ԵՄ-ը պետք է ավելի անհատական մոտեցում ցուցաբերի իր արևելյան հարևանների հանդեպ. Ռինկևիչ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմը կարող է դիտարկվել ու երկարաձգվել մարտի վերջին կայանալիք ԵՄ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Այս մասին ԵՄ-ի անդամ 28 երկրի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը:
Նա մանրամասնել է, որ Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցները կարող են խստացվել այն դեպքում, եթե անջատողականները նոր խոշոր հարձակում սկսեն Ուկրաինայի արևելքում: Ռինկևիչը հավելել է, որ ԵՄ-ի ներկայացուցիչները մշտապես պատժամիջոցների հարցը շաղկապել են մինսկյան համաձայնագրերի իրագործման հետ:
Անդրադառնալով մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին` Ռինկևիչը հայտարարել է, որ դրա ժամանակ պետք է տրվի քաղաքական հստակ ազդանշան, որը կհաստատի իր եվրոպական հարևաններին աջակցելու ԵՄ-ի ձգտումը:
Ռինկևիչը հիշեցրել է, որ գագաթաժողովի անցկացմանը մնացել է 2.5 ամիս, և որ ԵՄ-ը պետք է ավելի անհատական մոտեցում ցուցաբերի ինչպես իր արևելյան հարևանների հանդեպ, այնպես էլ իրենից հարավ ընկած երկրների հանդեպ` աջակցելով նրանց կողմից բարեփոխումների անցկացմանը: