«Դատախազը նոր օրենսգրքով դառնում է գրասենյակային կլերկ». Գագիկ Ջհանգիրյան
«Մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք «Քննչական կոմիտեի մասին» օրենքը և, ըստ էության, լուծեցինք մի կարևոր խնդիր՝ քննիչին ազատելով օպերատիվ հետախուզական մարմնի ազդեցությունից: Այդ օրենքն ընդունելիս մի մտավախություն ունեի՝ քննչական ծառայութանը կտրում են օպերատիվ հեախուզական մարմնի գործուն աջակցությունը ստանալուց: Ձեր հաղորդման մեջ նման ակնարկներ կան: Արդյո՞ք կարծում եք, որ քննչական ծառայության առանձնացումը թուլացրել է կամ նկատվում է օպերատիվ հետախուզության մարմնի աջակցության թերացումը: Դա ինչպե՞ս է ազդել նախաքննության և հանցագործությունների բացահայտման վրա»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին նման հարցադրում ուղղեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ըստ նրա՝ հանցագործությունները նվազել են, բայց միևնույն ժամանակ աճել են ծանր ու առավել ծանր հանցագործությունները, վատացել է ծանրի ու միջինի բացահայտման տոկոսը:
Համաձայնություն հայտնելով Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում դատախազի նոր կոնցեպտի հետ՝ Գ.Ջհանգիրյանը հայտարարեց, որ դրանով դատախազական հսկողությունը դարձվում է միայն պոստֆակտում իրականասվող գործողություն:
Գ.Կոստանյանը պատասխանեց, թե նախաքննությունը հսկողությունից պետք առանձնացված լինեն ամբողջությամբ. «Դա, իհարկե, նվազման պատճառներից մեկն է հանդիսանում: Նախկինում, երբ առանձնացված չէր, այդ աշխատանքը կատարվում էր սովորույթի վրա, բայց հիմա փաստաթղթային շրջանառության պատճառով աճել է ժամկետը: Թեև պրոցեսը դարձել է ոչ արդյունավետ, այնուամենայնիվ արդյունքի վրա չի ազդել: Ես կարծում եմ, որ պետք է բերենք նրան, որ առնվազն փաստաթղթաշրջանառությունը կարգավորվի, որ ժամանակի կորուտ չլինի»:
Գ.Կոստանյանը նշեց, որ ՀԲ-ի հետ համաձայնություն կա, գումար են տրամադրում, ստեղծում են քր. գործի էլեկտրոնային փոխանցման եղանակ, որով նաև դատախազական հսկողության եղանակը կկարգավորվի: Ըստ նրա՝ տարանջատումը կոնցեպտուալ առումով ճիշտ է:
«Դատախազական գործառությունները քննության արդյունավետությունն ապահովելու համար բավարար չեն: Այսօրվա օրենսդրությամբ ոչ ամբողջությամբ, բայց պոստ ֆակտում հսկողության դեպքում բացառիկ լիազորություններ կան, որ դատախազը կարող է ներազդել: Քննության տերը պետք է լինի քննիչը: Դատախազը պետք է արդյունքներով որոշի՝ գնա՞լ դատարան, թե՞ ոչ: Սա կլասիկ մոդել է»,- ասաց Գ.Կոստանյանը:
«Հսկողությունը չենք կարող դարձնել պոստ ֆակտում գործողություն: Դատախազը նոր օրենսգրքով դառնում է գրասենյակային կլերկ, ոչ թե իրական հսկողություն իրականացնող պաշտոնյա»,- հակադարձեց Գ.Ջհանգիրյանը: