«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես նման բան չեմ ասել». Էդուարդ Շարմազանով
«Որոշ ԶԼՄ-երի «բարեխիղճ» աշխատանքը շարունակում է պատուհասել ինչպես լրատվության պրոֆեսիոնալների բարի համբավը, այնպես էլ քաղաքական-հասարակական դաշտը:
Մամուլի հետ իմ երկարատեւ աշխատանքային պրակտիկայում բազմիցս եմ համոզվել` ոմանց սենսացիոն նկրտումների եւ լայքային վազքարշավի բավարարման համար վճարում է ողջ հասարակությունը:
«Կռուտիտներով» ռեյտինգ հավաքող, ազատ խոսքը կեղծ դրոշակ դարձրած այս ընկերները` որքան վատ, այնքան լավ սկզբունքով տարածում են չհիմնավորված, կեղծ տեղեկատվություն:
Նախօրեին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ բառացիորեն կեղծ տեղեկատվություն տարածեցին` վերագրելով ինձ մի հայտարարություն, որը չի արվել իմ կողմից:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական կրքերին շախ տալով` այս լրատվամիջոցները գրեցին, թե ես ասել եմ, որ ՀԷՑ-ում 24 միլիարդի պարտք է գոյացել, եւ դա մարելու համար պետք է ժողովուրդը վճարի իր գրպանից: Իմ ասածի տեսագրությունը կա:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես նման բան չեմ ասել: Ավելին՝ նշել եմ, որ ցանկացած թանկացմանը մենք դեմ ենք, եւ այլ աղբյուր նշեք վճարելու համար: Հարց է առաջանում` որն է նման հրապարակումների նպատակը: Սրտացավ քննարկումներն անպայման վերածել լեզվակռվի՞, թե՞ … տարբերակները բազմաթիվ են, ենթադրությունները թողնում եմ «պրոֆեսիոնալների բարեխղճությանը»:
Հասկանալով, որ ազատ խոսքի եւ մամուլի ավանդույթները մեր երկրում դեռեւս կայացած չեն, մինչեւ այժմ փորձել եմ ըմբռնումով մոտենալ` երբեւիցե չընկնելով կեղծ տեղեկատվություն տարածող, իրականությունը խեղաթյուրած հրապարակումների հետեւից:
Ո՞րն է ելքը այս իրավիճակից: Եթե քննադատում եք փաստարկված, քննադատեք, քավ լիցի: Դիմում եմ խոսքի ազատության ջատագովներին՝ հերքեք ապատեղեկատվությունը: Վերջապես պետք է գա պատասխանատու խոսքի ժամանակը»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ