Բաժիններ՝

#ElectricYerevan-ը Հայաստանում ձևավորեց սոցցանցերի նոր մշակույթ

Այս տարվա մեջ արդեն չորս անգամ Հայաստանը հայտնվել է սոցցանցերի միջազգային հատվածի և արտասահմանյան մեդիայի գլխավոր թեմաների մեջ (Գյումրիի դեպք, Քարդաշյանների այց, Հռոմի պապի պատարագ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այլ միջոցառումներ)։ #ElectricYerevan շարժումով Հայաստանը կրկին միջազգային հատվածի ամենակտիվներից էր։

Սակայն, թվային մեդիայի անկախ փորձագետ Տարոն Պապիկյանի կարծիքով, այս շարժումը, կրկնելով նախորդների անցած ճանապարհը, թվային աշխարհում ունի առանձնահատուկ դիմագիծ։ «168 ժամի» հետ հարցազրույցում նա ներկայացրեց վերջին օրերի իր դիտարկումները։

– Այս օրերին «Ո՛չ թալանին» շարժման շրջանակներում հասարակության տարբեր շերտեր համախմբված են ոչ միայն փողոցում, այլև` սոցցանցերում։ Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը` այդ համախմբման առումով, և կարո՞ղ ենք ասել, որ այս համախմբումը նախ տեղի ունեցավ վիրտուալ աշխարհում, այնուհետև` տեղափոխվեց դուրս։

– Նախ սոցցանցերն առանձնացնենք թվային մեդիայից, քանի որ սոցցանցերը թեև թվային մեդիայի մաս են կազմում, բայց չեն կարող համարվել ընտանիքի գլխավոր անդամ։ Արդեն ժամանակն է, որ դադարենք սոցցանցերն ընդունել իբրև տեխնիկական-ծրագրային հատված, նրանք ավելին են, քան` ծրագրային ֆայլերը։ Մարդկանց մեծ մասն ինտեգրված է տարբեր սոցկայքերի, որոնցում նրանք շփվում են մարդկանց տարբեր խմբերի հետ, ինչպես կշփվեին, ասենք, որևէ սրճարանում նստած կամ այգում քայլելիս։ Նրանք քննարկում են հարցեր, իրավիճակներ, հասկանում իրար կամ արտահայտում իրարամերժ կարծիքներ։ Այստեղ ծավալվում է հասարակական այն նույն շփումը, որը տեղի է ունենում «օֆլայն» տիրույթում։

Իհարկե, կան նաև մեծ տարբերություններ։ Այստեղ օգտատիրոջ մեկ գրառումը, խոսքը միանգամից «լսում» են հարյուր-հազարավոր մարդիկ։ Արդյունքում, տեղի են ունենում քննարկումներ, ձեռք են բերվում համակիրներ, կատարվում է Ձեր ասած համախմբումը, և որոշ դեպքերում քննարկումները կամ որոշումները տեղափոխվում են փողոց։ Մյուս կողմից՝ այդ քննարկումները կատարվում են ամբողջ աշխարհի աչքի առաջ, այն փաստացի վերածվում է ինֆորմացիայի և ձևավորում է հասարակական կարծիք։
Ստացվում է, որ մեր տետ-ա-տետ զրույցներն արդեն փոխվել են, մենք միանգամից շփվում ենք աշխարհի հետ, և մեր կարծիքները միանում են գլոբալ ինֆորմացիոն հոսքին։

Սոցցանցերում բարձրախոսը ցանկացածի ձեռքում է, ուղղակի պետք է այն օգտագործել ճիշտ, մշակել և խնամել։ Ճիշտ ընտրված տեխնոլոգիաները միշտ ունենում են արդյունքներ։ Այսօր սոցցանցերը մեր օրերի շփման ամենամեծ հարթակներն են, և, իհարկե, նրանք մեծ դեր ունեն շարժումների առաջմղման, տարածման, հասարակական կարծիքի ձևավորման գործում։

– Կարո՞ղ ենք ասել, որ այն խավերը, որոնք սոցցանցերում ներգրավված չեն, ինչ-որ առումով դուրս են մնացել ակտիվ շարժումից։

– Այսօր քչերն են, որ ինտեգրված չեն սոցցանցերում, բայց շարժումը յուրահատուկ է նրանով, որ սոցկայքերն օգտագործվում են ոչ թե` համակարգվելու, ինքնակազմակերպվելու և որոշումներ ընդունելու, այլ օգտագործվում են ինֆորմացիայի տարածման, ապատեղեկատվության դեմ պայքարի, հապճեպ քննարկումների համար։ 2015 թվականի հունիսի 28-ին երանգները կտրուկ փոխվեցին, կապված Ազատության հրապարակ-Բաղրամյան «բաժանման» հետ, քանի որ հիմնական տարաձայնությունները, քննարկումները և որոշումները տարվում էին հիմնականում ֆեյսբուքում։

Իսկ սոցկայքերում չներգրավված խավերն այնքանով չեն հետ մնացել, որ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի փակվելը, այն էլ` մի քանի օր շարունակ, մեծ ալիք էր բարձրացրել թե՛ ավանդական, թե՛ ոչ ավանդական ինֆորմացիոն հոսքերում, այլ հարց է ճշգրիտ ինֆորմացիայի առկայությունն այդ հոսքերում։ Այլ են մարզերը. այնտեղ մարդիկ հիմնականում կազմակերպվել և հավաքվել են սոցկայքերի օգնությամբ, այստեղ չեմ բացառում որոշ մարդկանց տեղեկացված չլինելու հավանականությունը։

– Հայաստանն այս տարի արդեն երրորդ կամ չորրորդ անգամ հայտնվեց միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում։ «Ո՛չ թալանին» շարժումը զիջո՞ւմ է մյուսներին, թե՞ դեռ շուտ է այդ մասին խոսել։

– Սոցկայքերի հայկական հատվածը բավականին ակտիվ է արձագանքում քաղաքական և հասարակական շարժումներին։ Տարվա սկզբից եղել է այդ ակտիվությունը` կապված սահմանային լարումների, այլ լարված դեպքերի, Հայոց ցեղասպանության և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների, Քիմ Քարդաշյանի այցի և այլնի հետ։ Իրականում #ElectricYerevan-ը սոցկայքերի հայկական հատվածում աննախադեպ էր իր տեսակով։

Ի տարբերություն մնացածի` այն.

1. Արագ ինտեգրվեց Թվիթերին, և ինֆորմացիոն հիմնական հոսքերը տարվում էին այնտեղից։

2. Միասնական պայքար էր մղվում ապատեղեկատվության դեմ, որը շատ կարճ ժամանակում ունեցավ հաջողություն։

3. Ֆեյսբուքը դուրս եկավ խաղից` որպես առանցքային սոցկայք։ Կարող ենք վստահ ասել, որ #ElectricYerevan-ը Հայաստանում ձևավորեց սոցցանցերի նոր մշակույթ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում միջազգային մեդիայի անդրադարձը։

– Ռուսական մեդիայի կողմից ապատեղեկատվության տարածման հետ կապված միայն ասեմ, որ մենք հաղթեցինք` այն կանխելու առումով, և աշխարհը տեսավ և իմացավ ճիշտը։ Սա արվեց հիմնականում Թվիթերի միջոցով և հիմնականում շարքային օգտատերերի օգնությամբ (իսկ Թվիթերում հայկական օնլայն մեդիաների ինտեգրումը տեղի էր ունենում բավականին ցածր տեմպերով)։ Թվիթերում շարքային օգտատերերը իրադարձային live գրառումներ էին կատարում, տեղադրում էին լուսանկարներ և տեսանյութեր։ Արտասահմանյան մեդիայի անդրադարձը հիմնականում ադեկվատ է, ապատեղեկատվություն պարունակող նյութերի չեմ հանդիպել, հատկապես` հեղինակավոր մեդիաների կողմից։ Լուսաբանումը կատարվում էր ինտենսիվ կերպով, իսկ մեդիածածկույթը բավականին մեծ էր։

– Հայկական թվային մեդիան էլ կարծես աննախադեպ է աշխատում, հատկապես ուղիղ եթերների առումով։ Ամեն դեպքում դեռ տեղ կա՞ ընդլայնվելու։

– Հիմնական լրատվամիջոցները գործեցին բավականին ադեկվատ, կրկին առաջին անգամ մեր «թվային պատմության» մեջ օգտագործեցին նոր տեխնոլոգիաները, կիրառվեց 24 ժամ/7 օր բարձր որակի live streaming` միանգամից մի քանի մեդիաների կողմից, որոնք տարածում էին թե՛ հասարակության և թե՛ Ոստիկանության հայտարարությունները, բարձրորակ և իրավիճակը բնութագրող լուսանկարներ և կարճ տեսանյութեր։ Կայքերը կարողացան դիմագրավել այցելությունների աննախադեպ քանակներին։ Հասարակության տեղեկացվածության իրավունքը բարձ մակարդակով ապահովվել է։ Ինչ վերաբերում է` ինչի պակաս կար, ապա պակասում էին BuzzFeed նյութերը, բավականին շատ էին երկար տեքստերը, որոնք նման իրավիճակներում և նման արագության դեպքում ուղղակի չեն ընթերցվում։ Կարծում եմ` այս առումով պետք է լուրջ աշխատանքներ տարվեն։

Նաև հետաքրքիր գաղափար կլինի live news feed-երի ներգրավումը, որը տարբեր սոցկայքերից կցուցադրի ընտրված գրառումները` տվյալ լրատվական կայքում։ Իհարկե, բոլորս էլ դեռ շատ աշխատելու տեղ ունենք։ Թվային մեդիայի համար շատ կարևոր է հասկանալ, և նորություն ասած չեմ լինի, որ ներկա գտնվելով նման շարժումներին, լուսաբանելով դրանք, դու կատարում ես քո աշխատանքը, և ավելորդ է սեփական տեսակետներով համեմել նյութերն ու տեսանյութերը։

– Ասացիք, որ #ElectricYerevan-ն առաջնային էր հատկապես Թվիթերի հայկական համայնքում։ Ի՞նչ դիտարկումներ կարող եք անել թե՛ Թվիթերի, թե՛ մյուս սոցկայքերի առումով։

– Սոցցանցերում կազմվեց հեշթեգերի ընտանիք, որի նախարմատը Electric-ն է, իսկ հետո հաջորդեց այն քաղաքի/տեղանքի անունը, որը միացել է շարժմանը։
Ճիշտ է, որ թվիթերյան ակտիվությամբ և թվիթերի քանակով այն աննախադեպ է, բայց շարժումն ակտիվ ինֆորմացիոն հոսք ունի բացառապես բոլոր մեծ ճանաչում ունեցող սոցկայքերում` facebook, odnoklassniki, youtube։ Թվիթերում շարժումն անցնում է հիմնական հեշթեգերով, և այստեղ մեզ հետևում է ամբողջ աշխարհը, միջազգային մեդիաները, վերլուծական և հետազոտական ընկերությունները։ Անցնող օրերին ահա այսպիսի պատկեր ուներ այնտեղ շարժումը։

#ElectricYerevan – 62.000 tweets
#ElectricGyumri – 100 tweets
#ElectricVanadzor- 40 tweets
#ElectricDilijan – 5 tweets

Գրառումների հետ նաև օգտագործվում են #Yerevan և #Armenia հեշթեգերը, ավելի մեծ տարածման և որոնման ճկունության նպատակով։ Տվյալ հեշթեգերը նույնպես կտրուկ աճ են գրանցել վերջին օրերին։

#Yerevan – 14.000 tweets
#Armenia – 36.000 tweets

nkar2

Ինչ վերաբերում է ֆեյսբուքին, ապա այնտեղ կատարվող իրադարձությունները կրկին աննախադեպ են` շարժումների պատմության մեջ առաջին անգամն է, որ գործողությունների հիմնական ինֆորմացիոն հոսքերը չեն տարվում որևէ պաշտոնական էջից կամ խմբից։

Այսպես ասած, միակ «շարժական» և «անվանակիր» նախաձեռնությունը դա արդեն բոլորիս հայտնի «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն է։ Նրանց ֆեյսբուքյան էջն ունի 5000-ից մի քիչ ավելի բաժանորդ, էջը չի թարմացվում ինտենսիվորեն, նույնիսկ վերջին օրերին չեն կատարվել գրառումներ, իսկ գրառումների հավանումները և քննարկումները շատ անգամ զիջում են անհատների կողմից կատարվող գրառումների հավանումներին և քննարկումներին։

Տվյալ անվանումը կրող մի քանի էջեր են բացվել

nkar1

Նստացույցերի, գիշերելու իրազեկումները հիմնականում տարվել են ֆեյսբուքում ստեղծված event-ների միջոցով, որոնք ունեն միացած մարդկանց տարբեր քանակներ`
«Ժամանակը սպառվում է» 1605 մասնակից, 15,000 հրավիրյալ (22.06.2015)
«Ավտոերթ ընդդեմ էլէներգիայի սակագնի ապօրինի թանկացման» 431 մասնակից, 3300 հրավիրյալ (24.06.2015)

«Պայքարը շարունակվում է»` 18։00-ին Ազատության հրապարակ 4701 մասնակից, 33700 հրավիրյալ (24.06.2015)

«Հաղթանակի ճանապարհային քարտեզ» 2940 մասնակից, 21,600 հրավիրյալ (25.06.2015)

«Անհնազանդության երթ»` 18։00-ին, Ազատության հրապարակ 1805 մասնակից, 13,200 հրավիրյալ (26.06.2015)

«Անհնազանդության երթերը շարունակվում են»` 18։00-ին Ազատության հրապարակ 882 մասնակից, 5300 հրավիրյալ (27.06.2015)

Այս բոլոր իվենթները բացվել են «Դեմ ենք Էլեկտրաէներգիայի թանկացմանը» խմբի կողմից (խումբն ունի բավականին հին պատմություն). այն ունի ավելի քան 19.000 անդամ, որից 2000-ից ավելին նոր են միացել։

Բացի «Ավտոերթ ընդդեմ էլէներգիայի սակագնի ապօրինի թանկացման» ֆեյսբուքյան իվենթի, մնացած իվենթները հիմնականում կառավարվել են «Ո՛չ Թալանին» համակարգող խմբի կողմից, աշխատանքներին նաև մասնակցել են որոշ անհատներ։
Այնուամենայնիվ, այս շարժման ընթացքում հիմնական հայտարարությունները, կարծիքները և վերլուծությունները տարածվել են անձնական ֆեյսբուքյան հաշիվների միջոցով, անհատների գրառումներն ունեցել են աննախադեպ հավանումներ, քննարկումներ և տարածումներ (միջինը` 300 լայք, 30-ից ավելի տարածում), հիմնական քայլերը կազմակերպվել են հենց այդ գործողությունների միջոցով։
odnoklassniki.ru-ում նույնպես իրավիճակային գրառումներ են արվում, բայց հիմնականում տարածվում են օնլայն մեդիաների կողմից պատրաստված նյութերն ու տեսանյութերը, տարվում են քննարկումներ, ակտիվ նյութերը/հոլովակները տեղափոխվում են ֆեյսբուք։

YouTube-ն առանձին մի հարթակ է, որը նույնպես իր դերն ունի այս շարժման ակտիվության մեջ։

Այստեղ ակտիվ կերպով live streaming ֆորմատով ներկայացվում և արխիվացվում են իրադարձությունները, տեղադրվում են ավելի երկար ռեպորտաժներ, հաղորդումներ, իսկ իրավիճակային կարճ տեսանյութերը հիմնականում տեղադրվում են սոցկայքերում։
YouTube-ի միջոցով ինֆորմացիոն առանցքային հոսքն ապահովում են Azatutyun Radiokayan-ը (live streaming-ը և ռեպորտաժները միասին ունեն 1 միլիոնից ավելի դիտումներ), այնուհետև իրենց ակտիվությամբ հաջորդում են 1in.am-ը և CivilNet TV-ն։
Որպես այս բոլոր դիտարկումների ամփոփում, ասեմ, որ թվիթերյան հայկական համայնք է ձևավորվում, որն իրադարձությունների live լուսաբանում է իրականացնում նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով, այսպիսով «կռվելով» ապատեղեկատվության դեմ, և աշխարհի հասարակությանը, արտասահմանյան մեդիաներին տալով նորմալ և ադեկվատ ինֆորմացիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս