Կադիրովը կշտամբել է Օբամային՝ Հաղթանակի զորահանդեսին ներկա չգտնվելու համար
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել մոռանալ վիրավորանքների մասին և վեր կանգնել խնդիրներից: Կադիրովի կոչը երեկ հրապարակվել է Instagram-ի նրա էջում:
Կադիրովը կշտամբել է Օբամային՝ Մոսկվայում անցկացված Հաղթանակի զորահանդեսին ներկա չգտնվելու համար: Կադիրովի կարծիքով՝ Օբաման պարզապես պարտավոր էր հարգել տասնյակ-միլիոնավոր զոհված ռուս զինվորների ու սպաների հիշատակը.
«Դրա փոխարեն՝ դուք հասկացրիք, որ պատրաստ չեք միասնական ճակատով հանդես գալ նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի դեմ: Աշխարհի ժողովուրդները վստահ են, որ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Աֆղանստանում, Եմենում զինված հակամարտությունները սանձազերծվել են ձեր մեղքով»:
Կադիրովը Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել հույսեր չկապել պատժամիջոցների միջոցով Ռուսաստանը հլու, կիսագաղութային երկրի վերածելու հետ: