«Այդ մարդիկ, ովքեր Օպերայում են, արտահայտում են ամբողջ ժողովրդի կարծիքը». ՀՀԿ-ականը՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության մասին

«Մասնավոր կազմակերպություն է, եկել է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ապացուցել է, որ այս թանկացումն անհրաժեշտ է, ՀԾԿՀ-ն պետք է այդ հարցերը լուծեր, ոչ թե իշխանությունները»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Ազատության հրապարակում նստացույց անող «Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին ուղղված պահանջի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՀԾԿՀ-ն պետք է ապացուցեր այն, ինչ իրենք ասում են. «Որ դա վատ կառավարման հետևանքով է, շռայլություններ թույլ տալու արդյունք է, իշխանությունները մասնավոր ընկերությունների վրա չեն կարող կտրուկ միջամտություն ցուցաբերել, այդ մասնավոր ընկերությունների պատճառով ժողովրդի դժգոհություններն օբյեկտիվորեն գնում են դեպի իշխանություններ»:

Մեր հարցին՝ նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ Սերժ Սարգսյանի՝ Մաշտոցի պուրակում հնչեցրած «Տարո՛ն ջան, սիրուն չի» արտահայտությունը իրավիճակ փոխեց, հիմա էլ հույս ունեն, որ այս պարագայում էլ նախագահի հայտարարությունը կարող է որոշիչ լինել, ինչքանո՞վ է իրատեսական, որ նախագահը նման հայտարարությամբ հանդես կգա, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ ինքը դա իրատեսական չի համարում.

«Պաշտոնապես ո՛չ նախագահը և ո՛չ վարչապետն այդպես հանդես չեն եկել, կարող է՝ ոչ պաշտոնապես զգուշացրել են, բայց պաշտոնապես իրենք իրավունք չունեն նման բան անել: Սակագինը ներկայացնում է տվյալ ընկերությունը, ու այդ սակագինն ուսումնասիրում է ՀԾԿՀ-ն: Հիմա, եթե Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովն ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրակացության, որ պետք է թանկանա 7 դրամով, այդ ամբողջ սոցիալական ընդվզումը պետք է ուղղված լինի այդ հանձնաժողովի դեմ, և ոչ թե՝ իշխանությունների դեմ»:

Հարցին՝ իսկ իշխանությունները լծակներ չունե՞ն՝ հանձնաժողովի աշխատանքները վերահսկելու համար, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ այդ հանձանաժողովն անկախ մարմին է, և իշխանություններն իրավունք չունեն միջամտելու «այդ անկախ հանձնաժողովի» աշխատանքներին:

Հարցին էլ՝ եթե իշխանությունների իրավասության շրջանակում չէ այդ հարցի լուծումը, ու դժվար թե նախաձեռնության անդամների պահանջին որևէ արձագանք լինի, իսկ նախաձեռնությունն էլ հենց իշխանություններից է ակնկալում հարցի լուծումը, հիմա ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ չի կարող ասել, բայց այդ ճնշումներն առաջին հերթին՝ պետք է ուղղված լինի «Բիբինին և Ռոբերտ Նազարյանին»:

«Իհարկե, իշխանությունները գուցե ինչ-որ մի տեղ բացթողում են արել, որ այդ ընկերության այդ խնդիրներին ժամանակին չեն արձագանքել՝ այդ շռայլություններին, վարձակալություններին, և այլն: Եվ հետո, ինչ-որ մեկը պետք է լինի, որ հսկի այդ ամենը: Այդ ՀԾԿՀ-ն ինչո՞ւ ժամանակին ինքն այդ մասին չի ահազանգել, այս ՀԾԿՀ-ն նրա համար է, որ ով ուզի՝ այնտեղ մի հայտ ներկայացնի՞, վաղն էլ գազն է ներկայացնելու, էն մյուս օրն ուրիշ բանն է ներկայացնելու»:

Մեր հարցին՝ եթե ՀԾԿՀ-ն լավ չի աշխատում, ի՞նչ պետք է անել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել. «Ես սովորական քաղաքացի եմ, ի՞նչ իմանամ՝ ինչ պետք է անել»:

Դիտարկմանը՝ շատերը պահանջում են Ռոբերտ Նազարյանի հրաժարականը, Հ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, հիմա, եթե պահանջում են, ուրեմն՝ պետք է ապացուցեն, թե ինչու են պահանջում, ըստ երևույթին, ունեն ապացույցներ: Սա համազգային խնդիր է, որովհետև չկա մեկը, որ իր կաշվի վրա չզգա դա, սա համաժողովրդական դժգոհություն է: Այդ մարդիկ, ովքեր Օպերայում են, արտահայտում են ամբողջ ժողովրդի կարծիքը»:

Հարցին՝ ստացվում է՝ պատասխանատուն ՀԾԿՀ-ն է, որ նորմալ չի վերահսկել ՀԷՑ-ի աշխատանքները, հիմա նա պատասխանատվության չպե՞տք է ենթարկվի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այդ արդեն ինձ չվերաբերող հարց է, չգիտեմ՝ ինչպես է դա կարգավորվում»:

 

Տեսանյութեր

Լրահոս