«Այս օրերի բողոքը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ». «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի այսօրվա խմբագրականուն կարդում ենք. «Քաղաքականությունը պայքար է իշխանության համար՝ նրանք, ովքեր այն ունեն, ուզում են պահպանել, նրանք, ովքեր չունեն, ուզում են նվաճել: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց, չգիտես ինչու, մեր քաղաքական գործիչները դրսեւորում են անհասկանալի ամոթխածություն, սքողում են այդ ակնհայտ փաստը եւ կուրծք են ծեծում, թե իրենք պայքարում են ժողովրդի, արդարության եւ պայծառ ապագայի համար:
Հայաստանում ընդունված է, որ քաղաքական գործիչները եւ կուսակցությունների համակիրներն ասեն՝ «մեզ ոչինչ պետք չի, միայն թե իմ ժողովուրդը լավ ապրի», եւ, ըստ այդմ, քաղաքականությունը իբր միջոց է, որ աշխարհում հաստատվի արդարություն եւ համընդհանուր երջանկություն:
Ես, ճիշտն ասած, այլ կարծիքի եմ՝ ինձ թվում է, որ ոչ ոք ինձ չի կարող դժբախտ կամ երջանիկ դարձնել՝ բացի ինձնից: Հիմա չարչրկված հարցը. այս օրերի բողոքը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ:
Եթե Բաղրամյան պողոտայում հավաքվել են կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչները, նրանց համակիրները, եւ նրանց նպատակն է հասնել իշխանափոխության, ուրեմն բողոքը քաղաքական է: Եթե մարդիկ հավաքվել են զուտ այն նպատակով, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, հասնեն «չեղարկման» (ինչպե՞ս, ո՞ւմ կողմից), ուրեմն բողոքը քաղաքական չէ: Ինչպե՞ս է իրականում՝ դժվարանում եմ ասել: Ցուցարարների հետ անմիջական շփումը «քաղաքականի» տպավորություն չի թողնում: Լրատվամիջոցներից, համացանցից, Ֆեյսբուքից կարելի է ճիշտ հակառակ եզրակացությունն անել: Որպես լրագրողի՝ այդ բազմիցս կրկնվող հարցն ինձ հետաքրքրում է, եւ շատ ցանկալի է, որ Բաղրամյանի ներկայիս առաջնորդները «բացահայտվեն», հարցազրույցներ տան, որպեսզի այս հարցի պատասխանն ավելի հստակ լինի:
Արամ Աբրահամյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: