Փոխնախարարը բարկացրեց Արամ Մանուկյանին
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու համար հերթական տրանշի վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են աշխատանքները գրաֆիկից շեղվել, ՎՊ-ի բացահայտումների հիման վրա որևէ մեկը պատժվե՞լ է, դեռ որքա՞ն գումար կպահանջվի: Ա.Մանուկյանը նաև նշեց, որ Մետաքսի ճանապարհում ՀՀ-ն ներառված չէ, արդյոք դա դիվանագիտական աշխատանքի արդյո՞ւնք է:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ շուտով հարավից և հյուիսից աշխատանքները զուգահեռ սկսելու են և լինելու են նոր վարկային համաձայնագրեր: Նա ընդգծեց, որ Հյուսիս-Հարավի բուն նպատակը և կարևորագույն սկզունքը հյուսիսն ու հարավը կապելն է որակյալ ճանապարհով, որը կներգրավի այլ պետություններից բեռներ տեղափոխող ընկերություններին:
Ըստ Ա.Առաքելյանի՝ մինչև ծրագրի մեկնարկը տեղի են ունեցել համապատասխան ուսումնասիրություններ, որում հրապարակվել է նախնական արժեք, սակայն մինչև այս տարվա վերջ պետք է ճանապարհի ամբողջ երկարությամբ ունենանք ուսումնասիրություններ և ամբողջական գնահատական տանք արժեքին:
Ա.Առաքելյանը հայտարարեց, թե ՀՀ-ն առաջինն է եղել, որ դիմել է Մետաքսի ճանապարհի իրականացնողներին, ՀՀ նախագահը Չինաստանում բանակցություններ է վարել: Նա հույս հայտնեց, որ բարդագույն ծրագիրը՝ հյուսիս-հարավ երկաթուղին կկարողանան ի կատար ածել, այդպիսով՝ կատարելով նախագահների պայմանավորվածությունը:
Ա.Մանուկյանը բարկացավ, որ փոխնախարարը կոնկրետ պատասխաններ չի տալիս իր հարցերին՝ ժամկետի, պահանջվող գումարի, Մետաքսի ճանապարհի հետ կապված:
Ա.Առաքելյանը չհամաձայնեց՝ պնդելով, շատ կոնկրետ է պատասխանում և
2015թ. ավարտին ՀՀ տրանսպորտի նախարարությունը մասնագիտական հաշվարկների արդյունքում հնարավարություն կունենա հնչեցնել մի գումար, որը հետագահում շատ չնչին տոկոսով կարող է տատանվել: Նա վստահեցրեց, որ հետ չեն ընկել, ժամանակին կավատենք:
Ըստ նրա՝ Մետաքսի ճանապարհի հիմնադրամին ՀՀ-ն առաջիններից է դիմել. «Տեղում նստած չենք և աշխատում ենք այդ ուղղությամբ»: