«Եթե ես իմ ինքնությունը կորցնեմ, ու 50 տարի հետո բոլորս գոմիկ ու չգիտեմ ինչ՝ դառնանք, ի՞նչ կարևոր է՝ պառլամենտակա՞ն է, թե՞ նախագահական»

«Բազմիցս է նշվում, որ սահմանադրական բարեփոխումների հարցում եղել է խորհրդակցություն Վենետիկի հանձնաժողովի հետ, բայց դա խորհրդակցություն չի եղել, այլ պարտադրանք»,- վստահ է «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե սահմանադրական բարեփոխումները պարտադրված են Գերմանիայի կողմից:

Նրա խոսքով՝ քանի որ այդ Սահմանադրության նախագծի ֆինանսավորումը եղել է ոչ թե Հայաստանի, այլ գերմանական կազմակերպության կողմից, դա նշանակում է, որ՝ «ով վճարում է, նա պատվիրում է»: Ըստ Ս. Գիմիշյանի՝ այս Սահմանադրությամբ երկու խնդիր է լուծվում՝ «հայ մարդու ինքնության ոչնչացման, և հայ հողը զավթելու»:

Նա կրկին սկսեց թվարկել Սահմանադրության նախագծում առկա «միջազգային օրենքների գերակայության արդյունքում արտաքին կառավարման վտանգի, հայ ընտանիքի ոչնչացման և միասեռականության տարածման» վերաբերյալ իր մտահոգություններն ու շեշտեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի այն չանցնի:

168.am-ի դիտարկմանը, որ շատերը Ս. Գիմիշյանին և նրա նման տեսակետներ հայտնողներին մեղադրում են նրանում, որ նրանք հանրության ուշադրությունն այս նոր Սահմանադրության հիմնական վտանգավոր և խնդրահարույց դրույթներից շեղում են՝ ամեն անգամ միայն միջազգային նորմերի գերակայության, միասեռականության և նմանատիպ խնդիրների մասին խոսելով, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ հակառակը՝ այդ պառլամենտական, նախագահական, կիսանախագահական, իշխանական աթոռի գզվռտոցը շեղում է հիմնական նպատակից, և դրան ձգտում են միջազգային կառույցները՝ նույն Վենետիկյան հանձնաժողովը, նույն այս դրսի պատվերով գրողները, որովհետև, եթե հայ մարդ չլինի, հայ մարդը վերանա, ի՞նչ կարևոր է՝ ով է պատգամավոր: Ընդհանրապես՝ պառլամենտակա՞ն, թե՞ նախագահական՝ մեծ տարբերություն չկա, եթե ընտրական համակարգ է գործում: Պատերազմող երկրի համար նախագահական համակարգն է ճիշտ»:

Կարդացեք նաև

Մեր այն դիտարկմանն էլ, որ պառլամենտական համակարգի դեպքում նախագահն այդքան լիազորություններ չի ունենում, ու ասում են, որ դա վտանգավոր է պատերազմող երկրի համար՝ անվտանգության առումով, իսկ Դուք Ձեր բոլոր ելույթներում հիմնականում ոչ թե այս մասին եք խոսում, այլ այդ միջազգային նորմերի՝ միասեռականության և նմանատիպ հարցերի մասին, Ս. Գիմիշյանը պատասխանեց, որ վերջինն ավելի կարևոր է. «Հայ մարդ պահպանելը ավելի կարևոր է: Եթե ես իմ ինքնությունը կորցնեմ, ու հիսուն տարի հետո բոլորս գոմիկ ու չգիտեմ ինչ դառնանք, ի՞նչ կարևոր է՝ պառլամենտակա՞ն է, թե՞ նախագահական»:

 

Տեսանյութեր

Լրահոս