Բաժիններ՝

Դեպրեսիա, Discovery. «Ոսկե Ծիրանն» ավարտվում է

 

Եվս մեկ «Ոսկե Ծիրան» մոտենում է իր ավարտին: Այս փառատոնն արդեն 12 տարի է, ինչ հուլիսյան շոգին մեկ շաբաթով աշխուժացնում է Երևանի առօրյան: Այս տարվա փառատոնի առանձնահատկությունը համաշխարհային մեծության գեղեցկուհի կինոաստղերի ներկայությունն էր: Մուտիի ու Կինսկիի հետ ինքնանկարվում էին նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում այդ դերասանուհիների մասին:

Ինչ վերաբերում է բուն կինոյին, ապա այս տարի ես պատիվ ունեցա մեծ էկրանին դիտել Ջաֆար Փանահիի հանճարեղ գործը՝ «Տաքսին», որն ինքնին խոսում է կինոյի մեծ ուժի ու սահմանների բացակայության մասին: Դա մի նոր ուղղություն է համաշխարհային կինոյում:

Չեմ կարող չնշել նաև Գեորգի Օվաշվիլիի ֆիլմի մասին: Անհամբերությամբ սպասում էի «Եգիպտացորենի կղզու» ցուցադրությանը և իրոք, չհիասթափվեցի: Հավանում եմ այդ ռեժիսորի ձեռագիրը, նաև նրա համեստությունը… Ի դեպ, զգացվում է, որ Օվաշվիլին ինքը շատ է սիրում «Ոսկե Ծիրանը», փառատոնի հավատարին բարեկամներից է:

Այժմ մի քանի խոսք էլ խաղարկային մրցույթի մասին: Անկեղծ ասած՝ այս տարի մրցույթը թույլ էր: Մխիթարվելու համար նշեմ, որ Կաննում էլ էր մրցույթը թույլ այս տարի: Դիտել եմ բոլոր 12 ժապավենները և դրանք բաժանել եմ հիմնականում երկու խմբի՝ դեպրեսիվ կինո և ճանաչողական կինո: Ֆիլմերի մի զգալի մասը հոգեբանական դրամա էր՝ սիրային, ընտանեկան ու ներանձնական ճգնաժամում գտնվող մարդկանց մասին: Մի մասն էլ հայ հանդիսատեսին ծանոթացրեց աշխարհի հետ, օրինակ՝ տասնիներորդ դարի ռումինական բարքերի, Գվատեմալայի սովորույթների, ամերիկյան ցեղերի կյանքի կամ Կարիբյան ծովում էլեկտրամիջուկային քաղաքի ստեղծման նախագծի հետ:

Այնուամենայնիվ, ես ունեցա իմ ֆավորիտը. դա գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդի «Սրբարան» ժապավենն է: Շատերը կասեն, թե իրական դեպքերի հիման վրա նկարահանված, մանուկների հանդեպ դաժանության թեման արդեն «ծեծված» է, բայց իրականում այս թեման, ցավոք, անավարտ է, ու այս դաժանությունը պետք է արմատախիլ անել: Բացի այդ, «Սրբարան»-ում պատկերված է նաև հերոս մանուկի իրական կերպարը. նման երեխաները քիչ են, բայց իրոք կան, մեր կողքին են, նրանց երբեք չպետք է կոտրել:
Հավանեցի նաև գվատեմալական ժապավենը՝ «Իշկանուլը». գեղեցիկ ու յուրահատուկ գործ էր՝ արժանի մրցանակի: Մեծ սպասումներ ունեի թուրքական ու կորեական ժապավեններից, բայց, գոնե վերջինը դիտելու բան չէր, մեղմ ասած:

Ինչևէ, սպասենք մինչև հաջորդ «Ծիրանի» հասունանալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս