Հանձնաժողովը սկսել է ՀՀ Սահմանադրության առաջին բաժինների նախագծի մշակման աշխատանքները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց հետո Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ձեռնամուխ է եղել Սահմանադրության առաջին բաժինների նախագծի մշակման աշխատանքներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ասաց, որ այդ բաժնում օրգանական կապի մեջ ներառվում էին գործող Սահմանադրության առաջին և երկրորդ գլուխները, որոնց վերաբերյալ տարված աշխատանքների արդյունքում դրանք ներկայացվել են երեք գլխով: Դրանցից առաջինն անվանվում է «Սահմանադրական կարգի հիմունքները», երկրորդը՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», երրորդը՝ «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները»:
Գագիկ Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովում կատարվել է աշխատանքի բաժանում տարբեր բաժինների նախապատրաստման վերաբերյալ: Նրա խոսքով՝ համապատասխան պատասխանատուները դրանց վերաբերյալ նախագծի տարբերակը մշակում են, տրամադրում հանձնաժողովի անդամներին, այնուհետև հանձնաժողովն ընդհանուր քննարկում է կազմակերպում, արտահայտում իր նկատառումները, հավանություն տալիս կամ վերջնական դիրքորոշում արտահայտում: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ բացի առաջին երեք բաժիններից՝ հանձնաժողովը մյուս բաժինների վերաբերյալ քննարկում չի կազմակերպել, և հանձնաժողովի որոշակի կարծիք չկա այդ բաժինների հետ կապված:
«Ինձ համար անհատապես երևի թե ամենապատասխանատու և ամենալուրջ բաժինները հենց այս բաժիններն են, որովհետև հայեցակարգում էլ մենք խնդիր էինք դրել, և ես էլ իմ ելույթների ժամանակ բազմիցս շեշտել եմ, որ գերագույն խնդիրն իրավունքի գերակայության երաշխավորումն է և մարդակենտրոն սահմանադրական մոդելի ձևավորումը: Այդ խնդիրների լուծումը գերազանցապես պայմանավորված է այս բաժինների լուծումներով, և չափազանց կարևոր խնդիր էր առաջադրվել՝ գտնել այնպիսի լուծումներ, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները լինեն երաշխավորված, ապահովված և ունենան պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ մասնավորապես հստակեցնելով դատական պաշտպանության ընթացակարգերը և կառուցակարգերը և որոշակիացնել սահմանափակումների վերաբերյալ բոլոր հիմնախնդիրները՝ թույլ չտալով հայեցողության մեծ հնարավորություն, որպեսզի այս սահմանափակումները ոչ միայն լինեն օրենքով, լինեն համաչափ, անխախտելի իրավունքի էության տեսանկյունից, այլ նաև այնպիսիք, որոնք հստակ լինեն, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան լինեն և հնարավորություն տան այս իրավունքների առումով դատական պաշտպանությունն իրականացնել երաշխավորված, և գլխավորը՝ արդյունքում մենք կարողանանք ապահովել հիմնական իրավունքների անմիջական գործողությունը: Դրա համար անհրաժեշտ է իսկապես շատ մանրակրկիտ աշխատանք և այդ աշխատանքի արդյունքում, ինչպես նշեցի, մշակվեցին առաջին երեք գլուխները, արդեն պաշտոնապես ներկայացվեցին Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը»,- ասաց Գագիկ Հարությունյանը: