Հայաստանում մեկնարկում է «Ուղեղի ճանաչման շաբաթ 2015» միջազգային արշավ
Մարտի 16-ից մեկնարկում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի և ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության համատեղ «Ուղեղի ճանաչման շաբաթ 2015» միջազգային արշավի շրջանակներում իրականացվող «Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջ» հանրային արշավը, որը կտևի մինչև մարտի 22-ը:
Արշավի ընթացքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են բարձրացնելու հանրության իրազեկման մակարդակը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (Ալցհեյմեր, Պարկինսոն և այլն) վերաբերյալ:
Մարտի 16-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում տեղի կունենա ստենդային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ստենդները ներկայացնում են գիտահանրամատչելի տեղեկատվություն հայտնի մարդկանց՝ դերասանների, քաղաքական գործիչների, մարզիկների, երգիչների և նրանց նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ: Նախատեսված է ստենդային ցուցադրություն կազմակերպել նաև այլ բուհերում: Ստենդների էլեկտրոնային տարբերակները ցուցադրվելու են նաև սոցիալական կայքերի միջոցով:
«Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջ» հանրային արշավի շրջանակներում նախատեսված է նաև իրականացնել ֆիլմերի դիտումներ, քննարկումներ և զեկուցումներ տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ ԵԿԱ հ/կ գրասենյակում (ք. Երևան, Չարենցի փ. 40, բն. 45): Կազմակերպվելու են ամենօրյա մրցույթներ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա հ/կ-ի ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ԵԿԱ կամավորներն ուսանողների շրջանում տարածելու են տեղեկատվական պաստառներ և կրթական նյութեր:
Արշավի միջոցառումների մանրամասն ծրագրին ծանոթանալու համար այցելեք ԵԿԱ հ/կ պաշտոնական վեբ կայք՝ www.yba.am
Այս տարի «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավը նշում է իր ստեղծման 20-րդ տարեդարձը: Այս միջազգային արշավի շրջանակներում բազմաթիվ երկրներում իրականացվում են նեյրոդեգեներատիվ հիվանդություններին նվիրված տարաբնույթ միջոցառումներ:
Արշավն իրականացվում է Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի (FENS) և «Դանա» հիմնադրամի աջակցությամբ: