«Խոպանչիների մասին» օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց եկամտահարկի ու շահութահարկի մասին աղմկահարույց օրինագծերի փոփոխությունները: Նա նշեց, որ հարցը վերաբերում է հիմնականում շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ ՌԴ արտահանող կազմակերպություններին:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ օրինագծերը չեն վերաբերվում անհատներին, որոնք մեկնում են աշխատելու. «Ժողովրդական բառով ասած՝ խոպանի մեկնող մեր հայրենակիցների վրա այս օրենքը չի գործում: Տարբեր մեկնաբանություներ եղան, մեկ անգամ էլ արձանագրում ենք, որ արտագնա աշխատանքի մեկնողներին չի վերաբերվում»:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ օրենքի այս կարգով բերելը խիստ բացասական է անդրադարձել այն մարդկանց վրա, ովքեր ներկայումս աշխատում են դրսում: Նա նշեց, որ իր մտահոգությունը արտագաղթն է. «Ոչ մեկն այս մեխանիզմի դեմ չի խոսում: ՀՀ-ում գրանցվում են իրավաբանական կազմակերպություններ, որոնք կոչված են աշխատուժ այլ երկրներ տեղափոխելու՝ բոլոր խնդիրները լուծելով: Սա լրացուցիչ մեխանիզմ է, որը գումարվում է այն մեխանիզմներին, որ արդեն գործում են, այսինքն՝ հավաքում էին գյուղերով մարդկանց, որ ՌԴ-ում աշխատեն:
Բացի դա՝ անհատ ինստիտուտը կար, որ մարդիկ իրենք իրենց ծանոթ-բարեկամով աշխատանք են գտնում: Սրանց գումարվոմ է մի քիչ ավելի լավ պայմաններով այս տարբերակը: Ու ՀՀ գործազուրկները, որ չէին գնում մյուս տարբերակներով, այս մեխանիզմով կգնան, ֆայլաբազարի կոնտինգենտը գնալու է այս մեխանիզմի դեպքում, որովհետև դու իրենց տալիս ես երշխիքներ, որ չունեն մյուս դեպքերում: Նման կերպ աշխատում էր Соотечественники ծրագիրը:
Բայց սա ավելի էժան տարբերակ է Ռուսաստանի համար, որովհետև Соотечественники ծրագրի դեպքում նրանք ապահովում են բնակարանով, ապահովագրությամբ և այլն: Այս դեպքում՝ ոչ: Սկզբում ես մտածում էի, թե ռուսները կդժգոհեն, որ հարկային մասը տեղափոխվում է Հայաստան: Բայց սա իրենց համար շատ շահեկան է, երկու խնդիր են լուծում՝ դեմոգրաֆիկ և աշխատուժի պակասի խնդիր: Ռուսները դեմ չեն, որ այս օրենքը մեզ մոտ աշխատի: Արդյունքում՝ 5% թե 10%, բայց նպաստելու է արտագաղթին: Իսկ դա Հայաստան համար թիվ է: Գնացողների մի մասը մնում է ՌԴ-ում: Սա նպաստելու է մեր արտագաղթին»:
Օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 68 կողմ, 14 դեմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, ՀԱԿ-ը՝ դեմ: