Բաժիններ՝

«Մենք հասկացանք, որ պետք է սկսել հսկայական մի ծրագիր». Արմեն Մարտիրոսյան

Այսօր Royal Tulip Grand Hotel Yerevan-ում տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ասուլիսը «Մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման խնդիրները» թեմայով։ Ասուլիսի բանախոսներն էին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար-համակարգող Մարինա Սուլթանյանը, նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը և գլխավոր երաժշտական խմբագիր ու խորհրդատու Արթուր Շահնազարյանը։

Նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում մտահոգություն հայտնեց համացանցային տիրույթում հայկական ազգային երաժշտության տարածելիության ու այդ անվան տակ հայտնվող մեծ թվով խոտանների վերաբերյալ. «Երբևիցե փորձե՞լ եք որոնել «հայկական երաժշտություն» բառակապակցությունը ինտերնետում, եթե չեք արել՝ փորձեք, ինքս բազմաթիվ անգամներ արել եմ: Որոնողական մեխանիզմների արդյունքը, ցավոք, մեզ համար, մեղմ ասած, համոզիչ չէ: Գալիս է երաժշտություն, որ հայերեն է, բայց հայկական չէ: Ու քանի որ ինտերնետը մեքենա է՝ ռոբոտ, վաղը սա, որպես հայկական երաժշտություն է մատուցելու նաև օտարին: Սա գլոբալ խնդիր է մի ազգի համար, որ, մի կողմից՝ ցանկանում է պահպանել իր մշակութային ժառանգությունը՝ փոխանցելով սերունդներին, մյուս կողմից՝ պատշաճ կերպով ցանկանում է ներկայանալ միջազգային հանրությանը: Այս խնդիրների լուծման համար ելքեր փնտրելու ճանապարհին մենք հասկացանք, որ պետք է սկսել մի հսկայական ծրագիր, իրականում սա մի ազդակ էր, որն էլ դարձավ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ստեղծման: Սրա գլխավոր նպատակն էր փրկել հայկակայ ազգային երաժշտության գանձարանը, որով սկիզբ դրվեց այս նախագծի ստեղծմանը», – իր խոսքում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռևս երկու տարի առաջ՝ գիտահետազոտական փուլից, որին հաջորդել են կատարողների ընտրությամբ նրանց ուսումնական գործընթացի, ձայնագրության, նոտագրության հրատարակումների, նկարիչների հետ աշխատանքի փուլերը: Նախագծի աշխատանքներում ընդգրկվել են հանրապետության այդ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներն ու կարող ուժերը, այդ թվում նաև Երևանի պետակա Կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնի պրոֆեսորա-դասախոսական կազմը և նրանցից կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, ով ստանձնեց նախագծի գլխավոր երաժշտական խմբագրի ու խորհրդատուի պաշտոնը: Ասուլիսին ներկա Արթուր Շահնազարյանը ներկայացրեց մինչ այժմ նախագծի շրջանակներում կատարված հսկայական աշխատանքի համատոտ նկարագիրը. «Աշխատանքի առաջին փուլում մենք կազմեցինք երգերի ցանկը, որոնք ընդգրկում էին Արևմտյան և Արևելյան Հայաստանի շրջանների տարբեր ժանրերի ժողովրդական երգերը՝ հարսանյաց, ծիսական, կատակ երգերը, սիրո բնության մարդու մասին երգերը, պարերգերև և այլն: Յուրաքանչյուր երգի համար հատ առ հատ գրվել են մեկնաբանություններ, նշվել են սկզբնաղբյուրները՝ ով է գրել, ով է գրառել, ամեն երգի համար ստեղծվել են ձեռքով արված վիզուալ պատկերային շարք՝ նկարներ, այսպիսով ունենք թվով 500 երգ և նույնքն գրառում: Այնուհետև ընտրեցինք լավագույն երգիչներին, նախագծի շրջանակներում ստեղծվեց « Զարկ» արական երգչախումբը: Նախագծում ընգդրկեցինք նաև 5-րդ դարի տարբեր հեղինակների հոգևոր երաժշտության նմուշներ ՝ շարականներ տղեր մեղեդիներ»:

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը նախագծի կարևոր ձեքբերումներից համարեց նաև դեռևս 1905թ. Կոմիտաս վարդապետի կողմից հավաքրված ու մինչ այժմ տպագրության սպասող «1000 ու մի խաղ» շքեղ ժողովածուն, ինչպես նաև «Ժամագրքի» և «Եկմալյանի պատարագի» հրատարակումները:

Կարդացեք նաև

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նախագծի շրջանակներում մեծ աշխատանքներ են տարվել ընդգրկված երգերի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության տեսակետից և ձայնագրված 500 ստեղծագործություններից յուրաքանչյուրն ունի ստեղծման իր պատմությունը, այլ կերպ ասած «ծննդյան վկայականը»: Նա գրեթե բացառում է գողության դեպքերը, թեև նման դեպքերում, ըստ նրա՝ հարցը հեշտությամբ կտեղափոխվի ու կլուծվի դատական միջամտությամբ:

Նախագծի տեղեկատվական ոլորտը համակարգող Հայկ Մարկոսյանը նշեց, որ ծրագրի հանրահռչակման աշխատանքներն արդեն սկսված են և ընգրկում են մի քանի փուլեր, այդ թվում՝ հանդիպումներ մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ծրագրի շնորհանդես՝ Էջմիածնում և Սփյուռքի հայաշատ համայնքներում: Նախագծի մասին առավել համակարգված ինֆորմացիա ստանալու, ձայնագրված երգերը լսելու և այլնի համար Հայկ Մարկոսյանն առաջարկեց օգտվել ծրագրի պաշտոնական www.armenianmusic.am կայքից:

Տեղեկացնենք, որ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի մտահաղացման հեղինակը Արթուր Ջանիբաեկյանն է: Հիմանդրամը ստեղծվել է 2014թ. նպատակ ունենալով աջակցել հայկական մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին, հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագծն է:


Լուսանկարը՝ yerevannews.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս