չեն դրված, որ կարող են հուզել։ Հասարակությունը կանգնած է շատ լուրջ խնդիրների առջև, որոնցից ամենալուրջն արդյունավետ կառավարման համակարգի ստեղծման խնդիրն է։ Իսկ արդյունավետ կառավարման ստեղծման հիմքն օրինական ընտրություններն են։ Արդյոք մեզ խոստանո՞ւմ են, որ ընտրություններն օրինական կլինեն։ Ակնհայտ է, որ` ոչ։

– Հանրապետականները հայտարարում են, որ միջազգային, ժողովրդավարական չափանիշներով հանրաքվե կանցկացվի, և կեղծելու խնդիր չկա։ Սակայն իշխանական շտաբի ղեկավարը Հովիկ Աբրահամյանը նշանակվեց, ով նաև նախագահական ընտրությունների ժամանակ էր ՀՀԿ շտաբի ղեկավարը։ Իսկ այն ժամանակ ընդդիմությունն աղաղակող կեղծիքների մասին էր հայտարարում։

– Օրինական ընտրությունների հույս չի կարելի ունենալ, որովհետև այս իշխանությունն այլ կերպ չի կարող։ Պատմությունն է դա ապացուցում։ Ես չեմ կարծում, որ «ոչ» քարոզելու մեծ կարիք կա։ Սահմանադրության նախագիծը կազմողները վատ աշխատանք են կատարել, խոսեցի մի հոդվածի մասին, մյուս մասնագետները մյուս հոդվածների վերաբերյալ նույնն են փաստում։ Կարծում եմ` ամբողջ «ոչ»-ի ճակատը պետք է համախմբվի մի սկզբունքի շուրջ, որ հանրաքվեի օրինականությունն ապահովեն։ Բովանդակային առումով հանրությանը հասցնելու խնդիր չկա։ ՀՀ քաղաքացու, պետության ու հասարակության զարգացման խնդիրը չի դրվում, այլ այս քաղաքական ուժի վերարտադրության հարցը։ Հավատացեք, բացի գործող պաշտոնյաներից ու կերակրատաշտակին մոտ լինելու ձգտում ունեցողներից, շատ ջատագով այն մեր երկրում չունի։

Տեսանյութեր

Լրահոս