Եթե սահմանին գազի գինն իջնում է, ապա ներքին սպառողի համար գազի սակագինը կրկին պետք է նվազեցվի. Արամ Մանուկյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը լիովին բնական է համարում սահմանին գազի գնի նվազումը, որի մասին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, քանի որ ամբողջ աշխարհում է գազն էժանանում: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա օրինակ բերեց Ուկրաինան, որի համար նախորդ տարվա համեմատ գազի 1000 խմ գազն էժանացել է 100 դոլարով:
Ա.Միլլերը, հիշեցնենք, հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գինը ներկայիս 1000 խմ դիմաց 189 դոլարի փոխարեն սահմանել 165 դոլար:
Ա.Մանուկյանի խոսքով՝ ԱԺ գազային հանձնաժողովի խնդիրը ոչ թե գազի գինն էր սահմանին, այլ սակագինը սպառողների համար և, ըստ նրա, միանշանակ է, որ առնվազն 25%-ով հնարավոր էր իջեցնել: Առավել ևս, նշեց Մանուկյանը, եթե սահմանին գազի գինն իջնում է, ապա ներքին սպառողի համար գազի սակագինը կրկին պետք է նվազեցվի. «Եթե ռուսները դա անում են, շատ լավ, շնորհակալություն, որ մեզ սահմանի վրա այսուհետ կտան էժան գնով, բայց մեր խնդիրն ու կռիվը միայն ու միայն եղել է սահմանից այս կողմի վերաբերյալ՝ ինչպե՞ս 189 դոլարը դարձավ 390 դոլար: Ես հիմնավորել եմ 100 անգամ, որ գազի գինը սպառողի համար էժանացնելու տեղ կա»: Նրա խոսքով՝ սահմանին գազի գնի նվազման հետևանքով առնվազն նույն հարաբերակցությամբ նվազում է ավելացված արժեքի հարկը և գոնե այդ մասով սպառողի համար բեռը պետք է նվազի: Պատգամավորի կարծիքով՝ փոխարժեքը գնի մեջ մեծ դեր չի խաղում:
Ա.Մանուկյանը նաև կարևորեց, որ հայ սպառողին պահելու համար ընկերությունն ինքը պետք է շահագրգիռ լինի գինն իջեցնելու. «Եթե աղքատին էժան գնով գազ չես տալիս, ինքը քեզանից հրաժարվում է, գնում է փայտ է վառում, աթար է վառում: Ուզում ես համակարգը պահել և շահույթ ստանալ, համակարգդ պահողին պահիր: Հայաստանում տարեկան 15-17 հազար ընտանիք հրաժարվում է գազ սպառելուց»: