Եվրոպական խորհրդարանի բանաձևը բացարձակապես անհիմն է ու քաղաքական սադրանք. Իլհամ Ալիև
Եվրոպական խորհրդարանի բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ բացարձակապես անհիմն է ու քաղաքական սադրանք՝ կառուցված սուտ, զրպարտչական ու կանխակալ հարաբերությունների վրա: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք գիտենք, թե ինչ ուժեր են կանգնած դրա հետևում: Այդ ուժերը նախկինում ևս բազմիցս անհիմն մեղադրանքներ են առաջադրել Ադրբեջանի դեմ՝ մեզ շանտաժի ենթարկելով: Նրանց միակ նպատակը զարգացող, ժամանակակից Ադրբեջանը կեղտոտելն ու վարկաբեկելն է, որը վարում է անկախ քաղաքականություն, հանդուրժողականության ու բազմամշակութայնության հայրենիք է: Նրանց նպատակը Եվրոպայում Ադրբեջանի մասին իրականությունից հեռու բացարձակ հակասական կարծիք ստեղծելն է»,- հայտարարել է Ալիևը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի դեմ Եվրոպական խորհրդարանի կայացրած բանաձևը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։
Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել էր քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը։
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը, մասնավորապես կալանավորված իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ:
Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ: