Ի՞նչ կարող է լինել, եթե Ադրբեջանը դառնա Իսլամական պետության մաս. պարզաբանում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

«Ամբողջ տարածաշրջանում այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է, որ հարցին՝ ԻԼԻՊ-ը սպառնո՞ւմ է Հայաստանին, թե՞ ոչ, ամենալավատես քաղաքագետները պատասխանում են, որ՝ այո, սպառնում է»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Իսլամական պետության պլանների մեջ մտնում է Կովկասի գրավումը, Ադրբեջանն ու Թուրքիան ընկնում են դրա տակ, իսկ վերջերս հայտարարվեց, որ Ադրբեջանի հարստությունն Իսլամական պետության հարստությունը պետք է լինի: Մենք չունենք իսլամական ռեզերվ, բայց ունենք Թուրքիա-Ադրբեջան հարևաններ, որոնք կարող են ընկնել իսլամիստների օկուպացիայի տակ:

Ինձ Թուրքիան և Ադրբեջանն այնքան չեն վախեցնում, որքան այդ ԻՊ ուժերը: Եթե Պուտինը հիմա օգնում է Սիրիային, ապա միայն այն պատճառով, որ Չեչնիան հեռու պահի այդ ուժերի ներխուժումից, և ոչ միայն Չեչնիան: Ի՞նչ կարող է լինել, եթե Ադրբեջանը դառնա Իսլամական պետության մաս: Առաջին հերթին՝ կարող է Հայաստանի վրա ուժեղ հարված լինել: Ես չեմ բացառում, որ Ալիևի նման քաղաքական գործիչը կարող է հեշտությամբ անցնել իսլամիստների կողմը:

Կարծում եմ, որ Հայաստանը պետք է այսպիսի մի դիրքորոշում որդեգրի՝ կոնցենտրացնի իր ուժերը, կուռ դիրքորոշում ընդունի, ինչպես Իսրայելն է անում: Հայկական ամեն տուն պետք է լինի ռազմական միավորում: Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողքին պետք է մեր խաղաքարտերը խաղարկենք, նկատի ունեմ Իրանն ու Չինաստանը: Չինաստանը մեծ հեռանկարներ է մեզ համար բացում, եթե կարողանանք ճիշտ կողմնորոշվել, ճիշտ աշխատել»:

 

Տեսանյութեր

Լրահոս