Ստյոպա Սաֆարյանը Վառնայում խոսել է Թուրքիայի կողմից Հայաստանին պատժելու ու սահմանը փակ պահելու քաղաքականության հետևանքների մասին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստեփան Սաֆարյանը մասնակցել է «Բալկաններ-Սև ծով խաչմերուկ. նոր մեկնակե՞տ» խորագրով Վառնայի ֆորումին, որին մասնակցում էին նաև հայտնի քաղաքական գործիչներ և փորձագետներ Ավստրիայից, Ալբանիայից, Խորվաթիայից, Կիպրոսից, Վրաստանից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Գերմանիայից և Բելգիայից:

Ֆորումի նախաձեռնությունը պատկանում էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիայի ԱԳ նախկին նախարար Գեորգի Պիրինսկու Համերաշխության հասարակության հիմնադրամին, Բուլղարիայի ԱԳ նախկին փոխնախարար Լյուբոմիր Քյուչուքովի Տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտին և գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամին:

Ս. Սաֆարյանը ելույթներ ունեցավ ֆորումի բոլոր երեք նիստերում ու եզրափակիչ նիստում՝ խոսելով Արևելյան գործընկերության տարածքում ստեղծված իրավիճակի, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև նոր Սառը պատերազմի հեռանկարների ու մարտահրավերների, էներգետիկ և անվտանգության խնդիրների մասին: Ֆորումն առանձնացավ վարվող քաղաքականությունների անաչառ քննադատությամբ ու կատարված բազմակողմ սխալների վերլուծությամբ:

Այդ համատեքստում Սաֆարյանը հանգամանորեն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ու եվրաասոցացման համաձայնագրի ստորագրման վիժեցման գործընթացը՝ նշելով թույլ տրված սխալները:

Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումներից, նորանկախ փոքր պետությունների ազգային և անվտանգության շահերը շանտաժի ենթարկելուց զատ նա խոսեց նաև Թուրքիայի կողմից Հայաստանին պատժելու ու սահմանը փակ պահելու քաղաքականության հետևանքների մասին, որոնք բացասաբար են ազդում տարածաշրջանի վրա ու ավելի խորացնում նրա եվրասիականացումը:

Խոսելով էներգետիկ ծրագրերի մասին՝ Սաֆարյանը հանրագումարեց, որ Հայաստանը միշտ տուժել է դրանցից՝ կամ դուրս մնալով այդ ծրագրերից, կամ ստիպված է եղել Ռուսաստանի հանգույն դիրքավորվել դրանց հանդեպ, կամ էլ Արևմուտքը չի օգնել նրան կյանքի կոչելու այնպիսիք (օրինակ, Հայաստան-Իրան տարանցիկ գազամուղը), որոնք ժամանակին կդիվերսիֆիկացնեին Հայաստանի էներգետիկ ոլորտը: Այս տեսանկյունից Սաֆարյանը կարևորեց Արևմուտք-Իրան բանակցությունները, որոնք կարող են հերթական հնարավորությունը բացել Ռուսաստանից՝ Հայաստանի ու տարածաշրջանի կախվածությունը նվազեցնելու առումով: Անվտանգության խնդիրների մասին խոսելիս Սաֆարյանն անդրադարձավ Ադրբեջանի աճող միլիտարիստական ու ավտորիտար դրսևորումներին և կարևորեց Արևմուտքի ջանքերը՝ թույլ չտալու համար տարածաշրջանի ապակայունացումը, որը իսպառ կասկածի տակ կդնի նրա եվրոպականացման հեռանկարն ու ինտեգրացիոն նախագծերն ընդհանրապես:

Ֆորումի շրջանակներում Սաֆարյանն առանձնազրույցներ է ունեցել Բուլղարիայի նախկին արտգործնախարարներ Քրիստիան Վիգենինի և Գեորգի Պիրինսկու, Եվրոպական խորհրդարանի սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության նախկին ղեկավար Հանես Սվաբոդայի, Արևելք-Արևմուտք համաձայնության եվրոպական գրասենյակի հիմնադիր Ջիլբերտ Դոկտորոուի և ֆորումի այլ մասնակիցների հետ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս