Ոստիկանությունը զգուշացնում է, բայց խուճապի պետք չէ մատնվել

Ովքե՞ր են առավել հաճախ դառնում կողոպուտի զոհեր, ի՞նչ առանձնահատկություններ ունի հանցագործությունը

Օրերս Ոստիկանությունը տեսանյութ էր պատրաստել կողոպուտների դեպքերի մասին՝ քաղաքացիներին, հատկապես` կանանց, խորհուրդ տալով օտար մարդկանց հետ շքամուտք չմտնել, օրվա մութ ժամերին փողոցում քայլելիս ի ցույց չդնել զարդերը և ուշադիր լինել: Հասարակության շրջանում կարծես թե անհանգստություն կա: Տեսանյութի, հանցատեսակի վերաբերյալ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի 5-րդ (գույքային հանցագործությունների դեմ պայքարի) բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Պավել Օրդյանի հետ:

– Պարոն Օրդյան, Ոստիկանությունը տեսանյութ էր պատրաստել կողոպուտների դեպքերի մասին: Հասարակության շրջանում կարծես թե անհանգստություն կա: Ի՞նչն էր դրդել Ոստիկանությանը` պատրաստել տեսանյութը:

– Նախ` նշեմ, որ ընդհանրապես, ինչպես` Երևան քաղաքում, այնպես էլ` Հայաստանի Հանրապետությունում, Ոստիկանությունը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը, տարվում է ամենօրյա ինտենսիվ պայքար՝ կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Կայքէջերում տեղադրված, ոչ ճիշտ մեկնաբանված տեսանյութի վերաբերյալ կցանկանայի ասել, որ քաղաքացիների կողմից անհանգստության պատճառ չկա, որովհետև Ոստիկանության լրատվական վարչությունն այդ տեսանյութը տեղադրելով` ցանկացել է ցույց տալ տվյալ հանցատեսակով մի շարք հանցագործությունների բացահայտումը, բացի այդ՝ փորձել է կանխարգելիչ աշխատանքներ կատարել, այսինքն՝ ժողովրդին հորդորել՝ ինչպես պահեն իրենց, որպեսզի հանցագործների համար թիրախ չդառնան, որովհետև ցանկացած մարդ` ելնելով իր գործողություններից, պոտենցիալ հանցագործության թիրախ է:

Կարդացեք նաև

Եթե տվյալ պարագայում քաղաքացին կարող է ի ցույց դնել ոսկյա զարդը, նա պոտենցիալ թիրախ է դառնում: Հանցագործության թիրախ կարող են հանդիսանալ նաև ավտոմեքենաները, եթե անձն ավտոմեքենան թողնի փողոցում՝ ապակիները, դռները բաց, և եթե տեսնեն, որ տերը մոտակայքում չէ: Այնպես որ, ոչ թե ասվել է, որ տվյալ հանցատեսակը շատացել է, կամ որպեսզի մարդկանց մոտ խուճապ տիրի, այլ պարզապես նախազգուշացրել են, որ ցանկալի չէ երեկոյան, նաև ցերեկային ժամերին անծանոթ քաղաքացու հետ մտնել մուտք, վերելակ կամ այլ ոչ մարդաշատ վայրեր, քանի որ դիմացինին չես ճանաչում և չես կարող ակնկալել, թե ինչ գործողություններ կկատարվեն իր կողմից:

Երևան քաղաքում ներկա պահի դրությամբ արձանագրվել է անձնական գույքի հափշտակության 2778 դեպք, որը, ճիշտ է՝ 31 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի թվից (ներկայացնում եմ առ երեկ գրանցված թվերը՝ 28.09.2015), սակայն դրանք էական նշանակություն չեն կարող ունենալ:

Խոսքը գույքային հանցագործությունների մասին է, որի մեջ մտնում են և՛ ավազակային հարձակումները, և՛ կողոպուտները, և՛ գողությունները: Ընդհանուր 31 դեպքով աճ ունենք, սակայն, դրա հետ մեկտեղ, ունենք բացահայտման զգալի աճ: Այսինքն՝ եթե նախորդ տարի բացահայտվել է նշված հանցագործությունների 48.8 տոկոսը կամ 1341 դեպք, այս տարի բացահայտվել է 1403 դեպք կամ 50.5 տոկոսը, ինչը հանցագործությունների բացահայտման գծով զգալի առաջընթաց է:

– Իսկ կողոպուտի քանի՞ դեպք է գրանցվել:

– Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ունենք դեպքերի նվազում. այս տարի կողոպուտի դեպքերը կրճատվել են 11-ով: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 127 դեպք, այս տարի՝ 116: Այսինքն՝ 11 դեպքով կամ 8.7 տոկոսով նվազում է գրանցվել: Բացի այն, որ դեպքերի թիվը կրճատվել է, ունենք բացահայտման աճ: Եթե անցյալ տարի բացահայտվել է կողոպուտների 45.7 տոկոսը, այս տարի բացահայտվել է 51.7 տոկոսը: Այսինքն՝ եթե նախորդ տարի գրանցված 127 դեպքից 58-ն է բացահայտվել, այս տարի 116-ից 60-ն է բացահայտվել:

Նաև կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այս տարի ավելի շատ հանցագործությունների դեպքեր են բացահայտվել ոչ միայն` քանակով, այլ` կատարողներով: Դա պայմանավորված է նաև նրանով, որ, եթե նախորդ տարիներին հանցագործները բռնվելու դեպքում պատմում էին մի շարք այլ հանցագործությունների մասին, այս տարի իրենց դիրքորոշումը մի փոքր այլ է. փորձում են` չընդունելով անգամ այն հանցագործությունը, որով բռնվել են, խուսափել պատժից: Բայց դրա հետ մեկտեղ` ունենք այսքան բացահայտված դեպքեր, ինչը զգալի աճ է հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման մեջ: Բացահայտման աճ է գրանցված բոլոր գույքային հանցագործություններով:

Ոստիկանությունն ամենօրյա ինտենսիվ պայքար է մղում դրանց կանխարգելման, կատարված հանցագործությունների բացահայտման դեմ: Մեր քաղաքացիների կողմից մտահոգվելու կարիք չկա: Ցանկացած հանցագործության դեպքով՝ անկախ դրա ծանրության աստիճանից, Ոստիկանությունը գնում է մինչև վերջ, կատարում բոլոր հնարավոր աշխատանքները: Եթե որևէ մեկը հանցագործության զոհ է դարձել, թող չմտածի, թե` լավ, կանցնի-կգնա, մեկ ամիս, մեկ տարի կանցնի, այլևս իմ գործով ոչ ոք չի զբաղվի: Նման բան չկա: Ցանկացած հանցատեսակի բացահայտման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում: Եվ իմ խնդրանքն ու հորդորը բոլոր լրատվական կայքերին՝ ցանկացած տեղեկություն մեկնաբանել այնպես, որ ներկայացվի այն տեսանկյունից, ինչ կա, այլ ոչ թե ներկայացնել այլ տեսանկյունից՝ չմտածելով, որ կարող են քաղաքացիների շրջանում խուճապ առաջացնել:

Ճիշտ է ՝ Ոստիկանությունը միշտ կանգնած է, կանգնելու է քաղաքացիների կողքին, բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով պայքարելու է հանցագործների, հանցագործությունների դեմ, սակայն ժամանակ առ ժամանակ ցանկացած հանցատեսակի վերաբերյալ Ոստիկանությունը կարող է բացատրական տեսանյութեր տարածել, որ որոշակի միջոցառումների դեպքում հնարավոր է խուսափել որոշակի հանցատեսակից: Պարզապես ճիշտ ընկալեն և ճիշտ մատուցեն քաղաքացիներին:

– Կողոպուտի կատարման որոշակի առանձնահատկություններ կարո՞ղ եք նշել՝ կատարման ժամանակ, վայրեր…

– Կողոպուտների թիրախ հիմնականում հանդիսանում են կանայք և աղջիկները, քանի որ հիմնականում իրենք են կրում պայուսակներ կամ ոսկյա զարդեր, որոնք իրենցից արժեք են ներկայացնում: Կողոպուտի կատարման վայրեր հիմնականում կարող են հանդիսանալ ոչ մարդաշատ վայրերը՝ փոքր-ինչ ոչ մարդաշատ փողոցները, գետնանցումները, այգիները, որտեղ հանցագործն ընտրում է իրեն առավել հարմար ժամանակը և կողոպտում: Կողոպուտի վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն ինքն իրենով առանձնապես ծանր հանցագործություն չէ, բայց կողոպուտից ավազակային հարձակման անցնելը մի քայլ է:

Այսինքն՝ կողոպուտն ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունն է, որը կատարվել է կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելով, իսկ ավազակությունն՝ արդեն բռնություն կիրառելով և զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաներով: Երկուսն էլ բացահայտ կատարվող հանցագործություններ են, գողություն չեն, երբ գույքը գաղտնի հափշտակվում է, հանցագործն անմիջապես շփվում է տուժողի հետ, ինչն իրենից արդեն վտանգ է ներկայացնում: Ամեն րոպե, ինչպես` հանցագործի, այնպես էլ` տուժողի գործողություններում կարող են ոչ ադեկվատ գործողություններ լինել, ինչը հանգեցնի ավելի վատ հետևանքների: Եթե տուժողը դիմադրություն ցույց տա, հանցագործը օրինակ, կարող է վախից ելնելով` հրի նրան, ով ընկնի և մարմնական վնասվածք ստանա, կամ` հակառակը. շատ են եղել դեպքեր, երբ հանցագործը փորձել է կողոպտել քաղաքացուն, տուժողի կամ մոտակայքում գտնվող քաղաքացիների կողմից նա վնասազերծվել է, անգամ փոշմանել է, որ նման քայլի է գնացել:

Եթե խոսենք կողոպուտների կատարման ժամանակի մասին, ապա հանցագործները հիմնականում փորձում են ընտրել երեկոյան կամ գիշերային ժամեր, քանի որ դեմ հանդիման հանդիպելու են տուժողի հետ, որպեսզի տուժողը չկարողանա իրենց լավ տեսնել, լավ չմտապահի արտաքին տվյալները: Սակայն դա չափանիշ չէ, որ ասենք՝ միայն այսպես է լինում: Դեպքեր լինում են և առավոտյան, և ցերեկային ժամերին և հիմնականում այն վայրերում, որոնք մարդաշատ չեն:

– Իսկ վերլուծություն կա՞, թե ո՞ր տարիքի անձինք են ավելի շատ դիմում այդ հանցագործությանը, և արդյոք մե՞ծ է հանցագործությունը կրկնելու հնարավորությունը:

– Տվյալ հանցատեսակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հիմնականում այն կատարում են տարիքով ավելի երիտասարդ հանցագործները, որովհետև ուրիշի գույքը հափշտակելուց հետո՝ կլինի ոսկյա զարդ, պայուսակ, բջջային հեռախոս թե այլ իր, նա դիմում է փախուստի, անձը ֆիզիկապես պետք է ի վիճակի լինի փախչելու: Եթե նա միջահասակից ավելի մեծ լինի, դժվար կարողանա փախչել: Հիմնականում դրանով է պայմանավորված, որ հիմնականում, չեմ ասում` 100 տոկոսով, մինչև 30-35 տարեկան անձինք են այդ հանցագործության դիմում:

Դրանից ավելի մեծ տարիքով անձինք հիմնականում կողոպուտներ կատարող չեն լինում, որովհետև չեն կարող դիմել փախուստի, անմիջապես կհետապնդվեն թե՛ քաղաքացիների, թե՛ մոտակայքում ծառայություն կատարող ոստիկանական վերակարգերի կողմից և կվնասազերծվեն:

Իսկ կրկնվելու հանգամանքն էլ նրանով է պայմանավորված, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում փոքր-ինչ շատ տարածքում գտավ մեր դատարանների կողմից գրավ կիրառելը կամ պարզապես ստորագրության միջոցով հանցագործներին բաց թողնելը: Ոստիկանության կողմից հանցագործություն կատարած քաղաքացիները հայտնաբերվում են կամ նախաքննության մարմնի, կամ դատարանի կողմից, հաշվի առնելով, որ կողոպուտն իրենից առանձնապես ծանր հանցագործություն չի ներկայացնում, դրա համար պատժամիջոցները ցածր են, կիրառվում է կա՛մ գրավ, կա՛մ ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: Տվյալ անձն էլ` դուրս գալով, կրկին կատարում է այդ հանցագործությունը:

– Երևանում կարծես թե շատանում են տեսախցիկները: Դրանք նման հանցագործությունները բացահայտելու համար օգնո՞ւմ են Ոստիկանությանը:

– Տեսախցիկների տեղադրումն առաջին հերթին` կանխարգելիչ միջոցառում է, քանի որ ցանկացած հանցագործ արդեն իսկ տեսախցիկի առկայությունից կաշկանդվում է: Այն վայրերում, որտեղ տեսախցիկներ կան, նախ` հանցագործություններն են քիչ լինում, երկրորդ՝ տեսախցիկները ֆիքսում են հանցագործություն կատարող անձին, և ավելի հեշտ է լինում տվյալ անձի ինքնությունը պարզելը, հայտնաբերելը, վնասազերծելն ու նախաքննության մարմնին ներկայացնելը: Իհարկե, դրանք օգնում են: Իմ կողմից խնդրանք, հորդոր՝ եթե հնարավոր է՝ քաղաքացիները թեկուզ իրենց միջոցներով (դա մեծ ծախսեր չի պահանջում) տեսախցիկներ տեղադրեն, մուտքի բնակիչներով կարող են հավաքվել, տեսախցիկներ տեղադրել: Ե՛վ կվերահսկեն իրենց բակի անցուդարձը, և՛ կանխարգելիչ միջոցառում կլինի՝ հանցագործություններ տեղի չեն ունենա:

– Դուք նշեցիք, թե որ տարիքի անձինք են հիմնականում դիմում կողոպուտի: Անչափահասների դերակատարումն ինչպիսի՞ն է, շա՞տ են:

– Ոչ, միանշանակ սխալ կլինի ասել, որ շատ են: Պարզապես ես կցանկանայի նշել, որ հանցավոր աշխարհում հիմնականում ընդունված է ավելի երիտասարդ կադրերով (կոպիտ եմ ասում) համալրել իրենց շարքերը: Ճիշտ է՝ անչափահասների կողմից կատարված հանցագործություններն այդքան շատ չեն՝ հաշվի առնելով, որ Ոստիկանության կողմից կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում. մենք դպրոցներում տեսուչներ ունենք, որոնք համապատասխան ծառայություններ են կատարում: Բայց, այսպես ասած, փոքր-ինչ հնարավոր է` հետագայում անչափահասների ներգրավումը շատանա, քանի որ մեր ազգի մենթալիտետը փոքր-ինչ փոխվել է:

Մեր երիտասարդությունը սկսել է իր կաղապարներից դուրս գալ, լայն, ավելի ազատ մտածելակերպ դրսևորել, հարգանքը դեպի մեծերը, հասարակությունն արդեն փոքր-ինչ տեղի են տալիս իրենց դիրքերը: Նախկինում մեր մեծերը, մենք էլ մեզ թույլ չէինք տա այնպիսի բաներ անել, որոնք անում են մեր երիտասարդները՝ շատ ազատ պահելաձև. կարող է՝ իրենք չեն էլ գիտակցում, բայց իրենց պահելաձևից դեպի իրավախախտում արդեն մեկ քայլ է մնում, ինչը կարող է արտահայտվել ցանկացած հանցատեսակի մեջ, պարտադիր չէ` լինի կողոպուտ կամ գողություն:

Կրկին ցանկանում եմ մեր քաղաքացիներին վստահեցնել, որ մտավախության ինչ-որ պատճառ չկա, Ոստիկանությունն ամենօրյա, ամենժամյա ինտենսիվ պայքար է մղում հանցագործությունների բացահայտման և նոր հանցագործությունների կատարման կանխարգելման դեմ: Մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել: Պարզապես մենք բոլորս ցանկացած հարցով փորձում ենք խոսել իրավունքներից, բայց մոռանում ենք մեր պարտականությունների մասին: Այսինքն՝ եթե յուրաքանչյուր քաղաքացի` մինչև իր իրավունքներից, ազատություններից և այլ բաներից խոսելը, նախ` գիտակցի, որ ինքը պարտականություններ ունի հասարակության, պետության, օրենքի առաջ, շատ-շատ հանցագործություններ և իրավախախտումներ չեն էլ կատարվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս