Թուրքական քարոզչությամբ՝ հայի կերպարն արդեն համազոր է սատանային, ինչը վարկաբեկել են ցանկանում, կապում են կա՛մ Հայաստանի, կա՛մ հայության հետ. Բագրատ Էստուկյան
«Թուրքիայում երբեք ընտրության կրկնություն չէր եղել, բայց նոյեմբերի 1-ին ընտրության կրկնություն է կատարվելու: Եվ որպեսզի այդ օրը Էրդողանի կուսակցությունը միահեծան դուրս գա, երկիրը վերածեցին պատերազմական գոտու»,- այսօրվա քննարկմանն ասաց «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Նա նշեց, որ իշխանամետ մեդիան ապատեղեկատվության բոլոր միջոցներին դիմում է, որ երկրում անորոշ վիճակ ստեղծվի. «Այդ անորոշ վիճակներից մեկն էլ իշխանության գաղտնի ծառայությունների պատրաստած «խուժանների» կողմից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքերը հրկիզելու փորձն է: Այս երևույթի մեջ ցավալին այն է, որ քարոզչությամբ ասվում է, թե այս շարժումը ոչ թե քրդական է, այլ հայկական: Ամեն ինչ վերագրում են հայերին: Իրենց քարոզչությամբ՝ հայի կերպարն արդեն համազոր է սատանային, հետևաբար՝ ինչը վարկաբեկել են ցանկանում, կապում են կա՛մ Հայաստանի, կա՛մ հայության հետ»:
Բ. Էստուկյանը նկատեց՝ Թուրքիայում ապրող հայերը սովորաբար քվեարկում են ի նպաստ աջակողմյանների, սակայն վերջին ընտրություններում փոփոխություններ եղան: «Հայերի մեծամասնությունը քվեարկեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին: Նույն ընթացքը որդեգրեցին նաև երկրի հույները, ասորիները և նույնիսկ՝ հրեաները: Սակայն ամենից շատ մտահոգված ենք նշածս ապատեղեկատվությունների համար, որովհետև կարող են գործողություններ իրականացնել Թուրքիայում ապրող հայերի դեմ: Այս առումով ավելի թիրախային են Պոլսո հայերը»,-ասաց նա: