Օբաման Իրանի հետ համաձայնագիրը որակել է որպես լավ գործարք

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի ու «Վեցնյակի» միջև երեկ ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը որակել է որպես լավ գործարք.

«Այսօր ԱՄՆ-ն իր դաշնակիցների ու գործընկերների հետ պատմական համաձայնության են եկել Իրանի հետ, որն ամբողջ ծավալով պահպանվելու դեպքում նրան հնարավորություն չի տա ունենալ միջուկային զենք:

Ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը թույլ կտա մշակել համապարփակ համաձայնագիր, որն աշխարհը կդարձնի առավել անվտանգ»:

Օբամայի խոսքերով` Թեհրանն իր միջուկային ծրագրի հարցում կբախվի կոշտ սահմանափակումների, ընդ որում` նրան սպասում են աննախադեպ մասշտաբի միջազգային ստուգումներ:

Օբաման զգոշացրել է, որ Իրանի կողմից պայմանավորվածությունը խախտելու դեպքում նրա դեմ վերստին կարող են սահմանվել պատժամիջոցներ. «Եթե մենք նկատենք կասկածելի որևէ բան, ապա կստուգենք դա»:

Օբաման ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, որոնց համար պատճառ են հանդիսացել ահաբեկչությանն աջակցելն ու մարդու իրավունքների խախտումները, կշարունակեն մնալ ուժի մեջ:

Օբաման հավելել է, որ մտադիր է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը քննարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ով շարունակ դատապարտում էր այդ գործարքը, ինչպես նաև Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատների առաջնորդների հետ:

Տեսանյութեր

Լրահոս