Լավրովի նվերն Ալիևին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակված են ԼՂ հակամարտության կարգավորման նոր ուղիների որոնման և արդեն ձեռք բերված որոշումների իրագործման գործընթացին»,- երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացելով համանախագահների հետ հանդիպումը, նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա, բնականաբար, չի մասնավորեցրել, թե ինչ որոշումների մասին է խոսքը, այն դեպքում, երբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ ծավալի ու զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական ագրեսիվ գործությունները վկայում են որևէ որոշման չիրագործման, տապալման մասին: Բայց, ըստ ամենայնի, Լավրովը նկատի է ունեցել այլ որոշումներ, որոնք չեն հրապարակայնացվում հանդիպումներից հետո ու կայացվում են, ըստ ամենայնի, ոչ համանախագահ երկրների կամ դրանց ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում:
Այլապես հայկական կողմում խաղաղ բնակիչների ու հայ զինվորների սպանությունից ընդամենը հաշված օրեր անց ՌԴ արտգործնախարարն այդքան ոգևորված ու լավատեսական հայտարարություն չէր անի: Իսկ նա, մասնավորապես, ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվել է հնարավորություն՝ համաձայնեցնելու դիրքորոշումները և համոզվելու, որ մենք կարող ենք էլ ավելին անել՝ ի լրումն արդեն ընդունված քայլերի՝ առաջ շարժվելու համար ԼՂ կարգավորման գործընթացում,- ասել է Լավրովը՝ ավելացնելով,- Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը հակված է այդ գործընթացին, անկախ նրանից՝ խոսում ենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնությա՞ն, թե՞ Ռուսաստանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»։
Թե ի՞նչ հնարավորության, առավել ևս, «ավելին անելու» հնարավորության մասին է խոսքը, Լավրովը չի մասնավորեցնում: Բայց եթե հաշվի առնենք, որ անցած շաբաթը եղել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դրսևորման շաբաթ, ըստ ամենայնի, հենց դա է Լավրովը համարում «հնարավորություն»: Ու հենց այդ «հնարավորությունն» է առաջացնում հարցը՝ ինչ որոշումներ նա նկատի ունի՝ համանախագահների հետ համատեղ կայացված որոշումների՞, թե՞ Ադրբեջանի, որտեղ, ի դեպ, Լավրովն այցելել էր սեպտեմբերի 1-ին, և որից հետո սկսվեցին սահմանային հրետակոծությունները:
Գուցե հենց այս՝ ռուս-ադրբեջանական «համատեղությունը» նկատի ունի Ռուսաստանի՝ ծագումով հայ արտգործնախարարը, երբ ասում է՝ «հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»: Բայց առավել վտանգավոր ու մտահոգիչ է, որ Լավրովը խոսում է ոչ միայն արդեն իսկ արձանագրված իրողությունների, այլ «ավելին անելու մասին», ինչը ստեղծված իրավիճակում, ըստ էության, կարող է նշանակել Ադրբեջանին տրված հավանություն-հանձնարարություն Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ ռազմական գործողությունները շարունակելու համար, ինչն էլ կարող է փոխհատուցվել Ռուսաստանին Ադրբեջանի կողմից տրվելիք զենքի հերթական խմբաքանակի պատվերով: Ինչպես նկատեցիք՝ Լավրովը հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունները դատապարտող որևէ բառ չի ասել: Չնայած, ինչպե՞ս դատապարտեր, եթե, ըստ էության, հենց դրանք են ուրախացրել նրան: