Ռուսաստանը Դոնբասում խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկի առանց ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի մասնակցության. Լավրով
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ լսելու Դոնբասում օտար խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին Ուկրաինայի առաջարկը, սակայն այդ հարցը չի քննարկելու առանց ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ներկայացուցիչների մասնակցության:
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է «նորմանդական քառյակի» ձևաչափով կամ այլ մակարդակով հանդիպման ժամանակ լսել խաղաղապահ գործողության հնարավորության մասին Ուկրաինայի առաջարկը, սակայն հարցն առանց Դոնեցկի ու Լուգանսկի մասնակցության քննարկելն անիմաստ է:
Լավրովի խոսքերով՝ մինսկյան համաձայնագրերի մի մասը դեռևս չի կատարվել՝ թեև հրադադարի ու ծանր սպառազինությունը հետ քաշելու հարցերում նկատվում է առաջընթաց: Լավրովը հավելել է, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը զեկուցել է, որ ամեն ինչ չէ, որ մինսկյան համաձայնագրերին համապատասխան՝ կատարել են կողմերը: